Բաժիններ՝

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ԱԷԿ-­ի դիֆերենցիալ պաշտպանությունը

Բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21­-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ­-ի 110 կՎ­ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։

Նա հայտնեց, որ ժամը 16.05­-ին բլոկ­գեներատոր­տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Տ­3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է: Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ՝ իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Վարչապետի խորհրդականի խոսքով՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-­ի 3-­րդ էներգաբլոկը: Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից:

Ըստ նրա՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և 18:20-­ին Բջնիի գծով էլեկտրահաղորդումը վերականգնվել է: Իրավիճակի զարգացումների մասին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 30 րոպե պարբերականությամբ զեկուցել է վարչապետին:

«Նման խաթարումները պայմանավորված են երկարատև սառնամանիքների հետևանքով առաջացած սառույցի կուտակումներով: Վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով»,­- նշել է ՀՀ վարչապետի խորհրդականը և հավելել, որ այս պահի դրությամբ Հայկական ԱԷԿ­ն աշխատում է լրիվ բեռնավորվածությամբ:

Համակարգի էներգամատակարարումն իրականացվում է ամբողջ ծավալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս