Բաժիններ՝

ԱՄՆ-ում դեպի Մարս թռիչքը նմանակող տևական գիտափորձ է սկսվել

Հավայան կղզիներում դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման նոր գիտափորձ է  սկսվել: Ինչպես հայտնել են դրա կազմակերպիչները, ութ ամսվա ընթացքում հինգ կամավորներ ԱՄՆ-ից եւ մեկը Մեծ Բրիտանիայից կապրեն գործնականում լիակատար մեկուսացման մեջ՝ Մաունա Լոա քնած հրաբխի լանջին հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Կարմիր մոլորակի բնանկար է հիշեցնում։

Սա նման կարգի թվով արդեն հինգերորդ գիտափորձն է տվյալ օբյեկտում, որը կազմակերպել է Հավայիի նահանգի համալսարանը եւ ֆինանսավորում է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):

Ներկայիս նախագծին մասնակցելու համար 700 հավակնորդներից ընտրված գիտնականների խմբի մեջ են մտել չորս տղամարդ եւ երկու կին: NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի մասնագետները հուսով են, որ գիտափորձը կօգնի նախախապատրաստելու դեպի Կարմիր մոլորակ մարդու առաջին թռիչքը, որն ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը հույս ունի իրականացնել 2030-ական թվականներին:
Փորձագետները պլանավորում են ուսումնասիրել մի շարք բժշկական եւ հոգեբանական խնդիրներ, որոնք կարող են ծագել տիեզերանավի անձնակազմի համար:

Համալիրի սահմաններից դուրս մարդկանց հետ ֆիզիկական շփումներ չեն լինի: Նրանք կսնվեն բացառապես «տիեզերական»՝ սառեցված, սուբլիմացված եւ պահածոյացված կերակրով:

Գիտափորձի մասնակիցների եւ նրանց ղեկավարների միջեւ ռադիոկապը կիրականացվի 20-րոպեանոց հապաղումով. հենց այդքան ժամանակ է պահանջվում Երկրի եւ Մարսի միջեւ ազդանշանի անցնելու համար:

Առաջին նման գիտափորձը Հավայիներում կայացել է 2013 թվականին: Առաջին երկու խմբերն այնտեղ ապրել են չորսական ամիս, երրորդը՝ դիմացել Է կրկնակի ավելի, չորրորդը՝ մի ամբողջ տարի:

Դեպի Կարմիր մոլորակ թռիչքի նմանակման նման բոլոր գիտափորձերից ամենաերկարատեւը համարվում է «Մարս-500»-ը, որն անցկացվել է 2010 – 2011 թվականներին Ռուսաստանում: Վեց կամավորներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Չինաստանից լիակատար մեկուսացման մեջ են եղել 520 օր. այդքան կտեւի ենթադրյալ թռիչքը Մարս եւ դեպի հետ:

Ծրագիրն իրականացրել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտը՝ Եվրոպայի տիեզերական գործակալության մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս