«Եթե Ռուսաստանը թույլ չտա, որևէ վտանգ Ղարաբաղի հարցում չի լինի». Թուրքագետ

«Ռուս-թուրքական հարաբերություններում դոմինանտը Ռուսաստանն է. նրանից է կախված՝ հարաբերությունների խորացումը Հայաստանի և Արցախի համար վտանգ կպարունակի՞, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը թույլ չտա, որևէ վտանգ Ղարաբաղի հարցում չի լինի. «Այսինքն՝ Ռուսաստանը պետք է զիջի, որ թուրքերը կարողանան իրենց նպատակին հասնել։ Այստեղ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, ինչպես նաև՝ մեր երկրի նախագահից։ Որպեսզի ՀՀ նախագահը Մոսկվա ուժեղ դիրքով ներկայանա, պետք է վայելի ժողովրդի վստահությունը, ունենա ժողովրդականություն։ Գիտենք, որ նա ժողովրդի վստահությունը չի վայելում, ժողովրդականությունն էլ զրո է»։

Անդրադառնալով Թուրքիայում հայազգի պատգամավոր Կարո Փալյանի վերջին ելույթին, որտեղ նա կրկին խոսում է Հայոց ցեղասպանության մասին, թուրքագետն ասաց, որ չի կարծում, որ դրա համար նրան հեռացնեն Մեջլիսից. «Եթե ձերբակալելու խնդիր լիներ, արդեն կձերբակալեին։ Հիմնականում ձերբակալել են այն պատգամավորներին, ովքեր քրդաբնակ շրջաններում մեծ հեղինակություն են, այսինքն՝ բնակչությանը կարող են առաջնորդել, քանի որ Կարո Փալյանը քուրդ չէ, տրամաբանական է, որ նա ուղղորդելու առումով այնքան մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Փալյանին, չեմ կարծում՝ ձերբակալեն, որովհետև հիմա մի քիչ շատ կլինի՝ քուրդ պատգամավորներից հետո նրան ձերբակալեն, որովհետև Փալյանը հայ է, համարվում է ազգային փոքրամասնություն, Եվրոխորհրդարանում ավելորդ խնդիրներ կծագեն»։

Լրագրողներից մեկի հարցին, թե Թուրքիայում Սահմանադրական փոփոխություններով նախատեսվելիք փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի վերաբերյալ վտանգավոր դրույթներ կա՞ն, թուրքագետն այսպես պատասխանեց. «Ընդհանուր Թուրքիայի համար վտանգ կա։ Էրդողանը հիմա միանձնյա իշխում է, վերահսկում է գործադիր իշխանություններին, խորհրդարանին, դատական համակարգին, հիմա այդ վերահսկողությունը պետք է օրինականացնի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս