«Չեմ պատկերացնում, որ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը որևէ այլընտրանքային կոնցեպտ բերի». Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր կազմակերպված «Ներքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ առանձնացրեց այն երեք խնդիրները, որոնք ներքաղաքական ուժերին ստիպում են բանակցություններով, ցուցակների ճշտումով զբաղվել, տանել քննարկումներ.
«Առաջինն այն է, որ ոչ մի ուժի չի հաջողվել քաղաքական այնպիսի կապիտալ ստեղծել, որը համոզիչ կդարձներ նրանց խոսքը, ուղերձն ընտրությունների ժամանակ: Երկրորդ գործոնը ռեսուրսներն են: Մի կողմ եմ թողնում այն, թե որ կուսակցությունն ինչպես է զբաղվել կուսակցաշինությամբ և ինչպիսի հնարավորություններ ունի այդ առումով, բայց խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը կուսակցություններին ստիպում է մտնել քննարկումների մեջ, որովհետև միայնակ դժվար թե կարողանան լուծել այդ խնդիրը»:
Իսկ երրորդ խնդրի մասին խոսելով՝ քաղաքագետն ասաց, թե չի կարծում, որ կուսակցությունները նոր են ծանոթանում միմյանց ծրագրային դրույթներին, պարզապես ցուցակներում տեղերի ճշգրտման խնդիր ունեն: Ս. Սաֆարյանի խոսքով՝ հենց այս երեք խնդիրների պատճառով էլ ներքաղաքական կյանքում մեծ բան տեղի չի ունենում՝ բացի այն, թե ով ում հետ է բանակցություններ վարում:
«Նախորդ տարվա իրադարձությունները, երևի թե, լավագույն նվերը կարող էին լինել ցանկացած երկրի ընդդիմության, երբ ապրիլյան պատերազմից սկսած՝ վերջացրած «Սասնա ծռերի» իրականացրած գործողությամբ, ուղղակի մերկացնում են այն կառավարման համակարգը, որը Հայաստանում ստեղծվել է 25 տարիների ընթացքում: Եվ այս պահին դեռևս տեսանելի չէ այլընտրանքային օրակարգը, որն իսկապես լուրջ քննարկումների առարկա կարող էր դառնալ»,- ասաց նա:
Ըստ Ս. Սաֆարյանի՝ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնության համար հանրային քաղաքականություն կոչվածը, որով զբաղվում են ժողովրդավարական երկրների կայացած քաղաքական ուժերը, խորթ է:
Նա հիշեց այն ժամանակահատվածը, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր էր, և ասաց, որ իրենց այն ժամանակ համեմատում էին իրավապաշտպան կազմակերպության հետ.
«Հայաստանում քաղաքականության ընկալումները զուտ ինտրիգների, քաղաքական ուժերի միջև «բազարների» ձևով են: Ցավով պետք է ասեմ՝ չեմ հիշում, որ «Ժառանգությունից» հետո քաղաքական ուժերն առաջնորդեն հասարակական հզոր շարժում: «Էլեկտրիկ-Երևանը» դրա վառ ապացույցն էր, երբ քաղաքական ուժերն ուղղակի տարրալուծված էին զանգվածի մեջ»:
Քաղաքագետն ընդգծեց՝ քաղաքական դաշտից շատերն ազատ չեն խոստովանելու 25 տարվա վարած քաղաքականության սխալները, որովհետև տարբեր ժամանակահատվածում իրենք մաս են կազմել այդ քաղաքականության.
«Առանձնապես պոտենցիալ էլ չունեն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես գալ նման դեմքով: Օրինակ՝ չեմ պատկերացնում, որ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը որևէ այլընտրանքային կոնցեպտ բերի, որովհետև Վարդան Օսկանյանը չի կարող հակադրվել մադրիդյան սկզբունքներին, կամ, որ այդ թիմի անդամներից որևէ մեկը դեմ չի արտահայտվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, հիմա հանդես գան այդ պլատֆորմով: Նույնը՝ ԲՀԿ-ն:
Թերևս, մի բևեռ կա, որն ունի պոտենցիալ, բայց դեռ այն չեմ տեսնում. խոսքը «ԵԼՔ»-ի մասին է, որը կարող է ուղղակի դնել Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունների արմատական վերափոխման խնդիր»: