Բաժիններ՝

«Ամանորը պատասխանատու ժամանակաշրջան է մարդկանց կյանքում». հոգեբան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները, Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի և Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանի հետ միասին, փորձում էին հասկանալ՝ ի՞նչ էինք ակնկալում, ի՞նչ ստացանք և ինչպե՞ս շարունակել տարին:

Ասուլիսը մեկնարկեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանի առաջարկով և նրա հնչեցրած Տերունական աղոթքով, որից հետո Տեր Հայրն անդրադարձավ ասուլիսի թեմային. «Ամանորին բոլորս էլ բարեմաղթանքներ ենք ուղղում միմյանց, և միանշանակ բարի կամեցողությունը լավ բան է, և որպեսզի դրանք իրականություն դառնան, պետք է ապավինել Աստծուն, ով ամենակարող և ամենազորեղն է, ով նաև բարի պտուղներ է բերում բոլորիս կյանքում: Պատահական չէ, որ հունվարի 1-ին եկեղեցին Սուրբ Պատարագ է մատուցում՝ հայցելով Տիրոջից օրհնություն ամբողջ տարվա համար: Յուրաքանչյուր տարին, իհարկե, ունենում է իր առանձնահատկությունները՝ հաջողություններն ու բացթողումները, անկումներն ու ձեռքբերումները, առանց նման երևույթի, ինչպես նեղությունն է, որ մարդուն պատահում են, ընդհանրապես երկրային կյանքը պատկերացնել անհնարին է, որովհետև այս կյանքն իր բնույթով փորձության մի շրջան է յուրաքանչյուրիս համար, որն առանց դժվարությունների անհնարին է, իսկ դրանք հաղթահարելով՝ մենք ավելի ենք մոտենում Աստծուն և նմանվում Քրիստոսին»:

«Դժվարությունների հաղթահարման բանալին սիրո պատվիրանն է»,- համոզված ասում է Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, իսկ թեմայի առնչությամբ ասուլիսի մյուս բանախոս Սոնա Հարությունյանն առավել աշխարհիկ մեկնաբանություն ունի.

«Ամանորը սովորաբար ասոցիացվում է սպասելիքների, նորի հետ, և շատ հաճախ հենց այդ սպասելիքների չարդարացումը կարող է պատճառ դառնալ հետտոնական սթրեսների համար: Պետք է հիշել, որ դրական փոփոխությունների ակնկալիքը մեզ պետք է ուղեկցի ողջ տարվա ընթացքում: Ամանորը պատասխանատու ժամանակաշրջան է մարդկանց կյանքում, քանի որ այն հնարավորություն է տալիս ամփոփել անցնող տարին և դիմավորել նորը: Դրական հուզական վիճակի առկայությունն արդեն իսկ տալիս է դրական տրամադրվածություն դեպի նոր տարի»:

Կարդացեք նաև

Թե ինչպե՞ս կարելի է ձերբազատվել Ամանորին ճոխ սեղաններ ունենալու ձգտումից, հոգևորականը նկատում է.

«Այս երևույթը, ցավոք սրտի, մեր առօրյա կյանք մտավ Խորհրդային Միության տարիներին, կարծես հակադրող մի ուժ՝ Սուրբ Ծննդյան տոնին, իսկ մինչ խորհրդային կարգերի հաստատումն այդպես չէր: Պետք է փորձենք վերադառնալ նախկին վիճակին, որը, իհարկե, դժվարհաղթահարելի պետք է լինի, որովհետև գործ ունենք սովորույթի ուժի հետ, բայց կամքի ուժ ցուցաբերելով՝ մենք կարող ենք իրավիճակն այլ ուղղությամբ տանել: Կարելի է ամանորյա սեղան բացելիս՝ հատուկ տեղ ու նշանակություն տալ նաև պահքի կերակուրներին և առաջարկել այն մարդկանց, ովքեր պահքի մեջ են»:

«Ինչպես դիմավորենք Նոր տարին, այնպես կանցնի ողջ տարին» հայտնի թեզի առնչությամբ ասուլիսի մասնակիցները՝ հոգևորականն ու հոգեբանը, հակադարձ տեսակետների կրող էին: Մանրամասները՝ տեսանյութերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս