«Բոլոր աղջիկներին խորհուրդ կտամ միշտ-միշտ շարունակել երազել». Հուրի Գեբեշյան
Կանանց մարմնամարզության հայկական դպրոցը նոր էջից սկսում է ճանապարհը դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր: Կանանց մարմնամարզության անկյունաքարը անցած տարի դրեց 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից Հուրի Գեբեշյանը: Նա Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է: Ծնվել է 1989 թվականին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գեբեշյանը կիսեց իր տպավորությունները Օլիմպիական խաղերից և պատմեց հետագա անելիքների մասին:
– Հուրի, հիմա, երբ բավականին ժամանակ է անցել Օլիմպիական խաղերից, ինչպե՞ս ես դրանք հիշում:
– 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն ինձ համար ամենահիշարժանն էին և մեծ փորձ տվող: Խաղերի մասին կհիշեմ ամբողջ կյանքիս ընթացքում: Ինձ համար մեծ պատիվ էր հանդես գալ նման բարձր մակարդակի մրցումներում և ներկայացնել մեր երկիրը: Կարծում եմ, այն իմ կյանքում լավագույն մրցությունն էր և հրաշալի հնարավորություն՝ հրաժեշտ տալու սպորտին:
– Խաղերի ժամանակ հայտարարեցիր, որ Ռիոյից հետո ավարտելու ես կարիերադ: Ի՞նչ ես անելու հիմա:
– Կշարունակեմ իմ աշխատանքը որպես բժշկի օգնական: Աշխատում եմ վիրաբուժական բաժանմունքում: Սակայն ունեմ նաև երկրորդ աշխատանք, մարզում եմ երեխաների: Միաժամանակ ամեն կերպ խրախուսում եմ կանանց մարմնամարզության զարգացումը Հայաստանում: Կցանկանայի գտնել հայկական և ամերիկյան ծագում ունեցող մարմնամարզիկների, ովքեր հանդես կգան Հայաստանի դրոշի ներքո, ինչպես արեցի ես:
– 31-րդ խաղերի ամենահիշվող մասնակիցներից մեկը նաև դու էիր: Ի՞նչ արձագանքներ ստացար մարզասերներից:
– Մեծ ուշադրության արժանացա խաղերի ընթացքում և դրանցից հետո: Ես անում էի այն, ինչ շատ եմ սիրում: Եվ, կարծում եմ, ինձ հաջողվեց ժողովրդականություն ձեռք բերել, որովհետև մարդիկ տեսան սպորտի հանդեպ իմ սերը: Ես իսկապես երջանիկ եմ, որ Խաղերի ընթացքում կարողացա ինչ-որ բան անել` մարմնամարզության մեջ նոր տարր ավելացնել «Գեբեշյան» անվանմամբ: Բայց առավել կարևորն այն էր, որ ներկայանում էի Հայաստանի դրոշի ներքո: Դա իսկապես մեծ նշանակություն ունի ինձ և իմ ընտանիքի համար: Մենք զորեղ ազգ ենք և տաղանդավոր, պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչի ենք ընդունակ:
-Ի՞նչ խորհուրդ կտաս այն մարմնամարզիկներին, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան և քեզ նման մեծ երազանքի հետևից են գնում:
-Բոլոր աղջիկներին խորհուրդ կտամ միշտ-միշտ շարունակել երազել: Երբեք չես իմանա, թե ուր կհասնես երազանքիդ հետևից գնալով: Նշանակություն չունի, թե որքան մեծ են ձեր երազանքները, դրանք կարող են իրականանալ: Եթե դուք մտքում ունեք երազանք, պլանավորում, աշխատում ես դրա իրականացման ուղղությամբ, գնում ես նրա հետևից, ապա ամեն ինչի հնարավոր է հասնել:
-Ե՞րբ կտեսնենք քեզ Հայաստանում:
– Նպատակադրվել եմ 2017 թվականի ավարտին այցելել Հայաստան, սակայն հստակ ծրագրեր դեռ չունեմ: