
Որ ոլորտներում են աշխատում Հայաստանի երիտասարդները

Զբաղված (ոչ գործազուրկ) երիտասարդների թիվը Հայաստանում 2015 թվականին կազմել է 227.2 հազար, որից 133.7 հազարը՝ տղամարդ, 93.5 հազարը՝ կին։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016» զեկույցում։
Նշենք, որ զեկույցում երիտասարդ համարվում են 15-29 տարեկան կանայք և տղամարդիկ։
2015 թվականին երիտասարդների մեծ մասը՝ 118.6 հազարը կամ 52.2%-ը, զբաղված են եղել ծառայությունների ոլորտում։ Ընդ որում, 25-29 տարեկանների շրջանում ծառայությունների ոլորտում զբաղվածների կշիռն ավելի մեծ է՝ 57.2%:
Գյուղատնտեսության ոլորտում զբաղված են 69.9 հազար հոգի կամ զբաղված երիտասարդների 30.8%-ը։
Արդյունաբերության ոլորտում ներգրավված են 24.9 հազար հոգի կամ զբաղված երիտասարդների 11%-ը։
Երիտասարդներն ամենից քիչ ներգրավված են շինարարության ոլորտում՝ 13.9 հազար հոգի կամ զբաղված երիտասարդների 6.1%-ը։