«Գարնանը նորից ջրհեղեղի վտանգ կա, քանի որ պատնեշները քանդված թողել են, չեն վերանորոգել». Արթիկի բնակիչ
2016թ. հունիս ամսին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով բնակիչները հայտնվել էին անելանելի վիճակում՝ զրկվելով տնից, մշակված այգիներից: Բնակիչներից շատերն այս ընթացքում կարողացան վերանորոգել իրենց տները, կարգի բերել այգիները, բայց ամենամեծ վնասներ կրած՝ Արթիկի Անկախության 25 հասցեում բնակվող Բիչախչյանների ընտանիքը շարունակում է վարձով ապրել:
168.am-ի հետ զրույցում Գրիգոր Բիչախչյանն ասաց, որ չեն կարողացել ավարտել տան վերանորոգումը, քանի որ ամբողջ տունը խոնավ է, ու հնարավոր չէ շարունակել աշխատանքները. «Պատերի վրա ջրի կաթիլներ են: Հոսանքն են քաշում, ամռանը կչորանա, նոր կշարունակենք շինարարությունը: Մյուսներն իրենց տներում են ապրում, միայն մենք ենք վարձով ապրում, քանի որ այդտեղ ապրել հնարավոր չէր»:
Գրիգորը նաև տեղեկացրեց, որ ջրատարը դեռևս լիովին մաքրված չէ. «Գարնանը նորից ջրհեղեղի վտանգ կա, քանի որ պատնեշները քանդված թողել են, չեն վերանորոգել»:
Մեր զրուցակցի խոսքով՝ պետության տված գումարով տան վերանորոգումը կկարողանան ավարտին հասցնել միայն այն դեպքում, եթե իրենք կատարեն ամբողջ աշխատանքը և միայն շինանյութի համար վճարեն. «Թե չէ մնացածի համար չի հերիքում»: