«Արցախի բանալիները գտնվում են Ստեփանակերտում և կոչվում են կամք ու սեփական ազատությունը պաշտպանելու պատրաստակամություն»

Մեր զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը

– Ինչպիսի՞ն է այսօր իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության շուրջ, ինչպե՞ս վերսկսել բանակցությունները, եթե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են թղթի վրա, Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Համբուրգում իրենց կոչը` հարգել այդ համաձայնությունները, կրկին ուղղում են երկու կողմին էլ` և՛ Երևանին, և՛ Բաքվին։

– Բանակցային ջիու-ջիթսուի մեջ կա 3 եղանակ` մյուս կողմին բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ Առաջինը` շահերի այնպիսի շրջանակ գծել, որպեսզի մյուս կողմը տեսնի, որ սեղանի շուրջ կարող է ստանալ ավելի լավ ու շատ, քան այն ունի այսօր։ Երկրորդը` գծել կորուստների շրջանակ, այսինքն` հակառակ կողմին հաստատապես ցույց տալ, թե ինչ կարող է կորցնել` բանակցություններից հրաժարվելու դեպքում։ Վերջապես երրորդը` որոշակի ռազմավարական հերթականությամբ առաջին և երկրորդ եղանակների համատեղումն է։ Մեր դեպքում առաջին եղանակը գործնականում անհնար է, եթե անգամ մեր որոշ քաղաքական գործիչներին թվում է, թե «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը կարող է գործել։

Ընդհակառակը, այն մեծացնում է մյուս կողմի վստահությունը, որ իր կոշտ դիրքորոշումը հաջողությամբ աշխատում է, և այն պետք է ավելի կոշտացնել, այսինքն` բանակցությունների նկատմամբ ավելացնել ռազմական այլընտրանքը, քանի որ հակառակորդի վերջնական նպատակն ընդամենը տարածքների որոշ մասը ետ բերելն ու խաղաղություն հաստատելը չէ, այլ Արցախի վերադարձն իր տիրապետության տակ։

Տարածքային զիջումների գնալու մասին խոսակցությունները, անգամ խաղաղություն հաստատելու դիմաց, և կարգավիճակի ճանաչումը մյուս կողմը դիտարկում է ոչ այլ կերպ, քան խորամանկ թուլություն։ Երրորդ տարբերակը հնարավոր է, սակայն այն ենթադրում է ոչ միայն խաղաղություն պարտադրելու գործիքների առկայություն, այլև քաղաքական կամք` այդ գործիքները կիրառելու համար, եթե մյուս կողմը հրաժարվի փաթեթից, որը հաշվի է առնում կողմերի շահերը` առանց միջնորդների միջամտության կամ նրանց պատժամիջոցների, ինչը քիչ հավանական է։ Մնում է երկրորդ ուղին, որը նշանակում է` հակառակորդի կողմից ռազմական այլընտրանքի թուլացում, կամ, որ ավելի լավ է, բացառում։

Դա շատ ոչ դյուրին ուղի է, լի բազմաթիվ ռիսկերով, որը պահանջում է բոլոր ռեսուրսների և հնարավորությունների մոբիլիզացիա, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն միակ ճիշտ ուղին է ստեղծված իրավիճակում։ Հակառակորդը կգա բանակցային սեղանի շուրջ, և` առանց դրա իմիտացիայի, այլ` խաղաղության հասնելու նպատակով, երբ նրանց գլխավոր այլընտրանքը բանակցություններին` ռազմականը, կզրոյացվի։ Իսկ քանի դեռ նրանք հույս ունեն ռազմական լուծման, սայլը տեղից չի շարժվի։

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում հայտարարել էր, որ բարդ ժամանակներ են սպասվում։ Ըստ Ձեզ` Բաքուն ե՞րբ կգնա նոր էսկալացիայի։

– Հստակ ժամկետ ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշ մեկը չի կարող ասել։ Բայց եթե պատկերացնենք մեզ Ալիևի տեղում, իսկ բանակցողը, ինչպես շախմատիստը, պետք է կարողանա դա շատ լավ անել, ապա նրա աշտարակից դրա համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները` կրիտիկական ռազմական գերազանցություն, սոցիալ-տնտեսական իրադրության լուրջ վատթարացում, որը կպահանջի հանրության ուշադրության շեղում դեպի պատերազմ, և արտաքին բարենպաստ պայմանների առկայություն։ Առաջին և վերջին պայմանները կախված են նրանից, թե ինչ և ինչպես մենք կանենք անվտանգության (նաև տնտեսության) և դիվանագիտության հարցերում։ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումն անխուսափելի է և խստորեն կախված է նավթի գների տատանումներից և դրա պաշարներից։

Հաջորդ 5-7 տարիներին պաշարները կնվազեն, ընդ որում` կտրուկ։ Այդ հաշվարկները կան Ադրբեջանի և միջազգային կորպորացիաների նավթային պայմանագրերում։ Ընդհանուր առմամբ, նախագահ Սարգսյանը ճիշտ է, երբ ասում է, որ դժվար է լինելու, և այդ դժվարություններին պետք է մոտենալ լրիվ զինված` ուղիղ և անուղղակի իմաստներով։ Միաժամանակ, ես ավելի ակտիվ և նախաձեռնողական դիրքավորման կողմնակից եմ. մենք պետք է խաղն այնպես փոխենք, որ հակառակորդը գուշակի, թե երբ իրեն կհասցվի կանխարգելիչ հարվածը։

– ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության բանալին Մոսկվայում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Չի կարելի առաջին նախագահի հետ չհամաձայնել այն առումով, որ Մոսկվան ազդեցության զգալի լծակներ ունի հակամարտության կողմերի վրա։ Սակայն Արցախի բանալիները գտնվում են Ստեփանակերտում և կոչվում են կամք ու սեփական ազատությունը պաշտպանելու պատրաստակամություն։ Թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնից մինչև Բրյուսել, Թեհրան, Անկարա կամ Թել Ավիվ մյուս արտաքին խաղացողներն ունեն իրենց շահերը։ Դրանք կարող են մասամբ համընկնել, մասամբ լինել պարզապես տարբեր, և, վերջապես, հակադրվել մեր շահերին։

Մեր դիվանագիտության և սփյուռքի ռեսուրսների խնդիրն է` ուժեղացնել համընկնող շահերը և չեզոքացնել հակադրվողները։ Դա բարդ է, մեր աշխատանքը դեռ 3 է գնահատվում, և առաջիկա տասնամյակում այն ամենը, որ ցածր կլինի 5-ից, կնշանակի` մեր ազգային պետականության կենսունակության քննությունների տապալում։ Երեքներով վերջին նստարանին նստած մնալ չի կարելի։

– Հայաստանը մտնում է ակտիվ նախընտրական փուլ, իսկ Ղարաբաղյան հարցը մշտապես կարևոր խաղաքարտ է եղել Հայաստանի ներքին քաղաքականության մեջ: Ի՞նչ զարգացումներ սպասել այս առումով։

– Արցախի խնդրի քաղաքականացման փորձերը բնական են ընտրական շրջանի համար։ Եվ դա շատ ցավալի է, քանի որ մեր ուժն առաջին հերթին` կախված է արտաքին քաղաքականության կարևոր հարցերում ազգային կոնսենսուսի հասնելու մեր կարողությունից։ Ես այդքան միամիտ չեմ, որպեսզի ենթադրեմ, որ Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները կարող են միասնական դիրքորոշում ունենալ, բայց պատերազմի և խաղաղության հարցերում նման միասնականությունը և՛ հնարավոր է, և՛ ծայրաստիճան ցանկալի։

Դրա համար անհրաժեշտ է երկխոսության քաղաքական մշակույթ, կողմերին լսելու և հանուն ընդհանուր շահի համաձայնության գալու ունակություն, իսկ որոշ ոչ այդքան կարևոր հարցերում համաձայնել կամ չհամաձայնել։ Ընտրողներին ես կարող եմ միայն ասել` մի հավատացեք այն քաղաքական ուժերին, որոնք Արցախի հարցում խոստանում են արագ և պարզ լուծումներ։ Մենք պետք է անցնենք դժվարին ուղի, բայց ես հավատում եմ մահացու սպառնալիքի առջև մոբիլիզացիայի մեր ազգային ունակությանը։ Այդպես եղել է Սարդարապատի, Շուշիի ժամանակ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նոր «Ղարսեր»։

– Երևանում Իրանի նախագահը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. ՀՀ-ի հետ հարաբերություններն ակտիվ զարգացնելու դեպքում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թեհրանը Բաքվի վրա։

– Իրանը մեզ համար շատ կարևոր գործընկեր և հարևան է բազմաթիվ ուղղություններով` առևտուր, տրանսպորտ, էներգետիկա, գեոքաղաքականություն։ Ռոուհանիի հայտարարությունը Երևանում ես կարդում եմ ոչ թե` որպես պարզ, ընդամենը հերթապահ դիվանագիտական ձևակերպում, այլ` Նեթանյահուի Բաքու այցի կոնտեքստում։ Այդ եռանկյունում իրադրությունն ուղղակիորեն ազդում է մեր շահերի վրա։ Այդ պատճառով առաջիկա տարիներին հայկական դիվանագիտությունից կպահանջվի ոսկերչական նուրբ բազմակողմ աշխատանք ցանկացած ամենաանբարենպաստ սցենարների դեպքում մեր շահերը պաշտպանելու համար, և հատկապես Իրանի դեպքում, որի վրա նորից ամպեր են կուտակվում։

– ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփն ընտրվեց նախագահի պաշտոնում, ի՞նչ զարգացումներ եք ակնկալում հայ-ամերիկյան հարաբերություններում։

– Թրամփի դեպքում մշուշը սկսեց ցրվել նրա կաբինետում նշանակումների հետ միասին։ Ու թեև արտաքին քաղաքականության հնարավոր կուրսի մտադրություններն ավելի հստակ տրանզակցիոն ուրվագիծ են ստանում, Թրամփի 100 օրվա ամենականխատեսելի բանը նրա անկանխատեսելիությունն է։ Նրա պաշտոնակալման արարողությունը դեռևս տեղի չի ունեցել, իսկ Չինաստանի հետ հարաբերություններն արդեն լարվել են։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հարաբերությունները կվատթարանան։

Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ Թրամփի բանակցային ոճի մասին։ Նրան հատուկ է` առևտուրը սկսել բարձր պահանջների դիրքերից, շոշափել մյուս կողմի «կոտրվելու» կետը, որպեսզի իրեն առավել ձեռնտու համաձայնություն ստանա` միաժամանակ «չկոտրելով» մյուս կողմին և նրան տալով որոշակիորեն շահավետ ձեռքբերում։ Արդեն հիմա այս առումով, Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու դիրքերից, կարելի է ենթադրել, որ հնարավոր է, օրինակ, նա օգտագործի Մոսկվայի հետ իր դիրքը, որպեսզի դաշնակիցներից «քամի» առավելագույնը` առևտրի և անվտանգության գնի հարցերում հնարավորինս շահավետ պայմաններ ստանալու համար։ Թրամփը տանել չի կարողանում «մակաբույծներին», իսկ նրան թվում է, թե ԱՄՆ-ը իր մեջքին տանում է դրանց սառը պատերազմի ավարտից ի վեր։

Վերլուծաբանների մեծամասնությունը համամիտ է, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ը կնվազեցնի գլոբալ լիդերի իր դերը, ավելի շատ հետամուտ կլինի տնտեսական շահին, չի ներքաշվի այլ պետություններն իր օրինակով կառուցելու թանկարժեք նախագծերում։ Այդ դիրքադրման հետ կապված են մի շարք մարտահրավերներ, երբ Թրամփի վարչակազմն ու նրա մերձավոր շրջապատը կարող են ընկրկել լոբբիստների իրավիճակային ազդեցության առջև` կարճաժամկետ շահեր ստանալու համար։ Մեզ համար նման սցենարների բացասական հետևանքներից խուսափելու համար արդեն հիմա պետք է մոբիլիզացնել սփյուռքի բոլոր ռեսուրսները, իսկ նրա վարչակազմի ու մերձավոր շրջապատի հետ աշխատելու համար այդպիսիք կան։

Թրամփի կողմից հայտարարված մյուս խնդրահարույց իրավիճակը, բայց ոչ միայն մեզ համար, Իրանի հետ միջուկային գործարքի վերանայումն է։ Դա անելը նրա համար հեշտ չի լինի, բայց այդ մտադրությունը նա բավականին հստակ է նախանշել։

Տեսանյութեր

Լրահոս