Հեղինակավոր Nature ամսագիրը գիտության ոլորտում 2016թ. ամենաազդեցիկ մարդ է ճանաչել Ալեքսանդրա Էլբակյանին

Վճարովի գիտական հոդվածների Sci-Hub որոնողական կայքի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը ներառվել է ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկի՝ Nature-ի վարկանշային աղյուսակում, որում ընդգրկվել են 2016 թվականին գիտության ու գիտական քաղաքականության մեջ առավել մեծ ավանդ ունեցած մարդիկ։

Nature ամսագիրը հրապարակել է գիտական միության 10 անդամների ցուցակը, որոնց աշխատանքն անցնող տարում առավել մեծ նշանակություն է ունեցել մարդկության գիտելիքների զարգացման ու հարստացման համար։ Ամեն տարի Nature-ի խմբագրակազմը կազմում ու հրապարակում է գիտության ոլորտի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակը, որտեղ հազվադեպ են հայտնվում հետխորհրդային տիրույթի գիտնականների անուններ։

Ալեքսանդրա Էլբակյանը համացանցի ռուսալեզու սեգմենտում հայտնի է որպես գիտական հոդվածների վճարովի Sci-Hub որոնողական կայքի հիմնադիր։ Կայքը թույլ է տալիս անվճար բեռնել հրապարակումներ ամսագրերից, որոնք հասանելի են միայն բաժանորդագրությամբ, որոնց արժեքը ԱՊՀ-ի ուսանողների և բնական գիտությունների ուսումնասիրությամբ զբաղվող ասպիրանտների գրպանին հասու չէ։

Sci-Hub-ի շնորհիվ ողջ աշխարհից գիտնականները կարող են հետևել իրենց հետաքրքրող տեղեկատվությանը, բացահայտումներին ու մասնագետների կարծիքներին։ Ամեն ամիս կայքում հրապարակվում են մոտ 40 հազար տարբեր ուղղվածության հոդվածներ։
Այդկերպ, Ալեքսանդրայի նախագիծը նորագույն գիտական տեղեկատվությանը մատչում է տրամադրում հազարավոր մարդկանց։

Sci-Hub-ը ստեղծվել է 2011թ.։ Մինչ կայքի ստեղծումը աղջիկը, որը սովորում էր Ղազախստանի տեխնիկական ինստիտուտում, բախվել էր նրան, որ իրեն անհրաժեշտ հոդվածները հասանելի չեն անվճար եղանակով, իսկ դրանց հեղինակները զգալի գումար են պահանջում մատչումի դիմաց (Nature ամսագրում, օրինակ, մեկ հոդվածին մատչումն արժե 30 եվրո):

Նա ստեղծեց ալգորիթմ, որով կարողացավ մատչում ստանալ նման հրապարակումներին։ Ավելի ուշ նրա գաղափարին աջակցեցին շատերը, այդ թվում՝ օտարերկրյա ինստիտուտների աշխատակիցները, որոնք բաժանորդագրվել են գիտական ամսագրերի։ Նրանք դարձան «դոնորներ» վճարովի հոդվածների բեռնման համար։

Կայքը մեծ հռչակ ձեռք բերեց բոլորովին վերջերս, երբ խոշոր գիտական Elsevier հրատարակչությունը դատական հայցեր ներկայացրեց Sci-Hub և Library Generator (Libgen) կայքերի դեմ՝ԱՄՆ օրենքների համաձայն հեղինակային իրավունքների խախտման համար։

Նյու Յորքի դատարանը ընդունել է Elsevier-ի փաստարկները, սակայն դեռ վճիռ չի կայացրել։

Տեսանյութեր

Լրահոս