Չոր մաշկ, մազաթափություն. խնդիրներ, որոնք առաջանում են վիտամինային անբավարարությունից
Վիտամինները չափազանց կարևոր են բջիջների ճիշտ գործունեության համար: Սխալ սննդակարգն ու վիտամինների պակասը կարող են հանգեցնել մի շարք առողջական խնդիրների: Ձեզ ենք ներկայացնում մի քանի նախանշաններ, որոնք մատնանշում են այս կամ այն վիտամինների պակասը:
• Շրթունքների ճաքեր: Այս նախանշանը հատուկ է բուսակերներին, քանի որ հստակ սննդակարգի պատճառով օրգանիզմում պակասում են երկաթը, ցինկն ու վիտամին B-ն: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ լոբի, ոսպ և գետնանուշ ուտել: Սննդացանկում ավելացրեք նաև ծովամթերքներ: Երկաթը յուրացնելու և բորբոքային պրոցեսների դեմ պայքարելու համար ձեզ անհրաժեշտ է վիտամին C, իսկ սա նշանակում է, որ ավելի շատ կաղամբ, բրոկոլի և կարմիր պղպեղ է պետք ուտել:
• Մազաթափություն կամ դեմքի վրա կարմիր ցան: Սա վիտամին B7-ի պակասի նշան է: Պակասը լրացնելու համար անհրաժեշտ է խաշած ձու, ավոկադո, սաղմոն, ընկույզ, սունկ, սոյա, հատապտուղներ և բանան ուտել:
• Կարմիր և սպիտակ բշտիկներ՝ դեմքին, ձեռքերին, մեջքին : Ճարպաթթուների և A ու E վիտամինների պակասը կարող է նման նախանշաններ առաջացնել: Պետք է խուսափել հագեցած ճարպաթթուների օգտագործումից: Ավելի շատ բանջարեղեն կերեք՝ գազար, կարմիր պղպեղ և քաղցր կարտոֆիլ:
• Ոտքերի և ձեռքերի թմրում: B6, B9 և B12 վիտամինների պակասը կարող է հանգեցնել վերջույթների նյարդերի թմրության, ինչպես նաև՝ դեպրեսիայի, անքնության և հոգնածության: Այս խնդիրները կարելի է լուծել սպանախ, ծնեբեկ, ձու և հավի միս ուտելով:
• Մատների, ոտքերի և մկանների ցավ: Այս ցավերը կալցիումի և կալիումի պակասի նշան են: Երբ կանոնավոր ֆիզիկական վարժություններ եք կատարում և քրտնում եք, վիտամիններ եք կորցնում: Ավելի շատ նուշ, ընկույզ, բանան, բալ, գրեյպֆրուտ, խնձոր, բրոկոլի կերեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը