Իրանի սահմանային գետերը և դրանց շուրջ ծագած տարաձայնությունները

21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից է քաղցրահամ ջրի խնդիրը, որը ծառացել է ողջ մարդկության առջև: Այն առավելապես լուրջ բնույթ է կրում սակավաջուր տարածաշրջաններում, իսկ աշխարհի ամենասակավաջուր տարածաշրջաններն են համարվում Հյուսիսային Աֆրիկան և Միջին Արևելքը: Միջազգային ուսումնասիրություններն ապացուցել են, որ ներկա դրությամբ աշխարհում 26 երկիր հայտնվել է խիստ սակավաջրության և ջրային ճգնաժամի մեջ, ընդ որում, 9-ն ի սկզբանե սակավաջուր Միջին Արևելքում և հարավ-արևմտյան Ասիայում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Միջին Արևելքի և Միջին Ասիայի երկրները, որոնք օգտագործել են իրենց վերականգնվող ջրի պաշարների 60-75 տոկոսը, հայտնվել են սակավաջրության սպառնալիքի ներքո, ինչը տարածաշրջանի համար գնահատվում է որպես ԴԱԵՇ-ի աղետին հաջորդող «լուռ ԴԱԻՇ»[1]: Այստեղ ջրի խնդիրների շուրջ միջպետական տարաձայնությունների հիմնական պատճառը ջրի ընդհանուր պաշարների բաշխումն է, որն առավելապես վերաբերում է գետերին, քանզի գետերի վերին հոսանքի վրա գտնվող երկրները հաճախ նման արտոնությունն օգտագործում են իբրև ճնշման լծակ ընդդեմ ներքին հոսանքում գտնվողների, ինչի օրինակները շատ են թե՛ Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում (ԿԱ) և թե՛ ողջ աշխարհում:

Թերևս հենց նման իրավիճակով էր պայմանավորված, որ ՄԱԿ-ը 1999թ. համար  ընտրել էր «Բոլորն ապրում են գետերի ներքին հոսանքում» կարգախոսը, ինչը վկայում է ընդհանուր գետերի շուրջ տարբեր երկրների միջև առկա լուրջ տարաձայնությունների և վերին հոսանքում գտնվողների կողմից այն ճնշման լծակ դարձնելու ու չարաշահելու մասին:

Սակավաջուր Կենտրոնական Ասիան այն տարածաշրջաններից է, որտեղ գետերի ջրերի բաշխման հարցը խիստ պայթյունավտանգ է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կենտրոնական Ասիայում անկախացած 5 հանրապետությունների, որոշ դեպքերում նաև՝ Աֆղանստանի միջև ջրի պաշարները հիմնականում ընդհանուր են, ընդ որում, տարածաշրջանի պաշարների շուրջ 90 տոկոսն Ամուդարիա և Սիրդարիա գետերի ջրերն են: Այսօր արդեն գետերի վերին հոսանքում գտնվող պետությունները, օգտագործելով ջրի կռվանը, դրանց ստորին հոսանքներում գտնվողներին երբեմն սպառնում են ջրամբարտակների ջրերը միանգամից բաց թողնելով, գետերի հունը փոխելով կամ փակելով:

ԿԱ-ի համար, թերևս, խիստ բնութագրական է Շիրին Աքիների տեսակետը. «Եթե ջուրն այստեղ վերածվի քաղաքական զենքի, ապա հետևանքները պակաս ավերիչ չեն լինի միջուկային զենքի կիրառման հետևանքների համեմատությամբ, քանզի ԿԱ-ի նորանկախ երկրները չեն տիրապետում «ջրային զենքի» կիրառման տեխնիկային[2]»:

Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ջրի ընդհանուր պաշարների և, մասնավորապես, գետերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ: Պատմական փաստերը վկայում են, որ ջրի խնդիրն իբրև վիճահարույց գործոն պատմության ընթացքում մշտապես ուղեկցել է Միջին Արևելքին և դարձել միջպետական ու ազգամիջյան բախումների պատճառ: Այլ կերպ ասած՝ Միջին Արևելքում ջրի շուրջ տարաձայնությունները հազարամյակների պատմություն ունեն: Դա է վկայում ջրի խնդրի շուրջ աշխարհում արձանագրված առաջին պայմանագիրը, որը ստորագրվել է 5 հազար տարի առաջ Միջագետքի քաղաք-պետությունների միջև ծագած տարաձայնությունների վերաբերյալ: Այն պահպանվում է  Փարիզի Լուվրի թանգարանում:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին (1992-97թթ.), դեռևս 1994թ. մտահոգություն հայտնելով Միջին Արևելքում ջրի խնդրի առնչությամբ, նշել է. «Միջին Արևելքում ապագա պատերազմները պայմանավորված կլինեն ոչ թե նավթի, այլ ջրի խնդրով, ինչի քանակը տարածաշրջանում աստիճանաբար նվազում է[3]»: Իսկ Եգիպտոսի նախկին նախագահ Անվար ալ Սադաթը 1979թ. Քեմփ Դևիդի պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել է. «Միակ խնդիրը, որը կարող է Եգիպտոսին ներքաշել պատերազմի մեջ, ջրի խնդիրն է[4]»: Նշենք, որ Նեղոսի ջրերի շուրջ հիմնականում լուրջ տարաձայնություններ են եղել Եգիպտոսի և Եթովպիայի միջև, որոնք առավել սուր բնույթ կրեցին անցյալ դարի 70-ականներին: Դրանք կրկին բորբոքվեցին 2014թ., երբ Նեղոսի վերին հոսանքում գտնվող Եթովպիան սկսեց կառուցել 4,7 միլիարդ դոլար արժողությամբ Աֆրիկայի խոշորագույն՝ «Ռենեսանս» ՀԷԿ-ը:

Թուրքիա

Սակավաջուր արաբական Միջին Արևելքի հարևանությամբ գտնվող Թուրքիան ջրի պաշարների առումով տարածաշրջանում լավագույն վիճակում է: Չնայած 1998թ.-ից սկսած և մինչև 2012թ. շարունակվող երաշտը զգալի բացասական հետևանքներ է ունեցել Թուրքիայի համար, այսուհանդերձ, ներկա դրությամբ էլ տարածաշրջանում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Անկարան ի սկզբանե ձգտել և ձգտում է ջուրը որպես լծակ ծառայեցնել ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում նպատակներն իրականացնելու համար: Ուստի «ջրային տերություն» դառնալու ակնկալիքով փորձում է նման արտոնյալ վիճակն օգտագործել իբրև միջոց տարածաշրջանում, մասնավորապես՝ արաբական աշխարհում իր ազդեցությունը տարածելու  նպատակով:

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, ջրի պատերազմն անխուսափելի համարելով, միաժամանակ հաշվի առնելով Թուրքիայի համեմատաբար ջրառատ լինելու հանգամանքը, ընդգծել էր. «Ապագա աշխարհը նավթի աշխարհ չի լինելու, այլ՝ ջրի: 21-րդ դարը Թուրքիայի դարն է[5]»: Այդ նպատակով իրականացնում է Great Anatolian Project (Անատոլիայի մեծ նախագիծ՝ GAP),  որով նախատեսվում է քրդաբնակ 9 վիլայեթներում՝ Եփրատ և Տիգրիս գետերի վրա, կառուցել 22 ամբարտակ ու 19 ՀԷԿ: GAP-ի հիմնաքարը Եփրատի վրա կառուցված Աթաթուրքի անվան ամբարտակն է:

Իրան

Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկրի տարածքով հոսող գետերի գերակշիռ մասը սկիզբ է առնում երկրի տարածքից և թափվում Կասպից ծով, Պարսից Ծոց և երկրի ներսում գտնվող լճեր ու ճահիճներ: Իրանի սահմանների երկայնքով հոսում են 26 մեծ ու փոքր գետեր, որոնք երկրի սահմանների շուրջ 22 տոկոսն են կազմում[6]: Սակայն այստեղ ևս կան գետեր, որոնք սկիզբ են առնում երկրի տարածքից, հոսում դեպի հարևան երկրներ ու հակառակը, ինչը երբեմն լուրջ տարաձայնությունների պատճառ է դառում այդ երկրի և հարևանների միջև: Խնդրո առարկա գետերից մի մասը հոսում է սահմանի երկայնքով, իսկ մի մասն էլ պարզապես հատում է սահմանը և անցնում հարևան երկրներ: Իրանում ստեղծված խիստ սակավաջրության պայմաններում էլ ավելի են կարևորվել ընդհանուր գետերի ջրերը, որոնք կարող են հարևան երկրների հետ լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ, քանզի ոլորտում առկա են բազմաթիվ չլուծված հարցեր:

Նման պայմաններում սահմանային գետերի ջրերը կուտակելու և ավելի ռացիոնալ օգտագործելու նպատակով Իրանի պլանավորման ու կառավարման վարչության արտադրության հարցերով պետի տեղակալ Համիդ Փուրմոհամեդին նշել է, որ կառավարությունն այդ նպատակով Զարգացման ազգային  հիմնադրամից 8 միլիարդ դոլար վարկ է վերցրել[7]: Հանգամանք, որն ապացուցում է, թե  ջրի խնդրի լուծման առնչությամբ որքան կարևոր են սահմանային գետերը:

Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան

Անդրադառնալով Իրան մտնող գետերին՝ նշենք, որ Արաքս գետն Իրանի և հարևան երկրների միջև ամենաերկար սահմանագիծն է՝ 475 կմ երկարությամբ: Այն սկիզբ է առնում Թուրքիայից, հոսում Իրան-Հայաստան, Իրան-Արցախի Հանրապետություն և Իրան-Ադրբեջան սահմաններով, որտեղ, կարելի է ասել, որ ներկա դրությամբ չկան տարաձայնություններ, ջուրը  բաշխվում է 50-50 տոկոսով:

Սակայն Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրներ ունի և կարող է ունենալ վերջիններիս հետ այլ գետերի առնչությամբ: Իրանի հյուսիս-արևմտյան հատվածից է սկիզբ առնում Ասթարաչայ գետը, որն իր կարճ ընթացքի զգալի հատվածն Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով է հոսում, ապա թափվում Կասպից ծով: Այս գետի ջրերի բաշխման վերաբերյալ ևս երկու երկրների միջև համաձայնություն չի ստորագրվել:

Ուստի սա, վերոհիշյալ այլ դեպքերի օրինակով, հղի է հարևան երկրների միջև տարաձայնությունների սպառնալիքներով: Իսկ Թուրքիայից սկիզբ առնող Սարիսու և Կարասու գետերն Իրան-Թուրքիա սահմանային գետեր են, որոնք հոսում են դեպի Իրան: Չնայած երկու երկրների միջև այդ գետերի ջրերի շահագործման վերաբերյալ առկա են համաձայնագրեր, սակայն դրանց կիրարկման առնչությամբ կողմերի միջև տարաձայնությունները շարունակական բնույթ են կրում:

Բացի այդ Իրանի և Թուրքիայի միջև լուրջ տարաձայնություն կա նաև Եփրատ ու Տիգրիս գետերի առնչությամբ, թեև Իրանը դրանց ավազանում չի գտնվում: Թուրքիան, ջուրը որպես ճնշման լծակ կիրառելով և առավելագույնս օգտվելով Եփրատի ու Տիգրիսի վերին հոսանքներում գտնվելու արտոնությունից, ոչ միայն այդօրինակ քաղաքականության հետևանքով ծանր վիճակի մեջ է դրել Սիրիային ու Իրաքին, այլև ինչպես իրանցի փորձագետ Սոլեյմանին է նշում՝ շնչելը դժվարացել է այդ երկրի հարավում գտնվող Ահվազ քաղաքում, հաճախ նաև՝ Թեհրանում:

Անկարայի որդեգրած ջրային քաղաքականության հետևանքով չորացել է Հաուր ալ Ազիմ ճահիճը, որը գտնվում է Իրան-Իրաք սահմանում, ընդ որում՝ դրա 1/3-ը Իրանում, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի. ոչնչացվել է հարուստ կենդանական ու բուսական աշխարհը, ի հետևանք դրա՝ առաջացած ավազի փոթորիկները դժվարացնում են շնչելը ոչ միայն Ահվազում ու Թեհրանում, այլև այդ երկրի բազմաթիվ նահանգներում Բնապահպանական հարցերով իրանցի փորձագետները կառավարությունից պահանջում են ջրի հարցին կարևոր տեղ հատկացնել Թեհրան-Անկարա դիվանագիտական փոխհարաբերություններում և խնդրի լուծման նպատակով Թուրքիայի հետ բանակցել[8]:

Իրանցի փորձագետներից ոմանք էլ Իրանում ու Իրաքում ջրի ճգնաժամի համար մեղադրում են Թուրքիային՝ նշելով, որ այդ երկիրը, օգտվելով Իրան-Իրաք պատերազմի ընձեռած հնարավորությունից, խոշոր ՀԷԿ-եր ու ամբարտակներ կառուցելով, ապօրինաբար զավթել է Իրանի բաժինը: Այս առնչությամբ Իրանի առևտրի պալատի տնօրեն Մոհսեն Ջալալփուրը շեշտել է, թե թուրքերն առայժմ չեն ցանկանում, որ այս հարցը երկկողմ բանակցությունների առարկա դառնա, սակայն, եթե այսպես շարունակվի, Իրանը պետք է դիմի միջազգային իրավական ատյաններին[9]:

Իրան-Աֆղանստան

Իրանը լուրջ տարաձայնություններ ունի նաև Աֆղանստանի հետ Հիրմանդ և Հարիրռուդ գետերի ջրերի բաշխման հարցում, որը տասնամյակների պատմություն ունի: Հիրմանդ[10] գետն սկիզբ է առնում Աֆղանստանից՝ Քաբուլից դեպի արևմուտք գտնվող լեռներից, ապա հատելով սահմանը՝ թափվում է Իրանի Սիստան-Բլուջստան նահանգի Համուն լիճը, որն Իրանի խոշորագույն լիճն է: Սակայն անցյալ դարի 60-ականներին, երբ Աֆղանստանը Հիրմանդ գետի վրա կառուցեց մեկ միլիարդ 600 միլիոն խմ տարողությամբ Քյաջաքի ամբարտակը, զգալի վնասներ պատճառեց այդ գետից սնվող Համուն լճին, ինչն առաջացրեց Թեհրանի խիստ դժգոհությունը: Վերոնշյալ հարցի շուրջ Թեհրան-Քաբուլ բանակցություններն ԱՄՆ-ի, Կանադայի և Չիլիի միջնորդությամբ հանգեցին կողմերի միջև 1972թ. պայմանագրի ստորագրմանը, որով աֆղանական կողմը պարտավորվել էր վայրկյանում 22-28 խմ ջուր բաց թողնել Քյաջաքի ամբարտակից, այլ կերպ՝ տարեկան 850 միլիոն խմ, որը կազմում էր գետի ջրերի 20 տոկոսը:

1999թ. Աֆղանստանում իշխող թալիբները, առավելապես քաղաքական դրդապատճառներով Հիրմանդի վրա ստեղծելով լրացուցիչ կառույցներ, անտեսելով նշյալ պայմանագիրը,  գրեթե լիովին ընդհատեցին դեպի Իրան ջրի հոսքը: Քայլ, որի հետևանքով ցամաքեց Հիրմանդի իրանական հատվածը՝ բնապահպանական լուրջ աղետի պատճառ դառնալով: Թալիբները Թեհրանից պահանջում էին չհովանավորել Հյուսիսային դաշինք անվամբ հայտնի հակաթալիբական ուժերին, ինչն Իրանում արձագանք չէր գտնում:

Ուստի թալիբները որոշեցին Հիրմանդի վերին հոսանքում գտնվելու լծակը գործի դնել ընդդեմ Իրանի: Ի պատասխան՝ վերջինս 1999թ. մարտին 28-ին պաշտոնապես ՄԱԿ-ին բողոք ներկայացրեց թալիբների կողմից Իրան-Աֆղանստան պայմանագրի խախտման առնչությամբ, սակայն, ինչպես նշվեց, միջազգային օրենքների անկատարության պատճառով ՄԱԿ-ն ի զորու չեղավ հարցը լուծել:

2002թ. փետրվարի 26-ին Աֆղանստանի անցման շրջանի կառավարության ղեկավար Համեդ Քյարզայի թեհրանյան պաշտոնական այցի ընթացքում ստորագրված համագործակցության պայմանագրում ընդգծվել է նաև Հիրմանդի ջրերի բաշխման հարցը 1972թ. համաձայնագրի հիման վրա, որն իրականում կյանքի չկոչվեց: Այլ կերպ ասած՝ Հրիմանդի շուրջ Իրան-Աֆղանստան տարաձայնությունները վերածվել են երկու երկրներում հասարակական ու քաղաքական լուրջ խնդրի և առ այսօր մնում են երկրների բարձր մակարդակի բոլոր հանդիպումների օրակարգում:

Իրանի և Աֆղանստանի միջև առկա են տարաձայնություններ նաև Հարիրռուդ գետի ջրի առնչությամբ: Այն սկիզբ է առնում Աֆղանստանից, անցնում Իրան-Աֆղանստան սահմանի երկայնքով, որտեղ Իրանից դրան միանում է Քյաշֆռուդ վտակը, ապա գնում է դեպի Թուրքմենստանի ավազուտներ: Ըստ Թեհրան-Քաբուլ վերջին համաձայնագրի՝ Հարիրռուդի ջրերը կողմերի միջև բաժանվելու են 50-50 տոկոսով:

Սակայն 2007թ. մարտի սկզբներին Աֆղանստանի արևմտյան հատվածի ջրի պաշարների կառավարման վերաբերյալ այդ երկրի էներգետիկայի ու ջրի նախարարության և ամերիկյան մի ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր, որի գործունեությամբ օգտագործվում են նաև Հարիրռուդի ջրերը: Համաձայնագիրը խիստ բացասական արձագանք գտավ Իրանում: ԶԼՄ-ները նույնիսկ մտահոգություն հայտնեցին Հարիրռուդի ջրերի հոսքը դեպի Իրանի սահման ամբողջությամբ ընդհատվելու մասին[11]:

Բացի այդ Աֆղանստանի վերակառուցման շրջանակներում Հնդկաստանը Հերաթ նահանգում 2005թ. սկսել է կյանքի կոչել 300 միլիոն դոլար արժողությամբ Սալմա ՀԷԿ-ի կառուցման նախագիծը: 2015թ. օգոստոսին շինարարությունն ավարտվեց, և սկսվեց ամբարտակի ջրալցումը, որը տևեց շուրջ մեկ տարի: Այն ընթացիկ տարվա հունիսի 4-ին շահագործման է հանձնվել: Սալմայի շահագործումը դժգոհության էլ ավելի մեծ ալիք է բարձրացրել Իրանում՝ դառնալով օրակարգային  հարց, քանզի ըստ իրանական կողմի՝ լիովին խափանելու է Իրան-Թուրքմենստան համատեղ կառուցած «Բարեկամության» ամբարտակի գործունեությունը:

Այն ապահովում է Մեշհեդ քաղաքի ջրի պահանջարկը և Թուրքմենստանի ու Իրանի սահմանամերձ գյուղերի ոռոգման ջուրը: Իրանական ԶԼՄ-ները լուրջ մտահոգություն են հայտնել «Բարեկամության» ամբարտակի անգործության մատնվելու և Մեշհետում ջրի լուրջ խնդիր առաջանալու առնչությամբ: Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին, 2016թ. հունիսի 6-ի ասուլիսին պատասխանելով Սալմա ՀԷԿ-ի շահագործման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, նշել է, թե Իրանը ջանքեր է գործադրում դիվանագիտական ուղիներով հարցին լուծում տալու ուղղությամբ[12]:

Իրան-Թուրքմենստան

Իրան-Թուրքմենստան սահմանում հոսող Աթրաք գետը սկիզբ է առնում Իրանի Խորասան նահանգի Ղուչան գավառի Հեզարմասջեդ լեռներից, այնուհետև Իրան-Թուրքմենստան սահմանում՝ Չաթ կոչվող վայրում, միանում է Թուրքմենստանից սկիզբ առած Սամբար վտակին, ապա շուրջ 80 կմ հոսելով երկու երկրների սահմանագծով՝ կրկին հոսում է դեպի Թուրքմենստան ու թափվում Կասպից ծով: Սակայն հաշվի առնելով, որ Թուրքմենստանն անապատային խիստ սակավաջուր երկիր է, իսկ Աթրաքը համարվում է այդ երկրի ջրի երկրորդ խոշոր աղբյուրը, այն կենսական նշանակություն ունի այդ երկրի համար:

Մյուս կողմից, Իրանը, հայտնվելով ջրի ճգնաժամի մեջ, խնդիրը լուծելու նպատակով խիստ կարևորում է սահմանային ջրերը: Հետևաբար հիդրոքաղաքական առումով Աթրաքի դերը խիստ նշանակալից է, երբ արդեն գետի ջրերի բաշխման հարցում լուրջ տարաձայնություններ են ծագել երկու երկրների միջև: Ավելին, փորձագետների կարծիքով՝ հանձինս Աթրաքի ջրերի՝ Իրան-Թուրքմենստան փոխհարաբերությունների վրա սև ամպեր են կուտակվում[13], մանավանդ, որ առ այսօր երկու երկրերի միջև Աթրաքի վերաբերյալ որևէ համաձայնագիր չի ստորագրվել:

Իսկ Իրանի և ԽՍՀՄ-ի միջև կնքվել է երկու համաձայնագիր՝ 1924թ. և 1957թ., որոնցով սահմանային հատվածում ջուրը բաժանվում է 50-50 տոկոսով: Մինչդեռ Իրանը Թուրքմենստանի անկախանալուց հետո այլևս ընդունելի չի համարում ԽՍՀՄ-ի պարտադրած համաձայնագիրը: Ուստի վկայակոչելով միջազգային կոնվենցիաները՝ ցանկանում է նոր համաձայնագիր ստորագրել, որով արդարացիորեն կբաշխվեն Աթրաքի ջրերը:

Իրան-Իրաք

Նշենք, որ Իրանի և հարևան երկրների միջև ընդհանուր ջրերի բաշխման առնչությամբ ոչ միայն արձանագրվել են լուրջ տարաձայնություններ, այլև դրանք պատերազի պատճառ են դարձել:  Ահավասիկ, 1979թ. Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը, ցուցադրաբար պատռելով Արվանդռուդի (արաբերեն՝ Շատ ալ Արաբ) վերաբերյալ 1975թ. Ալժիրում ստորագրված Թեհրան-Բաղդադ համաձայնագիրը, հարձակվեց Իրանի վրա՝ սկսելով իրան-իրաքյան 8-ամյա պատերազմը: 175 կմ երկարությամբ Արվանդռուդը գոյանում է Իրաքի տարածքում Եփրատ և Տիգրիս գետերի միացումից, որին միանում է Իրանի խոշորագույն գետը՝ Քարունը, 81 կմ երկարությամբ, կազմում Իրան-Իրաք սահմանի մի հատվածը և թափվում Պարսից Ծոց: Այն նավարկելի է, ինչը խիստ կարևոր հանգամանք է:

Արվանդռուդում երկու երկրների միջև սահմանագծի հարցը նախ Իրանի և Օսմանյան կայսրության, ապա Իրաքի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է եղել, թեև կողմերի միջև 4 համաձայնություն է ստորագրվել: Իրան-իրաքյան պատերազմը, անկախ դրա քաղաքական նպատակներից ու դրդապատճառներից, որոնց առկայությունը կասկածից վեր է, գլխավորապես պետք է համարել Արվանդռուդի շուրջ տարաձայնությունների հետևանք: Հետագայում Պարսից Ծոցի երկրորդ պատերազմի ընթացքում Սադամը հայտարարեց, թե ալժիրյան պայմանագիրն ուժի մեջ է:

Հետսադամյան Իրաքը ևս պաշտոնապես ընդունեց ալժիրյան պայմանագիրը: Այսուհանդերձ, չի կարելի հարցը վերջնականապես լուծված համարել, հետևաբար Արվանդռուդը երբևէ կարող է կրկին տարաձայնությունների, անգամ բախումների պատճառ դառնալ օրեցօր սակավաջուր դարձող Միջին Արևելքում:

Էմմա Բեգիջանյան
Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Սակավաջրությունը՝ Միջին Արևելքի լուռ ԴԱԻՇ-ը, 25 հուլիսի, 2016թ., http://donya-e-eqtesad.com/news/1061573

[2] Shireen Akiner, Emvironmental Degradation in Central Asia, Central Asia and Caucasus Review, Winter  1994-95, vol. 3, No 7

[3] Էթթլաաթ օրաթերթ, 23 հունիսի, 1994թ.

[4] Ալ Հայաթ օրաթերթ, 13 օգոստոսի, 1993թ., Լոնդոն

[5]  Ջոմհուր-ե Էսլմի օրաթերթ, 17 մայիսի, 1993թ.

[6] Ռոշդ հանրագիտարան, http://danesh.roshd.ir/mavara/mavara-index.php?SSOReturnPage=Check&Rand=0

[7]  DW, 26 հուլիսի, 2016թ., www.dw.de

[8] Զահրա Քեշվարի, Ջուրը պետք է տեղ գտնի դիվանագիտական փոխհարաբերություններում, 6 ապրիլի, 2016թ., http://www.magiran.com/npview.asp?ID=3134399, 6 ապրիլի, 2016թ.

[9] Իրանի ջրային ճգնաժամում Թուրքիան առաջին մեղադրյալն է, 18 մարտի, 2016թ., http://www.iranjib.ir/shownews/19904 تركيه-متهم-اول-بحران-آب-/

[10] Աֆղանցիները հելմանդ են անվանում:

[11] احتمال قطع جریان آب رودخانه هریرود به ایران قوت گرفت , 10 մարտի, 2007թ. http://alef.ir/vdcgux9x.ak9ww4prra.html?23237,

[12]  ‌آبه ایران از هریرود همچنان درحال پیگیری است حق  հունիսի, 2016թ. http://www.fardanews.com/fa/news/530039

[13] Համիդ Ռեզա Փաքնժադ Մոթաքի, Էզաթոլա  էզաթի,Սահմանային Աթրաք գետի Հիդրոքաղաքականության ազդեցությունն Իրան-Թուրքմենստան  փոխհարաբերությունների վրա, Աշխարհագրության տեսլական, 14-րդ համար, գարուն, 2001թ., էջ 19-37, www.SID.ir  Archive of SID

Տեսանյութեր

Լրահոս