
«Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը, որպեսզի հստակ կառավարվի այդ պրոցեսը, ու վտանգներ չլինեն». Հոա Բին Աջամյան

ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչությունը (ՊՊԿՎ) այսօր կազմակերպել էր ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-2019թթ. Միջնաժամկետ ռազմավարության, 2017թ. ֆինանսավորման ծրագրի և ՀՀ պետական պարտքի շուկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների ներկայացում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ չնայած կատարվող միջոցառումներին, Հայաստանը դեռևս բավականին հեռու է միջազգային որակի գործիքներ ունենալու հեռանկարից: «Կառավարությունը վերջին տասը տարիների ընթացքում բազմաթիվ օժանդակություններ և համագործակցության եզրեր է ունեցել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, և հիմնական նպատակը եղել է ավելի զգուշավոր, նպատակային պարտքային քաղաքականություն իրականացնելը»,- ասաց նա՝ նշելով, որ 2017թ.-ից սկսած վարկային միջոցների, պետական պարտքերի մասին ամբողջ ինֆորմացիան հրապարակվելու է, և նրա խոսքով՝ բոլորը կտեսնեն՝ ինչքան միջոցներ են օգտագործվել, կհասկանան վարկի նպատակը:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Հոա Բին Աջամյանն էլ լրագրողներին ասաց, որ աջակցության ծրագրի ֆինանսավորումը կազմում է 200 հազար եվրո. «Վերջին 4 տարիների ընթացքում ԵՄ-ն օժանդակություն է տրամադրել Հայաստանին մոտավորապես 200 մլն եվրոյի չափով: Այս տարի նախատեսում ենք 17 մլն եվրո տրամադրել՝ որպես բյուջետային աջակցություն: Մենք պետական պարտքի ուղղությամբ օժանդակություն ենք տրամադրում, որովհետև սա կարևոր է ոչ միայն ներքին պարտքի, այլ նաև արտաքին պարտքի առումով»:
Բյուջետային ծրագրերի իրականացման արդյունավետությունը Հայաստանում նա գնահատում է դրական. «Մենք իրականացնում ենք տարբեր տեսակի մոնիտորինգներ, ունենում ենք քաղաքական իմաստով երկխոսություններ, և, իհարկե, պետք է ասել, որ գրանցվում են որոշակի առաջընթացներ: Մոնիտորինգը դրսևորվում է տարբեր ձևերով. կա արտաքին մոնիտորինգ, փորձագիտական գնահատում, և այլն»:
Հարցին՝ պետական պարտքի կառավարման ոլորտում ասում են, որ, եթե Հայաստանը ՀՆԱ-ի 50%-ի շեմն անցավ, դա վտանգավոր է, խոսվում է նույնիսկ դեֆոլտի մասին, որքանո՞վ է դա հավանական համարում, և ինչքանո՞վ է վտանգավոր այդ 50%-ի շեմն անցնելը, նա այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կառավարությունն այս պահին շատ ճիշտ միջոցառումներ է իրականացնում այդ ուղղությամբ, և մենք օժանդակում ենք կառավարությանը, որպեսզի հստակ կառավարվի այդ պրոցեսը, ու վտանգներ չլինեն»: