«Հայ-ռուսական միացյալ զորախումբը ճնշման փորձ է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի նկատմամբ». թուրք վերլուծաբան
«Ռուս-թուրքական մերձեցումը դրական կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Անկարայի Քաղաքական կենտրոնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բուրչու Գյուլթեկին Փունսմանը` անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախմբին և երկու երկրների ընթացիկ հարաբերություններին։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի Տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն օրերս նշել էր, թե հայ-ռուսական միացյալ զորախումբը խնդիրներ չի ստեղծում Ադրբեջանի համար։ Ավելին, նա հստակեցրել էր, որ զորախմբի ստեղծումը խելամիտ քայլ է, քանի որ Հայաստանը սահմանակցում է մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրք վերլուծաբանն ասաց, որ ռազմավարական գործընկերների դեպքում, որոնք ունեն նաև խորը ռազմական հարաբերություններ, հասկանալի է նման զորախմբի գոյության փաստը։ Սակայն, նրա գնահատմամբ, կարևոր է, որպեսզի դրանք ուղղված չլինեն երրորդ կողմերի դեմ, այլ ապահովեն հենց զորախմբի մասնակից կողմերի անվտանգությունը։
«Սակայն մտահոգիչ է այն, ինչի մասին խոսել է ռուս պաշտոնյան, քանի որ ստացվում է բոլորովին հակառակը՝ զորախումբը տեղակայված է լինելու ՆԱՏՕ երկրի դեմ։ Այնուամենայնիվ, սա ես դիտարկում եմ՝ որպես տեղեկատվական ճնշման փորձ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի նկատմամբ, ակնհայտ է, որ այս զորախմբերը լուրջ գործառույթներ չեն իրականացնելու կամ գուցե իրականացնեն անհրաժեշտության դեպքում։
Ռուս-թուրքական հարաբերություններն իրենց բարելավման փուլում են, բայց նախորդ տարվա քաղաքական ճգնաժամը ցույց տվեց, որ նման ճգնաժամ հնարավոր է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, ինչը Ռուսաստանին մղում է ապահովագրել իրեն, հատկապես, երբ Սիրիայում ռուս-թուրքական հակասությունները շարունակվում են։
Չնայած հայտարարություններին, որ կողմերը նույն նպատակն են հետապնդում, ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում նույն նպատակը չեն հետապնդում, ինչ ՌԴ իշխանությունները, ինչը ցույց տվեցին օրերս տեղի ունեցած իրադարձությունները Հալեպ քաղաքում։ Հիշեցնեմ, որ ձեռք էր բերվել համաձայնություն Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, այնինչ դրանք այդպես էլ չիրականացվեցին, որի արդյունքում սիրիական և ռուսական ուժերն անցան իրենց գործողություններին։
Ինչպես տեսնում եք, տարածաշրջանում իրերի դասավորությունը բավականին բարդ է, այս պայմաններում բարդ է կանխագուշակել երկրների հաշվարկները։ Այնուամենայնիվ, ըստ իս, զորախումբը յուրատեսակ ճնշման փորձ է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի նկատմամբ»,- նման տեսակետ հայտնեց Բուրչու Գյուլթեկին Փունսմանը։
Վերջինիս համոզմամբ՝ այս հայտարարությունը Թուրքիան և ՆԱՏՕ-ն լուրջ չեն ընդունի, քանի որ Ալեքսեյ Պուշկովն իր կարծիքն է հայտնել։ «Իսկ զորախմբի վերաբերյալ իրենց պաշտոնական դիրքորոշումն են ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները, տեղեկացնելով, որ զորախումբն ամրապնդելու է երկու երկրների անվտանգությունը։ Թե սա ինչ է ենթադրում, նրանք չեն պարզաբանել, այնուամենայնիվ պաշտոնապես չեն հայտնել նաև, որ այն Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դեմ է։ Սա հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ կլինի լուրջ արձագանք»,- ասաց թուրք վերլուծաբանը։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ նա նշեց, որ կողմերը փորձում են հաղթահարել հակասությունները, որոնք դեռ շարունակում են զգացնել տալ սիրիական հակամարտության հարցում։
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա նաև Հարավային Կովկասի և ԼՂ հակամարտության վրա, քանի որ Ադրբեջանն իրեն այլևս չափազանց վստահ չի զգա, իսկ վստահություն նրա մոտ առաջացել էր ռուս-թուրքական ճգնաժամի ընթացքում, քանի որ Ադրբեջանն այդ ընթացքում կարևորվել էր՝ որպես երկիր, Թուրքիայի համար։ Իսկ այսօր Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հակասություններ մի շարք կարևոր հարցերում և որոշ հարցերում պետք է զիջումների գնան՝ որոշ հարցերում հաջողության հասնելու համար։ Ժամանակը ցույց կտա, թե որ սցենարով կզարգանան իրադարձությունները»,- նշեց Փունսմանը։