
Մենք այսօր չունենք վատ վիճակում գտնվող թանգարան. Սերժ Սարգսյան

Մենք այսօր չունենք վատ վիճակում գտնվող թանգարան: Նման հայտարարությամբ Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբողջականացրեցինք Մատենադարանը, որովհետև, եթե այդպես թողնեինք, կարող էինք կորցնել այն գանձը, որն այնտեղ կա: Ստեղծեցինք Կոմիտասի թանգարանը, Մարտիրոս Սարյանի թանգարանն ամբողջովին վերանորոգեցինք»,- հիշեցրեց հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ եկեղեցիների կառուցումը պետք է հակադրել թանգարանների կառուցմանը: Նրա խոսքով` շատ քիչ եկեղեցիներ ունենք մեր բնակավայրերում: «Չեմ կիսում այն կարծիքը, որ մենք թանգարանային գործունեությանն ուշադրություն չենք դարձնում և որ այդպիսի ողբալի վիճակ է: Ունենք նաև ժամանակակից արվեստի թանգարանի կառուցման ծրագիր: Ունենք պատկերասրահ կառուցելու ծրագիր, որը ոչ թե փոքր բան կլինի, այլ 3540 հազար քառ մետրանոց ժամանակակից մի կառույց, որտեղ կհավաքվեն մեր հրաշալի գործերը` դրանով իսկ լուծելով նաև պատմության թանգարանի խնդիրը»,- ընդգծեց ՀՀ Նախագահը: