
Սերժ Սարգսյանն ընդունել է Ստեֆան Վիսկոնտիին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Նախագահը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ կընթանան կառուցողական հունով և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ջանքերն այդ նպատակով:
Ֆրանսիացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահի Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և հավաստիացրել, որ նոր պաշտոնում կաշխատի ջանասիրաբար՝ բոլոր դժվարությունները և խնդրի կարևորությունը գիտակցելով, քանի որ այն վերաբերում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը: