
«Դեռ բարդ է խոսել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա զարգացումների մասին». Ուորլիք

Այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա խոսքով՝ ապրիլյան բախումներից հետո կողմերն ընդհանուր առմամբ հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին արդեն առկա են առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել հակամարտության լուծմանը։
«Այս տարի մենք տեսանք բանակցություններում առաջընթաց գրանցելու նոր փորձեր, մասնավորապես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում։ Մենք հուսով ենք՝ կողմերը հետագայում ևս միասին կառուցողական կերպով կաշխատեն՝ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է Ուորլիքը։
Դիվանագետի խոսքով՝ դեռ բարդ է խոսել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա զարգացումների մասին։
«Կասկածներ չունեմ, որ ԱՄՆ կառավարությունը հավատարիմ կմնա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացին՝ համանախագահ երկրների աջակցությամբ»,- ասել է ամերիկացի համանախագահը։
Դեսպանը ևս մեկ անգամ նշել է, որ իր պաշտոնից հրաժարական կտա դեկտեմբերի 31-ին, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի մոտ ժամանակներս։