Բաժիններ՝

Քրեական պատասխանատվություն է սահմանվում պաշտոնյաների ապօրինի հարստացման համար

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները։

«Խոսում ենք ապօրինի հարստացման քրեականացման մասին։ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է ապօրինի հարստացմանը վերաբերող դրույթը, խոսվում է դրա քրեականցման մասին, որին էլ ՀՀ-ն միացել է, նշվում է հետևյալը, որ յուրաքանչյուր պետություն իր սահմանադրությունը և իրավական համակարգի սկզբունքները պահպանելու պայմանով պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի քրեական իրավախախտում ճանաչվի ապօրինի հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալի ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարողանում խելամտորեն հիմնավորել»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ապօրինի հարստացումը դրսևորորվում է պաշտոնատար անձի կողմից գույքի էական ավելացմամբ կամ պարտավորությունների էական նվազմամբ։ Խոսքն էական չափի մասին է։ Նախարարի դիտարկմամբ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում խոսքը նվազագույն աշխատավարձի շեմը գերազանցող կամ միջինացված որոշակի գումարի մասին է։

Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ ամենավիճելի, խնդրահարույց հարցերից մեկն ապօրինի հարստացման համատեքստում ապացուցման բեռի և անմեղության կանխվարկածի հարաբերակցությունն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի նոր սահմանադրությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը։

«Կարող են լինել իրավիճակներ, երբ իրականում ապացուցման բեռը պետք է դրվի ոչ թե համապատասխան մարմնի, այլ իրավասու պաշտոնատար անձի վրա։ Մենք փորձել ենք ավելի հավասարակշռված և բալանսավորված մոտեցում ամրագրել այս առումով։ Վարույթն իրականացնող մարմնի վրա դրվելու է համապատասխան պարտավորություն՝ ապացուցելու, որ պաշտոնատար անձն ունի գույքի էական ավելացում կամ պարտավորությունների էական նվազում, որոնք չեն համապատասխանում նրա հայտարարագրած օրինական եկամուտներին։

Սա անչափ կարևոր է՝ անմեղության կանխավարկածի սկզբունքներին համահունչ լինելուն։ Խոսքն այն մասին է, որ, եթե պաշտոնատար անձը հայտարարագրում է որոշակի օրինական եկամուտներ, և իրավասու պետական մարմինն իրեն հասանելի բոլոր միջոցներով պարզում է, որ այն օրինական եկամուտները, որոնք կարող էին հասանելի լինել կամ որոնք հայտարարագրված են, չեն համապատսախանում նրա ունեցած եկամուտներին, պաշտոնատար անձը տվյալ դեպքում պարտավոր է ապացուցել, որ այդպես չէ, որ այդ գույքի ավելացումը կամ պարտավորությունների ավելացումն օրինական եկամուտներով են պայմանավորված, որը ինքը գուցե չի հայտարարագրել»,- նշեց նախարարը։

Վերոնշյալ դեպքերի համար նախատեսվում է վարչական կամ քրեական պատասխանատվություն. «Վարույթն իրականացող մարմինը կրում է ապացուցման բեռ՝ ապացուցելու, որ պաշոնատար անձի գույքը ավելացել է, պարտավորությունները նվազել են, օրինական եկամուտների հետ կա էական անհամապատասխանություն։ Եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել, վրա է հասնում քրեական պատասխանատվություն։ Դա նախատեսված է 3-6 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկելով, գույքի բռնագրավմամբ»,- նշեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս