«Համանախագահողները փորձեցին փակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական ինքնագործունեության պատուհանը». Ստյոպա Սաֆարյան

168.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, Համբուրգում կայացած ԵԱՀԿ  նախարարների խորհրդի շրջանակներում համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն տարածեցին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշելով, որ հետաքննական մեխանիզմների ներդրումը, Կասպրչիկի առաքելության ընդլայնումը պետք է տեղի ունենան բովանդակային բանակցությունների մեկնարկին զուգահեռ։ Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, և ինչպիսի՞ն կլինի սրա ազդեցությունը։

– Եռանախագահողների տարածած հայտարարությունն  էական էր, քանի որ  ԵԱՀԿ-ն, ըստ էության, իր դիրքորոշումն է հայտնում անցած մեկ տարվա ընթացքում տարաբնույթ մեկնաբանությունների արժանացած մի շարք խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, բուն հայտարարության  կառուցվածքն իսկապես ասելիք է պարունակում։

Առաջինը՝ Մինսկի խումբը դնում է վստահության  միջոցների ամրապնդման, ինչպես նաև բանակցությունների համար միջազգային  երաշխիքներ ստեղծելու հարցը։ Մի բան, որը հայկական կողմի պահանջն է եղել, ուստի կոչ են անում, որպեսզի վերացնեն վերջին խոչընդոտները ԵԱՀԿ  հատուկ ներկայացուցչի մշտադիտարկման կարողություններն ընդլայնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմը հաստատելու ուղղությամբ։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ  համանախագահողները կարծես թե փորձել են փակել ռուսական կողմի ինքնագործունեության պատուհանը, խոսելով  խնդրի համապարփակ կարգավորման  անհրաժեշտության մասին, երբ բոլոր տարրերի կապակցությամբ պետք է համաձայնություններ ձեռք բերվեն, և դրանք  չպետք է թողնվեն անորոշ, ինչպես, օրինակ, ԼՂ կարգավիճակի հարցն էր թողնվում  անորոշության մեջ։ Հետևաբար՝ այս կտրվածքով հայտարարությունը կարևոր էր։

Ինչ վերաբերում է ազդեցությանը, ես չէի ասում, որ այն ամբողջովին կկանխի լարվածության աճը, բայց, համենայն  դեպս, հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ  դա է Մինսկի խմբի  և ԵԱՀԿ-ի դիրքորոշումն ընդհանուր առմամբ զարգացումների կապակցությամբ։

– Հաշվի  առնելով ռուս-թուրքական մերձեցման գործընթացը, Ադրբեջանի իշխանությունների կոշտացող հռետորաբանությունը, տպավորություն է ստեղծվում, որ  Ադրբեջանը կրկին  փորձում է հույսեր կապել հակամարտությունը ռուս-թուրքական համաձայնությունների շրջանակում կարգավորելու հետ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Ընդհանուր առմամբ միջազգային կառույցների  ազդեցությունը չափազանց թուլացել է՝ հատկապես ճգնաժամային տարածաշրջանների ու խնդիրների հարցում, նորմերն այնքան են թուլացել, որ հույսեր կապել դրանց հետ կամ համարել, որ վերոնշյալ հայտարարությունը 100%-անոց երաշխիք է, ճիշտ չէ։ Բայց մյուս կողմից՝ չի  կարելի թերագնահատել, քանի որ, ի վերջո, դա միակ  կարևորագույն միջազգային կազմակերպությունն է, որը  զբաղվում է  ԼՂ խնդրով՝ ունենալով միջազգային մանդատ, հետևաբար՝ այս կազմակերպության քաղաքական դիրքորոշումը կարևոր է։

Իհարկե, արտահայտված դիրքորոշումն Ադրբեջանին  չի գոհացնելու։ Ինչպես այս տարվա ընթացքում բազմիցս  նկատեցինք, Ալիևը շարունակելու է հույսեր կապել ռուսական  նախաձեռնության հետ, որին  միացել է, ինչպես նշեցիք, Թուրքիան։ Բայց չմոռանանք նաև, որ,  համենայնդեպս, հայտարարությունը հիշեցնում է, որ  խնդրի աչ ամբողջական լուծումը ԵԱՀԿ դիրքորոշման մեջ չի մտնում, մի բան, որ հատուկ է ռուսական պլանին, որը, ըստ էության, վերաձևում է ստատուս-քվոն մեկ այլ տարածքային իրողությունների պայմաններում, նպատակ   հետապնդելով իր խաղաղապահների տեղակայում հակամարտության գոտում։ Սակայն, քանի որ հայտարարությունն ինքնին փակում է նման զարգացման հեռանկարը, թերևս, կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ-ն, կոպիտ  ասած, հասկացնում է, որ ինչպիսի կարգավորում էլ որ լինի,  իրենց կողմից ճանաչվելու է  լեգիտիմ միայն ամրագրված չափանիշերին համապատասխանողը։

 Օրերս Թուրքիայում Լավրովն ու Չավուշօղլուն կոնսենսուս հայտնեցին սիրիական, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունների վերաբերյալ։ Այս մերձեցման գործընթացն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա՝ հաշվի առնելով նաև Ձեր պնդումը, որ Ադրբեջանը շարունակելու է հույսեր կապել այս համագործակցության հետ։

– Եկեք արձանագրենք, որ ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ ռուս-թուրքական սրվածության պայմաններում։ Որքան էլ Ռուսաստանը սիրախաղ սկսի Թուրքիայի հետ, մի բան հստակ գիտի, որ այնուամենայնիվ Թուրքիան մնում է չափազանց անվստահելի գործընկեր։ Հետևաբար՝  Ռուսաստանը պարզապես կփորձի այս առումով Թուրքիային պահել որոշակի  կառուցողականության տիրույթներում՝ երբեք չբավարարելով նրա շահերը։

Տեսանյութեր

Լրահոս