Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային

Միջազգային ֆինանսական կազմակերպություն հանդիսացող Իսլամական զարգացման բանկը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, 2024-2026թթ. Թուրքիային կտրամադրի 6.3 մլրդ դոլար վարկ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էր-Ռիադում կայացած բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը։

«Ֆինանսավորումը կհատկացվի կրթության, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական զարգացման միջնաժամկետ ծրագրի շրջանակներում նախագծերի աջակցության համար»,- նշել է Շիմշեքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար: Համաշխարհային բանկի հետ Թուրքիայի բանակցությունների մասին հայտնի է դարձել մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անմիջապես հետո, որոնց նախօրեին ընդդիմությունը պնդում էր, թե Անկարան վարկային գործարք է կնքել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է նման պնդումները՝ հայտարարելով, որ իշխանությունները մտադիր չեն ԱՄՀ-ից վարկ վերցնել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան ԱՄՀ-ի պարտքերը վճարել է 2013թ և այլևս մտադիր չէ նրա հետ վարկային համաձայնագրեր ստորագրել:

Տեսանյութեր

Լրահոս