«Այդ նախապատրաստական աշխատանքն արդեն Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքում է տեղի ունենալու»

«Ամենաուշագրավը եռանախագահների  հայտարարությունում այն էր, որ հետաքննության մեխանիզմների ներդրումն ու Կասպրչիկի առաքելության ընդլայնումը պետք է տեղի ունենա  կարգավորման հարցում  բովանդակային բանակցություններին զուգահեռ։

Գուցե այս պարբերությանը շատերն ուշադրություն չեն դարձրել, բայց դա շատ էական  դիտարկում էր։ Ինչո՞ւ, որովհետև, փաստորեն, Հայաստանը պայման էր դրել, որ Ադրբեջանը պետք է կատարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում  ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմք կստեղծեն կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար։ Ադրբեջանն ընդհանրապես գտնում է, որ այս ուղղությամբ որևէ քայլ չպետք է ձեռնարկել, ավելին, ժխտում է, որ Վիեննայում համաձայնություններ է տվել մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, և, բնականաբար, պնդում է, որ պետք է բովանդակային բանակցություններ սկսվեն՝ առանց որևէ պայմանի։

Եղավ այնպես, որ Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ այս երկու գործընթացները պետք է սկսվեն զուգահեռ։ Սա իրենց ներկայացրած բանաձևն էր, միանգամից բանակցություններ և պարտավորությունների կատարում»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ գնահատելով նախօրեին տարածված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ Նախարարների տարածած հայտարարությունը։

Նրա որակմամբ՝ Մինսկի խումբը հակամարտող երկրների առջև շատ կոնկրետ պայման է դրել։

«ԵԱՀԿ-ն  եռանախագահների հայտարարությամբ բանակցային գործընթացում ստեղծված ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա, հայտարարեց իրենց պայմանները, ասաց, որ նրանցից է կախված, եթե նախագահները պատրաստ լինեն, իրենք պատրաստ կլինեն շարունակել աշխատանքը։ Հիմա այդ նախապատրաստական աշխատանքն արդեն Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքում է  տեղի ունենալու»,- ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս