Հիպոթեքային շուկան քաղաքացիների համար կդառնա առավել թափանցիկ ու կանխատեսելի

Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթով սահմանվում են մի շարք կանոններ, որոնք ուղղված են հիպոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն և ֆինանսական համակա րգի նկատմամբ սպառողների վստահությունն ամրապնդելուն: Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է օրենսդրական փաթեթի մանրամասները:

– Պարոն Ալոյան, կառավարության նիստում Կենտրոնական բանկի կողմից ներկայացվեց բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթ: Նշվում էր, որ դրա նպատակն է պաշտպանել հիպոթեքային վարկառուների շահերը:  Կխնդրեմ ներկայացնել, թե  ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված նոր օրինագծով:

– Այսօր օրենքը սահմանում է բնակարանային հիփոթեքի մասին ընդհանուր դրույթներ: Առաջարկվող օրենսդրական փաթեթն անդրադառնում է հենց բնակարանային հիպոթեքի առանձնահատկություններին, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան օգտվել առավել թափանցիկ ու պաշտպանված բնակարանային հիփոթեքային վարկերից: Առաջինը, որ այս նախագծով կարգավորվում է, սպառողի տեղեկացված լինելու իրավունքն է: Օրենքի նախագիծը սահմանում է, որ կրեդիտավորողները` բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք հիպոթեկային վարկեր են առաջարկում, հաճախորդին տրամադրեն տեղեկատվական ամփոփագիր կոչվող փաստաթուղթ: Ընդ որում, այդ փաստաթուղթը տրամադրվելու է անվճար: Դրանից  բացի այն տեղադրվելու է կրեդիտավորողի կայքում: Այսինքն` այդ փաստաթուղթը պետք է հասանելի  լինի հաճախորդին:

 – Ամփոփագիր փաստաթուղթն ի՞նչ տեղեկատվություն է պարունակելու:

Կարդացեք նաև

– Այդ ամփոփագիրն իր մեջ ընդգրկուն ինֆորմացիա է պարունակում, այն է՝ վարկի արդյունավետ տոկոսադրույքը, այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս, վարկը ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները, վարկի մարման կանոնները, որոնք են վարկը պատշաճ չմարելու հետևանքները և այլն: Հետևաբար` սպառողը, լինելով առավել տեղեկացված, հնարավորություն կունենա վարկատուի հետ բանակցել իր համար նախընտրելի պայմաններով, ժամկետով և տոկոսադրույքով վարկի ձեռքբերման հարցի շուրջ:

Մի կարևոր դրույթի մասին, որը վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի կնքմանը. նախագծով կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկ ստացող քաղաքացու համար օրենքով սահմանվել է 7 աշխատանքային օր մտածելու համար: Կրեդիտավորողն, իհարկե, կարող է ավելի երկար մտածելու ժամանակ տրամադրել: Այդ առաջարկը 7 աշխատանքային օրվա ընթացքում կրեդիտառուի համար ուժի մեջ է մնում: Մտածելու ժամանակը կրեդիտառուի հնարավորությունն ու իրավունքն է գնահատելու, արդյոք առաջարկն իր համար ընդունելի է, թե ոչ: Եթե ընդունելի է, ապա մին չև այդ ժամկետի ավարտը ցանկացած պահի կարող է կնքել պայմանագիրը: Կարևորն այն է, որ եթե քաղաքացին հրաժարվի պայմանագիրը կնքելուց, ապա իր համար բացասական հետևանքներ չեն առաջանում:

Նախագծով սահմանվելու են նաև բնակարանային հիփոթեքի պայմանագրի նվազագույն պայմանները: Մասնավորապես՝տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, կրեդիտի մարման ժամանակացույցը, կրեդիտառուի կողմից վարկը պատշաճ ու ժամանակին չմարելու  հետևանքները: Պայմանագիրն արտացոլելու է նաև կրեդիտավորողի ու սպառողի միջև հաղորդակցման, կարգը:

Ի դեպ, նախագիծը ապահովում է, որ կրեդիտավորողը տեղեկացված լինի նաև պայմանագրի կնքումից հետո՝ դրա գործողության ամբողջ ընթացքում: Մասնավորապես, կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուին պարբերաբար տրամադրել անվճար քաղվածք, որտեղ արտացոլվում է, թե որքան է կրեդիտի մնացորդը, երբ պետք է հաջորդ վճարումը լինի և այլն: Կարևոր է, որ կրեդիտառուն ինքն է որոշում թե ինչպես ու ինչ եղանակով է ցանկանում ստանալ այս տեղեկատվությունը:

– Օրենքի նախագիծը նաև որոշակի կարգավորումներ է առաջ քաշում կապված վարկի վաղաժամկետ մարման և անշարժ գույքի գնահատման հետ: Ի՞նչ կարգավորումների մասին է խոսքը:

– Այո, հաջորդ կարևոր հարցը վերաբերում է վարկի վաղաժամկետ մարման գործընթացին: Որպես ընդհանուր կանոն նախատեսվում է, որ քաղաքացին միշտ կարող է վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարել: Կրեդիտավորողը չի կարող կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար կրեդիտառուից գանձել որևէ փոխհատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել: Բացառություն է միայն, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին 3 տարիների ընթացքում և եթե մեկ տա րվա ընթացքում կրեդիտի վաղաժամկետ մարվող գումարի չափը գերազանցում է այն գումարը, որը կստացվի կրեդիտի սկզբնական գումարը կրեդիտի սկզբնական տարիների վրա բաժանելու արդյունքում:

Անշարժ գույքի գնահատողների մասով՝ նախագիծը հստակ սահմանում է մի քանի կանոն, որոնցով պետք է առաջնորդվեն կրեդիտավորողներն անշարժ գույքի գնահատողների հետ համագործակցելիս: Նախ` կրեդիտավորողն իր համար ընդունելի գնահատողների ցանկում պետք է ներառի առնվազն 4 գնահատողի: Հաջորդ պայմանն այն է, որ այդ գնահատողները ներառված լինեն ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում:  Դրանից բացի, այդ 4 գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ և չպետք է փոխկապակցված լինեն կրեդիտավորողի կամ նրա ղեկավարների հետ:

– Դուք խոսեցիք վարկ վերցնող քաղաքացիներին պատշաճ տեղեկացնելու մասին, փորձը ի՞նչ է ցույց տալիս, մինչ այժմ այդ ամենը պատշաճ կարգով չէ՞ր իրականացվում բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից:

– Կարող եմ ասել, որ առաջին անգամ  օրենքի մակարդակով սահմանվելու է, թե բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման ոլորտում կրեդիտավորողը սպառողին ինչ ծավալի տեղեկատվություն ու ինչ եղանակով պետք է տրամադրի:

Նոր օրենքի նախագծով սահմանվում են միասնական ու ստանդարտ կանոններ որոնք թույլ կտան սպառողին հասկանալ իր ակնկալիքը, իսկ կրեդիտավորողին հասկանալ, թե ինչ ու ինչպես պետք է անել սպառողի համար պատշաճ տեղեկացումը ապահովելու համար:

Սպառողի տեղեկացված լինելու հանգամանքը բնակարանային հիփոթեքի շուկան կդարձնի առավել թափանցիկ ու կբարձրացնի սպառողների վստահությունը:

– Եթե բանկը կամ վարկատու կազմակերպությունը, չի կատարում այս գործընթացները, ի՞նչ լծակներ կան օրենսդրությամբ նախատեսված:

– Նախագիծը նախատեսում է պատասխանատվության մի քանի մեխանիզմներ: Նախ Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական համակարգի կարգավորող ու վերահսկող, ունի կարգավորիչ ազդեցության գործիքներ, ապահովելու համար օրենքի պահանջների կատարումը, այդ թվում, պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառում է կրեդիտավորողների նկատմամբ, եթե նրանք կխախտեն օրենքի պահանջները: Բացի դրանից, նախագիծը սահմանում է կրեդիտառուի առաջ կրեդիտավորողի պատասխանատվության մեխանիզմ, երբ կրեդիտառուն, ով կարծում է, թե կրեդիտավորողը խախտել է իր որևէ իրավունք, կարող է դիմել դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ:

Ընդ որում, կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կարող է բռնագանձվել երեք հարյուր հազար դրամ:

– Այս օրենսդրական փաթեթը ե՞րբ կմտնի ուժի մեջ:

– Ինչպես գիտեք Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել սույն թվականի դեկտեմբերի 1-ին և պետք է ներկայացվի Ազգային ժողով: Խորհրդարանի կողմից ընդունվելուց ու հրապարակվելուց հետո ուժի մեջ կմտնի մեկ տարի անց, որպես անցումային փուլ, որպեսզի կրեդիտավորողներն իրենց ընթացակարգերն ու վարքագիծը համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:

Աննա Գզիրյան

Տեսանյութեր

Լրահոս