2017թ. հունվարի 2-ից օծանելիքների և կոսմետիկ միջոցների համար գործելու է նոր տեխնիկական կանոնակարգ
«2017թ. հունվարի 2-ից գործելու է նոր տեխնիկական կանոնակարգ կոսմետիկ միջոցների համար: Մինչև հիմա տվյալ ոլորտը չէր հանդիսանում տեխնիկական կանոնակարգով կանոնակարգվող ոլորտ, և հունվարի 2-ից կգործի նոր տեխնիկական կանոնակարգ»,- այսօր օծանելիք և կոսմետիկ արտադրանք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ կազմակերպված իրազեկում-հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը: Դիմելով հանդիպման մասնակիցներին, նա ասաց, որ մինչև հունվարի 2-ը պետք է նրանց արտադրանքը լինի պատշաճ մակարդակի, համապատասխանի օրենքի տարրին, որպեսզի խախտումներ չարձանագրվեն և չտուգանվեն:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է ենթադրում այս փոփոխությունը, և ինչի՞ համար է այն արվում, Խալիկյանը պատասխանեց, որ մինչև հիմա որևէ կանոնակարգ չկար, իսկ կոնկրետ կոսմետիկ միջոցների որակից դժգոհողները շատ էին, քանի որ դրանցից առաջանում էին տարբեր առողջական խնդիրներ, իսկ հունվարի 2-ից գործող տեխնիկական կանոնակարգը կարգավորելու է այդ ամենը. «Սկսած հայերեն մակնշումից և ավարտած նրանով, թե ինչ բաղադրություն ունի տվյալ կոսմետիկ միջոցը, որ երկրի արտադրանք է, ում խորհուրդ չի տրվում, և այլն»:
Նա նշեց, որ ստուգումներն իրականացվելու են մի քանի տարբերակով. «Մի տարբերակը տեսազննումն է, երբ տեսուչը կարող է տեսազննումով հստակ տեսնել, թե տվյալ կոսմետիկ միջոցի վրա նշվա՞ծ է արտադրող երկիրը, ի՞նչ նյութերից է բաղկացած, ո՞ւմ համար է նախատեսված, և այլն: Իսկ մյուսը լաբորատոր փորձաքննությունն է, երբ տվյալ կոսմետիկ միջոցը հանձնվում է լաբորատորիային և փորձաքննության արդյունքում մենք կարող ենք ստանալ, թե ինչքանով է այն համապատասխանում նոր տեխնիկական կանոնակարգին: Եթե չի համապատասխանում, ապա տվյալ կոսմետիկ միջոցի վաճառքն արգելվում է»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանն էլ հավելեց, որ 2017թ. հունվարի 2-ից միակ գործող փաստաթուղթն այս ոլորտի համար լինելու է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը, որը նախատեսում է արտադրանք, որի նկատմամբ պետք է լինի պետական գրանցման փաստաթուղթ. «Եթե ԵՏՄ անդամ որևէ երկրում պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից տրված է համապատասխան փաստաթուղթ, դա հիմք է հանդիսանում ԵՏՄ տարածքում տվյալ արտադրանքը շրջանառելու համար»։
Ինչ վերաբերում է երրորդ երկրներից, օրինակ՝ Եվրոպայից ներմուծվող կոսմետիկ միջոցներին և օծանելիքներին, ապա Խալիկյանը նշեց, որ կարևոր չէ, թե որտեղից է ներմուծվում տվյալ արտադրանքը, եթե վաճառքն իրականացվում է Հայաստանում, ապա պետք է համապատասխանի այս տեխնիկական կանոնակարգին: Նա նաև նշեց, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ Հայաստանում կա կոսմետիկ միջոցների ներմուծմամբ զբաղվող 271 կազմակերպություն, բայց դրանցից միայն 42-են սերտիֆիկացրել ու տվյալ տեխնիկական կանոնակարգին համապատասխանեցրել իրենց արտադրանքը:
Արտադրանքների ցանկի և այլ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար արտադրողներին և ներմուծողներին խորհուրդ տվեցին զանգահարել թեժ գիծ՝ 23-56-00 հեռախոսահամարով: