«…Որպեսզի ապրիլի դասերը չմնան թղթի վրա գրված, այլ լինեն կյանքում սերտված»

Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի հետ

– Պարոն Պողոսյան, Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Ես զարմանում եմ, որ զարմանք է առաջանում, քանի որ չմոռանանք, որ Ադրբեջանի բոլոր իշխանավորներն ամեն մեկն իր ժամանակին խոստացել է, որ Սևանում ոտքերն է լվանալու, Էջմիածնում թեյ է խմելու, Երևանն իրենցն էգ Որևէ զարմանքի հարց չպետք է առաջանա` հաշվի առնելով, որ սպասվում է արտգործնախարարների հանդիպումը։ Նախագահների հանդիպման մասին խոսելն այս րոպեին ընդհանրապես ժամանակավրեպ կհամարեմ` հաշվի առնելով, որ դրա գլխավոր ջատագովներից մեկը` Ուորլիքը, այլևս չի ասոցիացվում` որպես ՄԽ համանախագահող։ Միգուցե տեխնիկապես դեռ կշարունակի պարտականությունները, բայց եթե մարդն ինքը բաց հայտարարում է, որ հեռանում է, դրանից հետո շատ տեխնիկական դերակատարում կարող է ունենալ և որևէ նախաձեռնություն չցուցաբերել, որպեսզի հետագայում ոչ մի հարցում չմեղադրվի։

Եվ այս բոլոր տեսակետներից որևէ զարմանք չպետք է հարուցեր Ալիևի հայտարարությունը։ Հակառակը, այս տեսակ հայտարարությունները կամ մտքի թռիչքները հայկական դիվանագիտությունը պետք է իր զինանոցում օգտագործի` մեկ անգամ ևս աշխարհին իրական Ադրբեջանի պատկերը ցուցադրելու, բոլոր արգումենտները շեշտադրելու և ամրագրելու համար։ Թեև դրանցից շատ ու շատ ունենք, բայց մեկ ավելը ևս պետք է օգտագործենք։ Այն, որ այսօր դրան միայն մեր փոխարտգործնախարարը կանդրադառնա, կամ Ֆեյսբուքում մարդիկ կքննարկեն, ինձ թվում է` դա չէ իրական մոտեցումը, այլ բոլոր տեղերում սա պետք է դառնա հայ դիվանագետների ամենօրյա շեշտադրումներից մեկը` ներկայացնելու, թե ով է մյուս կողմը, և ում հետ ենք բանակցում։

Այնպես չէ, որ չեն հասկանում, դրա համար ապրիլյան իրադարձություններն էլ էին բավական, բայց խնդիրները մեկ-մեկ լուծվում են, երբ հետևողական, կաթիլ-կաթիլ նպաստում ես դրան։ Մենք 1991 թ. սկսած իրենց բոլոր հայտարարություններին ևս մեկն ենք ավելացնում` ցույց տալու, որ որևէ բան չի փոխվել, հատկապես, որ շատ ժամանակ նկատվում է, որ եվրոպական տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ փորձում են այլ մոտեցումներ ձևավորել Ադրբեջանի հանդեպ և նշում են, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների, պետք է նրա հետ նստել և խոսել, օրինակ` Եվրանեսթի կամ Եվրոպական հանձնաժողովի շրջանակներում, ինչպես նաև թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմերին։

Թե ի՞նչ պետք է լինի, պատգամավոր դառնալուց հետո արդեն 4 տարի ես միշտ նույնն եմ շեշտում` պատերազմը չի ավարտվել, խնդրի լուծումը սերունդների երկարատև պայքարի մեջ եմ պատկերացնում, այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք և մեր խնդիրներն առաջ տանենք։ Իսկ թե ճանապարհին ադրբեջանական տարբեր ղեկավարներ ինչ կասեն, ուղղակի դրանք պետք է դիտարկենք հերթական հնարավորություն, թե ինչպես օր օրի ամրապնդենք մեր հայկական տեսակետները։

– Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ 3 պայմանավորվածությունն էր ձեռք բերվել, այդ թվում` հրադադարի խախտումների հետաքննման մեխանիզմների ներդրումը, որոնք այդպես էլ մինչ օրս կյանքի չեն կոչվել։ Հայաստանյան որոշ գործիչներ սա դիտարկում են` որպես Ադրբեջանի ուժի գերակայություն, որ Ադրբեջանն է իրադրության տերը։

– Իրադրության տերը միշտ այն զինվորն է, որը պահում է հողը, և այսօրվա դրությամբ իրադրության տերը Հայոց բանակը և Արցախի Պաշտպանության բանակն իրար հետ միասին են, որ կկանգնեն մինչև վերջ, մենք էլ` հասարակությունը, ունակ ենք լինելու իրենց ապահովել անվտանգության, դիտարկման տարբեր համակարգերով, տարբեր զինատեսակներով, ճիշտ հագուստով, ուտելիքով ամրապնդելով, և տերը մենք ենք լինելու, այս իրավիճակը ոչ մեկը չի փոխելու։

Իսկ այն, ինչ դիվանագիտության դաշտում է կատարվում, սկսած հունիսի վերջից, մի քանի անգամ նշել եմ` ԵԱՀԿ-ի ֆինանսական ծառայությունը պատրաստել էր տարբեր նախագծեր` և՛ Կասպրչիկի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, և՛ մեխանիզմների ներդրման, որոնց Ադրբեջանի դեսպանն այդ նիստերին ամեն անգամ վետո էր դնում։ Դրա մասին հայկական կողմը պետք է բարձրաձայներ հենց առաջին օրվանից, չսպասեր, որ համանախագահներն ասեն` ով է մեղավոր։ Եթե նպատակ էին դրել այս «փխրուն բանակցային գործընթացը» չվնասել, ստացան այն, ինչ ստացան։

Հայկական կողմի գործողություններն առնվազն Արցախում, նաև երեկ Տավուշի կողմից առաջնագիծը դիտարկման սարքերով է ապահովվել, նշանակում է` հայկական կողմի իրավիճակի տերերը նույնիսկ մեկ օր էլ չեն հապաղել և իրենց տնայինն արել են` առանց սպասելու ինչ-որ մեխանիզմների ներդրման։ Սրա մասին պետք է ավելի շատ մտածեին այն համանախագահները, ում պատվի հետ էր սա կապված, առաջինը` Վիեննայի համաձայնություններն ամերիկյան կողմի առաջնորդությամբ էին, երկրորդը` Սանկտ Պետերբուրգինը` Պուտինի, և նրանց պատիվն է ընկնում, քանի որ նրանց, չասեմ` քավորությամբ, այլ` միջնորդությամբ էին կողմերը հավաքվել, իսկ պայմանավորվածությունները չեն կատարվում։ Դե, վեր կացեք, հայտարարեք, թե ով է մեղավոր։

Ի դեպ, դրա մասին լավագույնս հենց նույն Ալիևն է երեկ ասել, որ չկա միջազգային իրավունք, կա ուժի տեսություն։ Դե ուրեմն, մենք էլ դրան պետք է պատրաստ լինենք։ Եթե նա իր հայրիկի 94թ.-ի ստորագրությունը չի հարգում, էլ ի՞նչ իմաստ ունի այդ մարդու հետ խոսել միջազգային իրավունքից կամ փաստաթղթից։ Վարչապետի ոճով ասենք` հավատո՞ւմ եմ մոտակա ժամանակներս Ալիևի փոխվելուն։ Չեմ հավատում։ Կլինի՞ Ադրբեջանում հեղափոխություն։ Չգիտեմ։ Կցանկանա՞ն աշխարհի երկրները։ Միգուցե։ Բայց այնտեղ կան այլ շահեր, և իմանալով, որ այդ շահերն այս րոպեին ավելի կարևոր են, քան Ղարաբաղի հարցի լուծումը, մենք պետք է հասկանանք մեր դերակատարումը։ Մենք ունե՞նք այնտեղ նավթային շահեր։ Ոչ։ Ի՞նչ շահեր ունենք։ Արցախյան հիմնախնդրի։ Դե ուրեմն, եկեք նպաստենք Արցախի հիմնախնդրի լուծմանը։ Իսկ դրա համար պետք է մեր ամեն հաջորդ սերնդին փոխանցենք մի բան ավելի ուժեղ և ավելի լավը։ Եկեք զբաղվենք դրանով։

– Պարոն Պողոսյան, դեկտեմբերի 9-ին հրապարակվելու է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի վերջնական զեկույցը։ Ի՞նչ է հետևելու դրան։ Նաև հայկական կողմը հայտարարել էր պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից թույլ տրված խոշտանգումների դեպքերի փաստով Միջազգային դատարան դիմելու մասին։ Ի՞նչ կա այս մասով, չե՞նք ուշանում արդյոք։

– Ուշանում ենք, դա նորություն չէ մեր ոճի մեջ։ Բայց եթե փորձում են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, պատրաստվել, որ այլևս որևէ մի դեպք չլինի, որ միջազգային դատարաններում ունենանք ոչ հայանպաստ վիճակներ, ապա միայն ուրախ կլինեմ։

Իսկ թե ի՞նչ է սպասվելու, ապա կրկին ամեն ինչը մեր ձեռքում է։ Կներկայացնենք զեկույցը, կաշխատենք, կտարածենք, հետամուտ կլինեք, որ ամեն ինչ տեղ հասնի, բնական է, ինչ-որ փոփոխություններ կունենանք։ Եթե ոչ, կդառնա հերթական զեկույց, որ կքննարկեն սոցիալական ցանցերում, ոմանք կկարդան, ոմանք չեն կարդա, և դրանով կավարտվի։

Վերջին տարիներին սրա նման իրավիճակներ շատ ենք ունեցել, երբ միշտ ասել եմ, որևէ միջազգային ատյանում ընդունված փաստաթղթի կամ որևէ նման զեկույցի օգտագործումը մեր ձեռքում է, արդյունք է տալիս հետևողական, ամենօրյա աշխատանքով ներկայացումն ու հիշեցումը։ Ադրբեջանը նման ձևով ողջ աշխարհին համոզեց, և հիմա ուրիշներն են կրկնում 20% գրավված տարածքների, 1 մլն փախստականների մասին։ Ասում էինք` ո՞վ է հավատալու, բայց շատերը հիմա նույնն են ասում` անկախ` գիտեն, թե չգիտեն, դա դառնում է ստերեոտիպային, և օգտագործում են։

Մենք էլ պետք է այնքան ասենք, որ ամբողջ աշխարհում եթե Ադրբեջանը փորձի խոսել ապրիլյան դեպքերից, նրան ասեն` ա՞յն, որ դուք գնացիք այսքան մարդու գլուխ, այսքան ականջ կտրեցիք, և այլն, որ Ադրբեջանն ինքը վախենա այդ մեթոդն օգտագործել։ Այնքան պետք է ներկայացնենք իրականությունը նույն ՄԱԿ-ի բանաձևերի մասին, որ Ադրբեջանն ինքը վախենա օգտագործել, որ նրան հարցնեն, որ այս-այս պարտավորությունները չէի՞ք կատարել։ Որ կողմն ուժեղ գտնվեց, չծուլացավ, թևաթափ չեղավ ու ամենօրյա աշխատանքով գնաց, հասնելու է արդյունքի։ Իսկ այդ ընդհանուր մթնոլորտը ձևավորում է, երբ քո ընկալումն է փոխվում, որ հասկանում ես, որ պատերազմը չի ավարտվել, պատերազմի մեջ ես ապրում, պատերազմի գրված և չգրված կանոնների հոգեվիճակում ես գտնվում, որտեղ ամեն նախարար, փոխնախարար, հասարակ մարդ որևէ որոշում ընդունելուց մտածում է` սա կարո՞ղ է չնպաստել հաղթանակին։

Արցախի օմբուդսմենն իր ջանքերով, առանց որևէ միջազգային աջակցության` շատ հրաշալի զեկույց է պատրաստել, որը Արցախն իր բոլոր հնարավորություններով կտարածի, բայց Հայաստանն էլ պետք է իր հնարավորությունները ծառայեցնի դրան, սփյուռքն էլ` իր։ Եվ սա ձնագնդի էֆեկտով ինչ-որ փոփոխությունների կբերի։ Եթե սա չարվի, կունենանք թույլ ազդեցություն և արձագանք։ Եվ այդ դեպքում մեղադրել որևէ մեկին չենք կարողանա, կստացվի, որ ապրիլի դասերը կմնան թղթի վրա գրված, բայց կյանքում չսերտված։

Տեսանյութեր

Լրահոս