«Ինչ են պայմանավորվում Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Ղարաբաղի շուրջ». Մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը

«Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ փոխվում է»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումներին:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը: Նա նաև նշել էր, որ հարաբերությունները ՌԴ-ի և Թուրքիայի միջև Սիրիայի, Իրաքի և Միջերկրական ծովի տարածաշրջանի հարցում շատ կարևոր են:

Չավուշօղլուն ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում և միակարծիք են խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մտադրության մեջ: Այս հանդիպումից անմիջապես հետո Չավուշօղլուն ուղևորվել էր Ադրբեջան՝ իր պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով, որի ընթացքում նախատեսվում է անդրադարձ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ևս:

Ստանիսլավ Տարասովը կարևորեց ապրիլյան պատերազմից հետո Թուրքիայի ղեկավարության փոփոխված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նա հիշեցրեց, որ Թուրքիան քննադատում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, հեղինակազրկելով նաև դրանում Ռուսաստանի մասնակցությունը, մեղադրելով միջնորդական առաքելությանն անգործության մեջ, խրախուսելով ադրբեջանական սադրանքները շփման գծում:

Սակայն, ըստ Տարասովի, չի բացառվում, որ Չավուշօղլուն Բաքու է մեկնել ռուսական հանձնարարականով՝ ադրբեջանական կողմի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ որոշակի համաձայնություններ ձեռք բերելու նպատակով: Փորձագետն ակնարկեց, որ այդ համաձայնությունները կարող են վերաբերել հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որոնց առաջարկով, ըստ Մարիա Զախարովայի, Ռուսաստանը հանդես էր եկել դեռևս 2011թ.: Տարասովի խոսքով,  չի բացառվում, որ անուղղակի առանցք է ստեղծվում Մոսկվա-Անկարա-Բաքու, որն ուղղված է հակամարտության թեժ փուլի կանխարգելմանը, քանի որ, ռուս վերլուծաբանի հավաստիացմամբ, Ռուսաստանին այսօր ամենևին ձեռնտու չէ նոր հակամարտության բռնկում իր սահմանների հարևանությամբ, հատկապես՝ Ղարաբաղյան գոտում, որը կրկին վտանգի տակ կդնի ռուս-թուրքական հարաբերությունները, ինչը Թուրքիան չափազանց լավ է հասկանում:

«Հաշվի առնելով Մամեդյարովի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ չի համաձայնել համբուրգյան 3+2 հանդիպմանը, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմը ցանկանում է օգտագործել բանակցային ներկայիս փուլը, որովհետև բանակցային օրակարգ այսօր գրեթե գոյություն չունի, իսկ հայկական կողմը պահանջում  է հետաքննության մեխանիզմների և Կասպրչիկի առաքելության ընդլայնում բանակցությունների հետագա կայուն շարունակականության համար:

Հայտնի չէ, թե արդյո՞ք Չավուշօղլուին կհաջողվի փոփոխություն մտցնել ադրբեջանական դիրքորոշման մեջ, դա կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկվի դրա փոխարեն, այնուամենայնիվ, ոչ մի նոր բան, քանի որ բոլոր հնարավոր առաջարկները կարգավորման գործընթացի վերաբերյալ արվել են»,- ասաց Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս