«Պաշտպանության նախկին նախարարն աչքաչափով էր նշանակում պաշտոնյաներին, դրա համար էլ ապրիլյան պատերազմին այդպիսի ճգնաժամ եղավ». Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ համագումարին ու դրա շուրջ ծավալված այն քննարկումներին, թե այն հիշեցնում էր ԽՄԿԿ համագումարները, ասաց, որ հին քաղաքական մշակույթը դեռ իր ազդեցությունը թողնում է ներկայիս գործընթացների վրա:

«Փորձ արվեց վերլուծել անցած շրջանը, ասել դրական և բացասական կողմերը, բայց նախագահի խոսքում պաթոս չկար. հանգիստ ու բանական վերլուծություն էր գնում: Խոսքն էլ հիմա հետևյալի մասին է. գործող վարչապետը եթե ընտրվի, կմնա ՀՀԿ-ի կազմո՞ւմ, թե՞ կստեղծի իր սեփական կուսակցությունը: Նախագահն իր ելույթով ցույց տվեց, որ դեռ իրողությունն այն է, որ ղեկավարում է ինքը, և ՀՀԿ-ն մնում է՝ որպես գերհզոր քաղաքական ուժ: ՀՀԿ-ն գերհզոր է, որովհետև ընդդիմադիրները բավական թույլ են»,- ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ ՀՀԿ-ի սոցիալական բազան բավականին մեծ է, իսկ մեր երկիրը հասել է նրան, որ մարդիկ ոչ թե գաղափարական ընտրություն են կատարում, այլ սոցիալական.

«Ցանկացած նոր քաղաքական ուժ, որը փորձում է մտնել քաղաքական դաշտ, պետք է նայի, թե քաղաքական թատրոնում տեղերն ինչպես են բաշխված. այլ տարբերակները մանկամտություն են: Ներկա վիճակում որքան էլ ընդդիմությունը վերամիավորվի, չի կարող լուրջ հակազդեցություն լինել գործող իշխանությանը: Մեր ծանր տնտեսական իրավիճակում մանիպուլյացիայի ենթարկելը բավականին հեշտ է»:

Ադիբեկյանը միևնույն ժամանակ նկատեց՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բնակչությունը մեծ հույսեր է կապում.

«Մարդիկ ասում են՝ Պուտինի մարդն է, մեզ կօգնի, ինչը հեքիաթ է: Պարզապես մենք պետք է կարողանանք ունենալ սեփական արտադրանք, որը մրցունակ է համաշխարհային շուկայում, ու հույսն այն է, որ Կարեն Կարապետյանն իր ֆինանսական կապերի միջոցով կկարողանա դրա համար գումարներ գտնել»:

Երկրի նախագահը, ըստ Ադիբեկյանի՝ իր շուրջն է հավաքում նոր, երիտասարդ կադրերի, որոնք ունեն արևմտյան կրթություն, ռուսամետ չեն: Մասնավորապես, նա նկատի ուներ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հետևաբար՝ կարծում է, որ այս գործընթացը եթե լինի շարունակական, ապա առաջիկա ընտրություններում կարող ենք նոր որակ տեսնել:

Ինչ վերաբերում է ՀՀԿ գաղափարախոսությանը, ապա, ըստ նրա՝ այն արդեն հին է.

«Նժդեհականությունն իմաստ կունենար, եթե մենք ձգտեինք ունենալ անկախություն, բայց մենք արդեն այն ունենք: Այդ գաղափարախոսությունը 19-րդ դարի է»:

«Մինչև հիմա նշանակումները մեր երկրում լինում են աչքաչափով, ծանոթով: Պաշտպանության նախկին նախարարն աչքաչափով էր նշանակում պաշտոնյաներին, դրա համար էլ ապրիլյան պատերազմին այդպիսի ճգնաժամ եղավ: Աչքաչափով բանակում նշանակո՞ւմ են անում: Ես նրան ասում էի՝ ո՞նց կարելի է 155սմ հասակ ունեցող մարդուն նշանակել դաշտային հրամանատար, որի ձայնն էլ ալտ է, գոնե տենոր կամ բարիտոն լիներ:

Ամերիկայի բոլոր նախագահները հիմա ունեն կաբինետ, որոնք մտածում են, մշակում են. փորձիր հիմա Սերժ Ազատիչին մի բան ասա. կասի՝ գիտես՝ ես չե՞մ մտածել. ոչ մի առաջարկ չեն ընդունում»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծամասնությունը պետք է բոլոր որոշումներում փոքրամասնության կարծիքն արտացոլի, իսկ Շարմազանովն ասում է՝ մենք մեծամասնություն ենք, մենք ենք որոշում:

«Այդպես չէ, այ ընկեր ջան: Ինքը որտե՞ղ է դա սովորել, ես չգիտեմ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս