«Բելառուսն ադրբեջանական նավթ կգնի». «Նեզավիսիմայա գազետա»
«Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջան կատարած այցին՝ գրելով, թե լուրերը, որ Լուկաշենկոն Բաքու էր մեկնել «նավթի հետևից», հաստատվել են: Այդ հարցը բարձրացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում և, դատելով հանդիպման արդյունքներից, լուծվել է։
Այն մասին, որ այդ թեման, ի թիվս այլ թեմաների, կքննարկվի ադրբեջանա-բելառուսական բանակցությունների շրջանակում, կարելի էր ենթադրել թեկուզ այն բանից, որ ադրբեջանական կողմից ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը:
«Բելառուսը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ նավթային ոլորտում երկարաժամկետ հեռանկարում։ Եթե դուք հետաքրքրված եք եվրոպական շուկայով և ոչ միայն Եվրոպայի, եկեք նստենք և պայմանավորվենք: Մենք պատրաստ ենք երկարաժամկետ հեռանկարով աշխատել Ադրբեջանի հետ պայմանավորվածության դեպքում»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին, որ Ադրբեջանը հոկտեմբերին մոտ 85 հազար տոննա նավթ է մատակարարել Մոզիրի նավթավերամշակող գործարանին։
«Դուք առաջին անգամ չէ, որ մեզ աջակցում եք, սակայն դա եղել է մեկանգամյա աջակցություն։ Ես հասկանում եմ, որ նավթի ցանկացած արտադրող պետք է ունենա ռազմավարություն։ Այդ պլանում մենք պատրաստ ենք առաջ շարժվել այնքան հեռու, որքան դա բխում է Ադրբեջանի շահերից»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ Թե հատկապես ինչ է պատասխանել այդ առաջարկներին Ալիևը, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։ Սակայն, վերլուծելով որոշ բաց աղբյուրների հաղորդագրությունները, կարելի է ենթադրել, որ Բաքուն պատրաստ է քննարկել այդ առաջարկները, կարծում են տեղի փորձագետները։
Նման պնդումների համար գլխավոր փաստարկը երկկողմ բանակցություններից հետո Ալիևի հայտարարությունն է՝ արված մամուլի համար։
«Մեր համագործակցության հարաբերականորեն նոր ուղղություն է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Եվ այստեղ նույնպես տրվել են համապատասխան հանձնարարականներ, որպեսզի այդ համագործակցությունը դառնա երկարաժամկետ և կայուն, որովհետև նավթային գործարքների և նավթի արտահանման ոլորտում, իհարկե, անհրաժեշտ են երկարաժամկետ մատակարարումներ»,- ասել էր Ալիևը։
Փորձագետների կարծիքով՝ Լուկաշենկոյին Բաքվի հետ նավթի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել է ստիպել Մոսկվայի հետ այդ խնդրի չլուծված լինելը: Դաշնակիցները ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել Բելառուսի համար նավթի գնի և Ռուսաստանի համար տարանցման նոր սակագնի շուրջ։
Կասպյան նավթը, անկասկած, կօգնի թե՛ Բելառուսի իշխանություններին, թե՛ նավթավերամշակող գործարաններին։