Բաժիններ՝

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՀՀ կառավարությանը տրամադրեց 40 մլն եվրոյի երկարաժամկետ վարկ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նոյեմբերի 30-­ին ստորագրվեց 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-­ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն՝ որպես համաստորագրող:

Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրենի ներկայացմամբ` խոսքը երկարաժամկետ վարկի մասին է, այն տրամադրվել է 20 տարի ժամկետով, իսկ պարտքի մարումը լինելու է 6­-րդ տարուց սկսած:

«Այն շատ ավելի թեթև բեռ է լինելու Հայաստանի համար: Վարկի ֆինանսական պայմանները նույնպես շատ արտոնյալ են, քանի որ ներառում է սուբսիդավորում Ֆրանսիայից, որով էլ հենց պայմանավորված են վարկի մեղմ պայմանները»,­- նշեց Ժան Կլոդ Պիրենին:

Նրա խոսքով՝ սա Հայաստանում կնքած իրենց երրորդ պայմանագիրն է: Նախկինում եղել են վարկային պայմանագրեր՝ ուղղված էներգետիկ արդյունավետությանն և Վեդիի ջրամբարի արգելապատնեշի կառուցմանը: «Մենք շատ դրական կարծիք ունենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայացած համագործակցությունների վերաբերյալ»,­- հավելեց Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն:

Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանման և մրցունակության ամրապնդման:

Նման բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները:

Ընդհանուր առմամբ, բյուջետային աջակցության վարկերն ունեն ակնհայտ առավելություններ. մասնավորապես բյուջետային աջակցության միջոցների բաշխման և օգտագործման ճկունությունն ավելի բարձր է, քանի որ տվյալ պարագայում կառավարությունը գերակայությունների և առաջնահերթությունների վերանայման դեպքում միջոցները արագ վերաբաշխելու իրավասություն ունի: Բյուջետային վարկերը կարող են օգտագործվել այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք թեև ետգնման եկամտաբերություն չունեն, սակայն կարևոր հանրային և ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար:

Եվ վերջապես, բյուջետային աջակցության վարկերն ուղղակիորեն ստացվում են իրականացվող քաղաքականության ներքո և ուղղվում են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը` իրականացվող քաղաքականության միջոցառումների ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, յուրաքանչյուր բյուջետային աջակցության վարկի տրամադրման համար սահմանվում են նախապայմաններ և միջոցառումներ, որոնց իրականացումը կառավարությունը համարում է գերակա և որոնք արդեն իսկ հաստատված են կառավարության կողմից ընդունված ռազմավարություններով և/կամ տարեկան գործողությունների ծրագրերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս