«Հայաստանի համար այս պահին շատ կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Իրաքի հյուսիսում և Հալեպում». Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանի համար այս պահին շատ կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Իրաքի հյուսիսում և Հալեպում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ նշված վայրերում տեղի ունեցող իրադարձություններն ավելի կարևոր են, քան նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը:

«Այն, ինչ կատարվում է Սիրիայում և նավթի շուրջ տեղի ունեցող շարժը, որոշելու են տարածաշրջանի ապագան: Հալեպում իրավիճակը շատ հետաքրքիր է, իսկ մեզ համար շատ կարևոր է այն, որ Թուրքիան այս պահին հիմնական խաղացողներից է: Իսկ Թուրքիան մեզ վրա ուղիղ է անդրադառնալու: Ես դեռ չեմ խոսում այնտեղ մնացած հայերի մասին, որոնց թիվն այդպես էլ հստակ չգիտենք: Իրաքի հյուսիսում տեղի ունեցողը նույնպես կարևոր է, որովհետև ամբողջովին այլ տարածաշրջան ենք ունենալու: Իսկ Սիրիայի ճակատագիրն էլ կախված է Ամերիկայի քաղաքականությունից, որտեղ այս պահին փոփոխություններ են ընթանում: Այսինքն՝ տարբեր իրադարձություններ են, որոնց պետք է ուշադրությամբ հետևել»,- նշեց նա:

Ըստ նրա՝ թուրքերը փորձում են սիրիական հարցն այնպես ներկայացնել, թե իբր այնտեղ ինչ-որ բան է կատարվում, իսկ իրենք փորձում են կարգ ու կանոն հաստատել: «Դեմոկրատիայից խոսում է այն Թուրքիան, որն ադրբեջանանում է»,- ասաց նա՝ նկատելով, որ Էրդողանի վերջին հայտարարությունն էլ այն մասին, թե իրենց նպատակն Ասադի իշխանությունը տապալելն է, հենց այս կոնտեքստում է արված:

«Հասկանալի է, որ Թուրքիան իր հետաքրքրություններն ունի Սիրիայում, ու պարզ է, որ չի պատրաստվում այնտեղ «կարգ ու կանոն» հաստատի և հեռանա: Նույնը նաև մյուս խաղացողների դեպքում է»,-նկատեց քաղաքագետը:

Այս ամբողջ կոնտեքստում, ըստ քաղաքագետի՝ Հայաստանը երկիր է, որտեղ հոգեբանորեն չեն ապրում, որտեղ ապրում են աշխարհագրորեն. «Մեզ հոգեբանորեն թվում է, թե Մոսկվան մեզ ավելի մոտ է, քան Հալեպը, կամ Բրյուսելն ավելի մոտ է, քան Մոսուլը: Մեզ թվում է, թե այն, ինչ կատարվում է Հալեպում կամ Իրաքի հյուսիսում, ինչ-որ հեռավոր բան է, իսկ այն, ինչ տեղի է ունենում Ամերիկայում կամ Ռուսաստանում, մեզ ավելի մոտ է, բայց դա այդպես չէ»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Լուկաշենկոյի և Ալիևի համատեղ հայտարարությանը  և նշեց, որ Ադրբեջանում Լուկաշենկոն այլ բան չէր էլ կարող ասել: «Երբ քաղաքական գործիչը խոսում է, պետք է նախ՝ հաշվի առնել, թե ով է խոսողը, ապա՝ ինչ կոնտեքստում է խոսում, երրորդ՝ որտեղ է խոսում, չորրորդ՝ ինչու է խոսում, և միայն վերջում է պետք ուշադրություն դարձնել, թե ինչ է ասում: Նրա առաքելությունը ոչ թե ճիշտն ասելն է, այլ ճիշտ գործիքներ կիրառելը: Լուկաշենկոն տաղանդավոր քաղաքական գործիչ է, ունի հրաշալի հռետորություն: Եթե հետևեք նրա ելույթներին, թե ինչ է ասում չինացիների հետ հանդիպման ժամանակ, ինչ է ասում ռուսների, ուկրաինացիների և այլոց հետ հանդիպումների ժամանակ, ապա կտեսնեք տարբեր Լուկաշենկոների: Մտածել, թե Լուկաշենկոն գիշերը չի քնում ու մտածում է ղարաբաղյան հարցի կարգավորման մասին, չափազանցություն կլինի: Լուկաշենկոն ունի հետաքրքրություններ, որոնք կապված են միայն իր երկրի հետ: Եթե մի օր նա այստեղ լինի, լրիվ այլ բան կասի»,- պարզաբանեց նա՝ ընդգծելով՝  Լուկաշենկոն նման հայտարարություն աներ թե չաներ, ոչինչ չէր փոխվելու:

Տեսանյութեր

Լրահոս