
Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանն ու Բելառուսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին՝ համաձայն միջազգային իրավունքի չափանիշների։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին Բաքվում կայացած բանակցությունների արդյունքով։
Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը կարևորում են ԼՂ հակամարտության կարգավորումը՝ համաձայն բոլորի կողմից ընդունված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, որոնք հիմնվում են պետությունների տարածքային ամբողջականության, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի ու ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա։
Ալիևն ու Լուկաշենկոն նշել են, որ հակամարտության կարգավորմանը պետք է տրվի հավելյալ քաղաքական խթան՝ այն շուտափույթ կարգավորելու նպատակով։