«Ինչի՞ եք սեղմում պատգամավորին, որ սեղմում եք, էներգիան ուրիշ տեղ դուրս կգա». Հրանտ Բագրատյան

«Սահմանադրությամբ՝ այն, ինչ կոչվում է Ազգային ժողով, այնտեղ հիմնական ինստիտուտը պատգամավորն է, ոչ թե Ազգային ժողովի ապարատը, նախագահը, տեղակալը»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ նկատեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Ըստ նրա՝ պատգամավորը պետք է ունենա նույնիսկ այնքան իրավունք խոսելու, որքան վարչապետը. «Ես չեմ հասկանում՝ 5 րոպեն ո՞րն է, բա պատգամավորին ընտրել են, մարդը պետք է կարողանա արտահայտվի, ինչի՞ եք սեղմում, որ սեղմում եք, էներգիան ուրիշ տեղ դուրս կգա։ Հոդված 61-ն ընդհանրապես չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարող է խմբակցության ղեկավարը լիազորագրի հիման վրա՝ պատգամավորի տեղը քվեարկի։ Պատգամավորի տեղն ո՞վ կարա քվեարկի, ինչո՞ւ եք նման բանի գնում։ Կարծում եմ՝ մեծամասնությունն ուզում է՝ իրեն երաշխիքներ ստեղծի»։

Նախագծի հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանն ասաց, որ պատգամավորների ելույթների ժամանակահատվածը սահմանափակելու հետ կապված՝ նախագծի հեղինակները հիմնավորում են, որ 10 րոպեում մտքերը կրկնվում են, և ձգձգվում է նիստը, դրա համար առաջարկվել է 5 րոպե. «Արդեն Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց դարձնել 7, կարծես թե հեղինակները համաձայն են։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ պատգամավորը լիազորի խմբակցության ղեկավարին՝ իր փոխարեն քվեարկություն անելու հետ կապված, սա շատ կարևոր է, որ պատգամավորը եթե հարգելի պատճառով է բացակայում, լիազորում է իր փոխարեն խմբակցության ղեկավարին, որ նա դա անի, բա ո՞ւմ լիազորի»։

Հ. Բագրատյանն այսպես արձագանքեց Վ. Մկրտչյանի պարզաբանումներին.  «ԱԺ հիմքը պատգամավորն է, իսկ դուք այստեղ բռնել ենք՝ նրան անընդհատ նեղել եք, մինչդեռ այն ստից հարցերին՝ կառավարությանը՝ 30 րոպե, ներկայացուցչին՝ 40 րոպե, մյուսին՝ 1 ժամ։ Պատգամավորի խնդիրը խոսելն է, ի՞նչ 7 րոպե, պետք է 10 սարքել։ Ես ձեզ չեմ հասկանում, ժողովուրդն ընտրում է ձեզ, ինձ, ո՞նց կարող է մեկը մյուսին լիազորել քվեարկել։ Սրանից ես ուրիշ բանի հոտ եմ առնում»։

Վ. Մկրտչյանն ասաց, որ ելույթների տևողության հարցը կքննարկվի, իսկ ինչ վերաբերում է քվեարկության համար լիազորելուն, նա ասաց, որ պրակտիկա կա, որ պատգամավորը կարող է փակ ծրարով իր որոշումը հայտնել քարտուղարություն. «Մենք այդ որոշումը  տալիս ենք խմբակցության ղեկավարին, որ նա իրացնի»։

Տեսանյութեր

Լրահոս