«Ընդդիմությունը հաղթելու շանս չունի». Էդուարդ Շարմազանով
«Բնականաբար, գումարները պետք է ծախսվեն նպատակային, և մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների շահագրգռվածությունը, որպեսզի Հայաստանում 2017թ. ընտրություններն իրոք լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Դրա համար անհրաժեշտ է 3 քայլ. քայլ առաջին` իշխանությունների քաղաքական կամքն է, որը դուք տեսաք, որ կա, քայլ երկրորդ` քաղաքական կոնսոլիդացիան ու կոնսենսուսը քաղաքական ուժերի մեջ, որ էլի պատմական համախմբման հասանք ընդդիմությունն ու իշխանությունը, և քայլ երրորդ` դրամական միջոցների հայթայթումը, որ կարծես թե այդ հարցն էլ է լուծվում մեր գործընկերների կողմից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՄՆ կառավարության հայտարարությունը, որում ողջունվում է Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և ընդդիմության միջև համաձայնության ձեռքբերումը, և ասվում է, որ ԱՄՆ-ը միանում է ԵՄ, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարություններին և պատրաստակամ է օժանդակել այդ համաձայնության իրականացմանը, ցուցաբերել ընտրության վերահսկման մեխանիզմների ներդրման համար ֆինանսական կամ նյութական աջակցություն:
Է.Շարմազանովը նշեց, որ բոլոր միջազգային գործընկերների հետ, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ, բնականաբար, իրենք երկարատև գործընկերներ են:
Դիտարկմանն ի պատասխան, որ ՀՀ իշխանությունը քաղաքական կամք չի ցուցաբերում, ինչի վկայությունը կեղծիքներով լի ընտրություններն են, Է. Շարմազանովը նշեց.
«Ես չեմ կիսում այն գնահատականը, որ մենք անընդհատ գնում ենք ընտրությունների վատթարացման ճանապարհով: Ընտրությունների լավագույն գնահատականը միջազգային դիտորդներն են: Աստիճանաբար, սկսած 2002-2003 թվականներից, ընտրական պրոցեսներին՝ նույն ԱՄՆ Պետդեպի դիտորդական գնահատականը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵՄ դիտորդների գնահատականները նայեք և կտեսնեք, որ յուրաքանչյուր ընտրություն աստիճանաբար ավելի լավ գնահատական է ստանում, քան նախորդը»:
Ըստ նրա` աշխատելու և բարելավելու տեղ, իհարկե, կա: Շարմազանովի խոսքով` եթե անգամ ժողովրդավարական լուրջ ավանդույթներ ունեցող ԱՄՆ-ում ընտրական գործընթացների ժամանակ շատ պրոբլեմներ կան և բարելավելու խնդիրներ կան, ապա ինչպե՞ս կարող է երիտասարդ ժողովրդավարություն ունեցող Հայաստանը չունենալ խնդիրներ. «Ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ: Հասարակությունը պետք է պահանջի, ընդդիմությունը՝ քննադատի, բայց դա պետք է լինի կառուցողական, և նպատակը ոչ թե ստվեր գցելը լինի, այլ օժանդակելը: Ավելի քան 10 տարվա կտրվածքով առաջին անգամ է, որ ընդդիմությունն ու իշխանությունը եկել են պատմական համաձայնության»:
168.am-ի հարցին, թե ընդդիմությունը շանս ունի՞ հաղթելու խորհրդարանական ընտրություններում, Է.Շարմազանովը պատասխանեց. «Անկեղծ` ոչ: Ո՞վ է ընդդիմությունը, մի հատ նայեք, էլի, ի՞նչ է նշանակում՝ շանս ունենալ»:
Նա չհամաձայնեց մեր դիտարկմանը, որ ԱՄՆ-ում էլ նախընտրական շրջանում կանխատեսվում էր, որ Քլինթոնն է հաղթելու. «ԱՄՆ-ում չէին կանխատեսում, պաշտոնական Վաշինգտոնի մերձակա քաղաքագետներն էին ասում, դա այլ բան է»:
«Նորմալ ժողովրդավարական ընտրություն՝ չի նշանակում, որ ՀՀԿ-ն պարտվի, ընդդիմությունը հաղթի»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ բոլորն իրենց մրցակից են, և քաղաքականության մեջ, ինչպես քրիստոնեության մեջ, գոռոզությունը տունը կքանդի, հարգանքով պետք է վերաբերվել: Ըստ նրա` ՀՀԿ-ն գիտի, որ կան բազում խնդիրներ, և ժողովրդի ուշքը չի գնում իրենց համար, բայց ամեն դեպքում ակնկալում են ազնիվ, ժողովրդավար մրցապայքար:
«Եթե ամեն ինչ մենք կարողանանք անել Ընտրական օրենսգրքի ոգուն և տառին համապատասխան, ապա որևէ խնդիր չի լինի»,- ասաց նա:
Է.Շարմազանովը վստահություն հայտնեց, որ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի, «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» և այլ ընդդիմադիրների միավորումը չի կարող տեղի ունենալ, որովհետև նրանց արտաքին քաղաքական կողմնորոշումները տարբեր են: