«Մխիթարյանը պետք է օգտագործի շանսը` իր և «Մանչեսթեր Յունայթեդի» Եվրոպայի հույսերի համար». Metro
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բարդ իրավիճակում է ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլև Եվրոպայի լիգայում: Մանչեսթերյան գրանդի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել հեղինակավոր Metro պարբերականը, ով մանչեսթերյան ակումբի լավ խաղը կապում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ներկայացնում ենք անգլիական պարբերականի անդրադարձը Մխիթարյանին և մանչեսթերյան ակումբին:
««Մանչեսթեր Յունայթեդը» երրորդն է A խմբում, ինչը նշանակում է, որ եթե «Կարմիր սատանաները» ցանկանում են մնալ Եվրոպայի լիգայում, ապա պարտավոր են հաղթել այս խաղում:
Սա մեծ հնարավորություն է Մխիթարյանի համար: Ժոզե Մոուրինիոն պարզ ակնարկեց, որ Մխիթարյանը վերջապես կստանա իր հնարավորությունը, այն բանից հետո, ինչ 27 միլիոնի դիմաց տեղափոխվեց Դորտմունդից:
Սա վերջապես փայլելու հնարավորություն է Մխիթարյանի համար: Հույս է պետք ունենալ, որ սա կլինի ավելի երկար խաղ, քան նա երբևէ անցկացրել է պաշտոնական հանդիպումներում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը խաղացել է մի քանի րոպե և մեկ խաղակես մանչեսթերյան դերբիում»,- գրում է պարբերականը:
Պարբերականը մեկնարկային կազմում ընդգրկել է մանչեսթերյան ակումբի հարձակման գրեթե ողջ ներուժը` Իբրահիմովիչ,Պոգբա, Ռունի և Մխիթարյան:
Ըստ պարբերականի` մանչեսթերյան ակումբը պետք է անի ամեն ինչ հաղթելու համար, որպեսզի պահպանի տեղը Եվրոպայի լիգայում և վերականգնի երկրպագուների վստահությունը:
Սիրարփի Աղաբաբյան