
«Բարսելոնան» և Մեսսին ռեկորդների հեղինակ են դարձել

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրի ընթացքում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սելթիկին»:
Այս հանդիպումը ռեկորդային էր կատալոնական ակումբի համար, քանի որ այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» դարձավ առաջին ակումբը, ում եվրագավաթներում հյուրընկալվելիս հաջողվել է 100 անգամ հաղթել:
Կատալոնացիները հաղթանակ տոնեցին թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի դուբլի շնորհիվ: Մեսսիի հեղինակած 99-րդ և 100-րդ գոլերը ռեկորդային էին, քանի որ դրանց շնորհիվ արգենտինացին դարձավ ֆուտբոլի պատմության` միջազգային մրցաշարերում ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստը:
Մեսսին 100 գոլերը հեղինակել է 119 հանդիպումներում և միայն կատալոնական ակումբի կազմում:
«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորթինգի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» կազմում խփել է ընդհանուր 99 գոլ և այս արդյունքով երկրորդն է:
Սիրարփի Աղաբաբյան