Բաժիններ՝

Դպրոցական քննությունների ժամանակացույցը հաստատվել է. ավարտական քննությունները կսկսվեն դեկտեմբերի 26-ից

ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանում տվեց վերջին օրերին քննարկվող քննությունների ժամանակացույցի վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 24-30-ը և/կամ  հունիսի 1-24-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնում է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այս ծրագիրը նոր է, նպատակ ունի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ավագ դպրոցը կարողանա իր առաքելությունը կատարել. «Ավագ դպրոցում՝ 12-րդ դասարանում ունեինք 6 քննություն, հիմա 5-ն է, ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ երկրորդ կիսամյակում երեխան կարողանա ընտրել այն առարկաները, որոնցով պետք է շարունակի իր հետագա կրթությունը բուհում: Երկրորդ կիսամյակում երեխաները կընտրեն առնվազն երեք առարկա, կարող են ընտրել ավելի շատ առարկաներ: Պարտադիր ոչինչ այս գործընթացում չկա, ամեն ինչ երեխայի ընտրությանն է թողնված: Այն երեխաները, որոնք չեն մասնակցում միասնական քննություններին կամ չեն ուսումնասիրելու երկրորդ կիսամյակում այն առարկան, որից պետք է քննություն տան, հնարավորություն են ստանում քննությունը հանձնել դեկտեմբեր ամսին»:

Բոլոր այն աշակերտները, որոնք դեկտեմբերին կհանձնեն ավարտական քննություններ, բայց երկրորդ կիսամյակի կեսից ցանկություն կունենան նաև միասնական քննությանը մասնակցելու, Ն. Հովհաննիսյանի խոսքով՝ կարող են ավագ դպրոցում շարունակել կրթությունը երկրորդ կիսամյակի մարտ ամսից, քանի որ միայն հունիսյան քննություններից հետո շրջանավարտները կարող են վկայական ստանալ:

Կարդացեք նաև

Հարցին՝ եթե հունվար ամսից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածն աշակերտը բաց է թողել որոշակի ժամեր, ինչպե՞ս պետք է հանձնի միասնական քննությունը, նա այսպես պատասխանեց. «Միասնական քննության երեխան կարող է գնալ՝ առանց դասընթացին մասնակցելու: Եթե, օրինակ՝ ապրիլ ամսին զգացել է, որ իրեն պետք են միասնական քննություններ, իսկ դեկտեմբերին հանձնել է ավարտական քննություն, արդեն իր խնդիրն է, թե ինչպես կուսումնասիրի ու կհանձնի այդ քննությունները: Ամեն ինչ աշակերտի ցանկությանն է թողնված: Եթե ավարտական քննությանը հանձնել է պատմություն, և միասնական քննություն էլ է ցանկանում հանձնել պատմությունից, ապա դեկտեմբեր ամսի գնահատականն է գնալու ատեստատ՝ անկախ նրանից, թե քանի միավոր կստանա միասնական քննության ժամանակ»:

Նա նաև նշեց, որ այս ծրագիրը կրկնուսույցների դեմ չէ. «Մենք ուզում ենք՝ երեխան գա դպրոց, ստանա գիտելիքները, իսկ օրվա երկրորդ կեսից հետո կգնա՞ կրկնուսույցի մոտ, թե՞ ոչ, դա իր խնդիրն է: Մենք կատարենք մեր առաքելությունը, ասենք, որ ամեն օր աշակերտին գիտելիք տալիս ենք, և, եթե նա հաճախի ավագ դպրոց, սովորի, անպատճառ կընդունվի բուհ, մնացածն այլ հարց է. երեխան է որոշողը»:

168.am-ի ճշտող հարցին՝ աշակերտները երբանի՞ց են տեղյակ եղել, որ այս տարվա դեկտեմբերին արդեն ավարտական քննություն են հանձնելու, որին, փաստորեն, մնացել է մեկ ամիս, և արդյո՞ք իրազեկման խնդիր չի եղել, որ բազմաթիվ ուսուցիչների և աշակերտների մոտ հարցեր են մնացել այս թեմայի վերաբերյալ, նա այսպես պատասխանեց. «Օգոստոսյան խորհրդակցություններին արդեն իմացել են, որ իրենք 3 քննություն են հանձնելու առաջին կիսամյակի վերջում: Նախարարը երբ եկավ, հայտնեց սրա մասին, որ երեխաներին պետք է բեռնաթափել: Մանկավարժներն ու տնօրեններն էլ տալիս էին նույն հարցերը, ինչ այսօր դուք՝ լրագրողներդ: Փոփոխությունների դեպքում տարբեր հարցեր անընդհատ առաջանում են: Եթե աշակերտը պատրաստ է քննության, ապա դեկտեմբերին կհանձնի, եթե ոչ, կարող է հունիսին հանձնել: Նոյեմբեր ամսից բոլոր առարկաները կրկնում են, անցնելու նոր բան չունեն, ու լավ սովորող աշակերտները կարող են հանձնել: Մասնակցության թիվը գուցե բարձր չլինի, ես չգիտեմ»:

Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հետևյալ ժամանակացույցով.

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26

«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28

«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29

«Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը տրվում է 90 րոպե,

«Գրականություն» առարկայից` բանավոր,

«Հայոց պատմություն» առարկայից` բանավոր,

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե,

«Բնագիտություն» առարկայից` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից գրավոր՝ սովորողի ընտրությամբ. քննությանը տրվում է 120 րոպե,

«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) առարկայից` բանավոր` աշակերտի ընտրությամբ,

«Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում),

«Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար,

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է

«Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե

«Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարաններում,

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս