Իշխանության թիրախը՝ մարդ
Կաղապարներ։ Մտակաղապարներ՝ անձնային հարթությունում, վարքագծային նորմեր՝ հանրային մակարդակում։ Խորքում հենց դրանք են հասարակության կառավարման, ենթարկեցման հիմնական գործիքները, որոնց արտահայտություններն առավելապես տեսնում ենք քարոզչության մեջ։
Ընտրություններ։ Իշխանությունը միշտ հաղթելու է։ Ընդդիմադիրները ծախված են։ Բոլոր։ Ընտրաձայնը ոչինչ չի որոշում։ Ուրեմն՝ ավելի լավ է վերցնել ընտրակաշառքը։ Չլսել։ Արդարության ու օրինականության մասին։ Ոչինչ։ Ու նաև ծրագրեր, գաղափարներ, ընտրությանը ներկայացվող պրոդուկտ։ Չլսել ու չտեսնել ոչինչ։ Չմտածել՝ վերջին հաշվով։ Չմտածելու գաղափարն է ընկած հասարակության ստվերային կառավարման հիմքում։ Կամ՝ կառավարման ստվերում։
Դրա նրբություններից մեկն այն է, որ ո՛չ կառավարողները, ո՛չ անգամ մեթոդի իմպլեմենտատորները, բոլոր նրանք, ովքեր օգտագործվում են կառավարման համար ու հանուն կառավարման, ահա բոլոր դրանք չեն գիտակցում ստվերային կառավարվողի իրենց կարգավիճակը։ Որովհետև ապրում են ազատության պատրանքով, որը անկախության պատրանքից ածանցվող պատրանք է։ Անանկախ երկրի անազատ քաղաքացիներին անկախության ու ազատության ներշնչում ապահովող պատրանք է։ Արարողակարգով։ Անկախ պետության բոլոր ատրիբուտներով։
Նախագահ ու պատվիրակություն դիմավորել-ճանապարհելով։ Ու նաև հանրահավաքներում իշխանափոխության կոչեր հնչեցնելով։ Դեմոկրատիայի թատրոնով՝ մի խոսքով։
Պատրանքային իրականության մեջ ապրող հասարակությունը հեշտ կառավարվող հասարակություն է։ Ու ուտող։ Ընտրակաշառքներ ու փոփոխությունների շոուին հավատալու համար հրամցվող քարոզչական խայծեր։ Ուտող ու չուրացող։ Ընտրությունից ընտրություն երախտագիտություն հայտնող։
Քարոզչությունից ու ընտրակաշառքից ու օրվա հացի ապահովման ողորմածությունից կախված հասարակությունը անազատների հասարակություն է։ Ու դա իշխանությանը ձեռնտու ու իշխանատու հասարակություն է։ Որովհետև չքարոզվող ու ընտրակաշառք չուտող ու ապրուստը ոչ թե գոյատևում, այլ երջանիկ կյանք դարձնել կարեցող հասարակությունը ազատ մարդկանց հասարակություն է։ Իսկ ազատ մարդ նշանակում է բանող մարդ՝ ոչ թե ապրուստի համար բանող, այլ մտածող մարդ ու դատող մարդ ու եզրահանգող մարդ ու հաշվող մարդ։
Հաշվող ու ընտրակաշառքի քոռուփուչությունը գնահատող, ու գնահատելով՝ ընտրակաշառքից հրաժարվող ու ընտրակաշառքից հրաժարվելով՝ ընտրություն կատարող ու ձայնը չծախող ու ձայնի կեղծման դեպքում ընդվզող մարդ։ Եվ ուրեմն՝ լավ ապրող, կուշտ ու ֆիզիոլոգիականից թեկուզ նշույլ ավելի կուշտ ապրող ու մտածող մարդիկ իշխանության ամենամեծ թշնամիներն են։
Իսկ դա նշանակում է, որ իշխանության ավելի մեծ թշնամին հասարակության լավ կյանքն է ու ապագան, որի դեմ նրանք պայքարում են հասարակությունից թաքուն, պայքարում են՝ այն կասեցնելով ու օրորոցում խեղդելով։ Որովհետև լավ ապագայի հույսն անգամ նշանակելու է գոնե մի անգամ դեպի այդ ապագա տանող ճանապարհի ընտրություն, ինչն էլ ինքնին նշանակելու է գործող իշխանության ու քաղաքական համակարգի մասնակիցների մեծամասնության բացառում։
Առհավետ։ Ահա և Հայաստանի ախտորոշումը, որը ստվերային քարոզչությունը չի հնչեցնում ու չի թմբկահարում։ Հասարակությանը չտխրեցնելու ու հանկարծ չարթնացնելու համար, բնականաբար։
Իսկ ոմանք միամտորեն կամ քարոզչաբար ասում են՝ նոր կառավարություն, կրթված դեմքեր ու նոր ընտրություններ ու նոր Սահմանադրությամբ նոր խորհրդարան։ Նոր կաղապարներ՝ մի խոսքով։ Բթացնող կաղապարներ՝ ավելի անկեղծ։ Ու մտածումի բացակայություն։