Ռուս-թուրքական հարաբերություններ. վատթարացումից մինչև հաշտեցում և կարգավորում

Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները՝ հատկապես  տնտեսական, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա: Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերի հարցում երկու երկրների հակադիր դիրքորոշումները չէին կարողացել խանգարել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որոնք գերակայել են քաղաքական տարաձայնությունների նկատմամբ։ Երկրները հայտարարում էին, որ ծրագրում են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 30 մլրդ դոլարից հասցնել մինչև 100 մլրդ դոլարի։ Ռուսաստանը Թուրքիայի առաջին գազամատակարարն է, ապահովում է Թուրքիայում գազի սպառման մոտ 55%-ը՝ 25-27 մլրդ մ3։ Թուրքիան Ռուսաստանին խնդրում էր հավելյալ 3 մլրդ մ3 գազ մատակարարել իրեն, քանի որ երկրում շարունակ աճում է գազի պահանջարկը։ Կողմերը ձգտում են կյանքի կոչել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը՝ չնայած ԵՄ-ի հակազդեցությանը։ Բացի այդ Ռուսաստանին է շնորհվել Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման իրավունքը։

2015թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում մեկնարկ տրվեց Ռուսաստանի ռազմական միջամտությանը, ինչը չէր կարող չհարուցել վերջին տարիներին Բաշար Ասադի վարչակարգի պաշտոնանկությանն ամեն կերպ տենչող Թուրքիայի իշխանությունների դժգոհությունը, որոնք այդ ընթացքում զգալի քայլեր էին ձեռնարկել տվյալ ուղղությամբ՝ մեծապես աջակցելով սիրիական չափավոր ընդդիմությանն (Սիրիական ազատ բանակ) ու ահաբեկչական խմբավորումներին (ԻՊ, Ջաբհաթ ալ-Նուսրա)։ Ռուսական ռազմական միջամտությունից առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի համար ստեղծվել էր բավականին վտանգավոր իրավիճակ. մինչ այդ նրա զորքերը դուրս էին մղվել Պալմիրայից ու Իդլիբից և թուրքական իշխանությունների պնդմամբ՝ վերահսկում էին երկրի տարածքի միայն 14%-ը։ Թուրքիայում անմիջապես հասկացան, որ Ռուսաստանի ռազմական միջամտությամբ Բաշար Ասադի վարչակարգի տապալումն առնվազն հետաձգվում է անորոշ ժամկետով, իսկ սիրիական ընդդիմության դիրքերը՝ թուլանում, ինչը վտանգի տակ է դնում նաև Թուրքիայի դիրքերը Սիրիայում։ Դժգոհության տեղիք էր տալիս նաև այն, որ Սիրիայում գնալով աճում էր ռուսական ռազմական ներկայությունը։ Հարկ է նշել նաև Պուտինից Էրդողանի խաբված լինելու, հիասթափության գործոնի մասին։ Սիրիայում ռուսական ռազմական միջամտությունից առաջ՝ 2015թ. սեպտեմբերի սկզբներին, Էրդողանը հայտարարեց, որ հունիսին Բաքվում անցկացված եվրոպական առաջին խաղերի ժամանակ բանակցել է Պուտինի հետ և տպավորություն է ստացել, որ նա այլևս նախկինի նման չի աջակցում Ասադին, սակայն հետագայում Ռուսաստանի արած հայտարարությունները շոկի են ենթարկել իրեն։

Թուրքական կողմի դժգոհություններն էլ ավելի աճեցին այն բանից հետո, երբ Սիրիայում գործող ռուսական ավիախմբի մարտական ինքնաթիռները սկսեցին խախտել Թուրքիայի օդային տիրույթը և ռմբակոծել Սիրիայի թուրքմենների դիրքերը։ Երկու դեպքում էլ հարցն առնչվում էր իրեն սուլթան ու խալիֆ «երևակայող» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իմիջը վնասելուն։ Հոկտեմբեր-նոյեմբերին (մինչև ինքնաթիռային միջադեպը) Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովն այդ երկու գործոնի պատճառով մի քանի անգամ հրավիրվեց Թուրքիայի ԱԳՆ։ Բացի այդ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին իր օդային տիրույթի խախտումներին Ռուսաստանին պատասխանեց մարտական ուղղաթիռներով Հայաստանի օդային սահմանի խախտմամբ։ Ընդ որում, թուրքական կողմը դա պատճառաբանեց եղանակային անբարենպաստ պայմանների գործոնով, ինչպես ռուսական կողմն էր պարզաբանել իր մարտական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթի խախտումը։

Այս ավիամիջադեպերը, ինչպես նաև Սիրիայի թուրքմեններին ռմբակոծելը, որոնց Անկարան իր պլաններում կարևոր դեր էր վերապահել, որպեսզի նրանց միջոցով թույլ չտա Սիրիայի քրդերի հնարավոր ելքը դեպի Միջերկրական ծով, լուրջ ցնցումներ առաջացրեցին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում։ Դրան նպաստեցին նաև Սիրիայի քրդերի հետ Ռուսաստանի շփումները, ինչին ցավագին էր արձագանքում թուրքական կողմը։ Եվ, այնուամենայնիվ, կողմերը հույս էին հայտնում, որ իրենց դեռ կհաջողվի խուսափել հարաբերությունների կտրուկ վատթարացումից։ Սակայն 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները Սիրիայի հետ սահմանին կործանեցին ռուսական ավիախմբին պատկանող SU-24M ռմբակոծիչը, որը, ի դեպ, ռմբակոծում էր Սիրիայի թուրքմենների դիրքերը։ Թուրքական կողմի պնդմամբ՝ սահմանախախտ ինքնաթիռը 17 վայրկյանով հատել է երկրի օդային տիրույթը՝ չնայած 5 րոպեում 10 անգամ զգուշացվելուն։ Ռուսական կողմն իր հերթին պնդում էր, որ իր ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային սահմանը, խոցվել է Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից 1 կմ և ընկել է 4 կմ հեռավորության վրա։

Su-24M-ի խոցումից հետո թուրքական մամուլը գրեց, որ դա ՆԱՏՕ-ի 66-ամյա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նրա անդամ երկիրը կործանում է Ռուսաստանին պատկանող ինքնաթիռ և պաշտոնապես հայտարարում այդ մասին։ Հաղորդվեց նաև, որ Թուրքիայի զինված ուժերը 2013թ. սկսած (2012թ. հունիսի 22-ին Սիրիայի զինված ուժերի կողմից Թուրքիայի ՌՕՈՒ-ի RF-4E Phantom հետախուզական ինքնաթիռը կործանելուց հետո) Սիրիայի հետ սահմանին կործանում են արդեն 5-րդ ավիամիջոցը, որոնցից վերջինը Su-24M-ն է։

Էրդողանին, ըստ ամենայնի, հոգնեցրել էին Սիրիայում գործող ռուսական ավիախմբի մարտական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթի շարունակական խախտումները, որոնք Սիրիայի հետ սահմանին նմանատիպ առաջին դեպքերն էին և մինչ այդ դրսևորվել էին միայն Սև ծովում։ Այդ խախտումները ստվեր էին նետում Թուրքիայի նախագահի իմիջին, ով, ստացվում էր, որ նմանատիպ օդային ոտնձգություններից չի կարողանում պաշտպանել անգամ իր երկրի տարածքը։

Այն, որ հարցը վերաբերում է Թուրքիայի իշխանությունների իմիջին, անուղղակիորեն հաստատում է ինքնաթիռային միջադեպի վերաբերյալ Դավութօղլուի արած հետևյալ հայտարարությունը. «Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ սա Թուրքիայի ու Սիրիայի սահմանն է։ Սահմանից այն կողմ էլ մեր ազգակիցներն են։ Պատկերացրեք՝ եթե մենք արձագանքեինք Ուկրաինայի կոչին ու գնայինք Արևելյան Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ ազգակցական կապեր ունեցող վայրեր, եթե ռմբակոծեինք դրանք և խախտեինք Ռուսաստանի սահմանը, ապա ինչպես կվարվեր Պուտինը։ Ռուսական ինքնաթիռների ռմբակոծման վայրերից փախչող քաղաքացիական անձինք չեն մեկնում Ռուսաստան, նրանք գալիս են Թուրքիա։ Մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում այդ մարդկանց։ Մենք լուռ չենք մնա Թուրքմենդաղի ռմբակոծությունների կապակցությամբ»։

Su-24M-ի խոցման հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին, ռուսական ավիացիան հարվածեց Թուրքիայից Սիրիայի հյուսիս՝ Ազեզի շրջան մուտք գործած բեռնատարների ավտոշարասյանը։ Այրվեց 20 բեռնատար, որոնք, ըստ ամենայնի, զենք էին մատակարարում Սիրիայի թուրքմեններին՝ թեև թուրքական կողմի պնդմամբ շինանյութեր էին տեղափոխում։ Ռուսական ավիացիայի կողմից թուրքական բեռնատարների ոչնչացումը կարելի է որակել որպես Ռուսաստանի ռազմական պատասխան Թուրքիային՝ իր ռմբակոծիչի խոցման համար։

Ինքնաթիռային միջադեպից անմիջապես անց Սիրիայում գործող ռուսական ռմբակոծիչներին սկսեցին ուղեկցել ռուսական կործանիչները, և բացի այդ Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց S-400 նորագույն զենիթահրթիռային համալիր։ Դրանից անմիջապես անց դադարեցվեցին Սիրիայի օդային տիրույթում թուրքական ավիացիայի թռիչքները, որոնք օգոստոսից իրականացվում էին ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարի շրջանակներում։ Թուրքական կողմը մտավախություն ուներ, որ, եթե իր մարտական ինքնաթիռներն ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում մուտք գործեին Սիրիա, ապա ռուսական S-400 համակարգը կկործաներ դրանք, և Ռուսաստանն այդպիսով վրեժխնդիր կլիներ Թուրքիայից։ Արդյունքում, թուրքական ավիացիան Սիրիա վերադարձավ դրանից միայն 9 ամիս անց՝ «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ։

Su-24M-ի միջադեպի հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում հայտարարեց, որ անձամբ ինքն է արձակել սահմանախախտ ինքնաթիռը խոցելու մասին հրամանը։ Դավութօղլուի հայտարարությունում ուշագրավն այն է, որ նա ինքնաթիռի համար օգտագործում է ոչ թե «սահմանախախտ» բառը, այլ՝ «Ռուսաստանին պատկանող մարտական ինքնաթիռ» կապակցությունը։ Սակայն այն բանից հետո, երբ Պուտինը Թուրքիայից պահանջեց մեղավորների պատժում, Դավութօղլուն հետ կանգնեց իր այդ ասածից՝ հայտարարելով, որ ընդդիմությունը չարաշահել է իր «հրամանը ես տվեցի» խոսքերը, և որ խոսքն այլ հրամանի մասին է եղել։ Դավութօղլուն ընդգծեց, որ ինքնաթիռը երկրի օդային տիրույթը խախտել է 17 վայրկյանով, և այդ ընթացքում զինվորականները չէին հասցնի կապ հաստատել իր հետ, որպեսզի արձակեր խոցելու մասին հրամանը։ Նա ընդգծեց, որ այդ հարցում առկա կանոնակարգը հստակ է. նախ օդաչուն միջադեպի մասին հայտնում է ռազմաօդային ուժերի հրամանատարին, ով իր հերթին դրա մասին հայտնում է գլխավոր շտաբի պետին, ով էլ կապ է հաստատում վարչապետի հետ, և նա էլ հրահանգում է խփել։ Դավութօղլուն այստեղ «մոռանում» է հենց թեկուզ իր այն խոսքերը, որ 5 րոպե սահմանախախտ ինքնաթիռին 10 անգամ զգուշացրել են Թուրքիայի սահմանին մոտենալու մասին, իսկ այդ ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի նա իրազեկվեր սահմանային միջադեպի մասին և արձակեր համապատասխան հրաման։

Su-24M-ի միջադեպից հետո Թուրքիայի իշխանությունները մի կողմից շեշտում էին, որ իրենք ճիշտ են վարվել սահմանախախտ ինքնաթիռի պարագայում՝ կործանելով այն, սակայն մյուս կողմից ընդգծում էին, թե «չեն իմացել», որ այն պատկանում է Ռուսաստանին և, եթե իմանային, ապա կվարվեին այլ կերպ։ Ամեն դեպքում ռուսական կողմը, ինչպես և ակնկալվում էր, չհավատաց այդ հայտարարություններին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով, ի դեպ, SU-24M-ի խոցումը որակեց որպես ահաբեկչություն սատարողների կողմից իրենց թիկունքին հասցված հարված, հայտարարեց, որ Ռուսաստանն իր ավիացիայի թռիչքների մասին տվյալները ներկայացրել է ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքը գլխավորող ԱՄՆ-ին, որի անդամ է Թուրքիան։ Եթե անգամ հաշվի չառնենք Պուտինի նշած այս հանգամանքը, պետք է նշենք, որ SU-24M-ի խոցումից ընդամենը 4 օր անց Անդրեյ Կառլովը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան բողոք էին հայտնել (SU-24M-ի խոցման տարածաշրջանում) Սիրիայի թուրքմեններին ռմբակոծելու համար՝ սպառնալով, որ դա կունենա հետևանքներ, որոնցից էին թուրքական օդուժի կողմից SU-24M-ի խոցումն ու երկու երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ Իրականում թուրքական կողմին քաջ հայտնի էր, որ ռուսական ավիացիան գործում է տվյալ տարածաշրջանում։

Միջադեպից հետո Էրդողանը հայտարարեց, որ իրենք չէին նպատակադրվել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ խախտման կրկնման դեպքում կվարվեին նույն կերպ։ Սակայն նա խոստման տերը չեղավ. 2016թ. հունվարի վերջին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ ռուսական օդուժի SU-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը՝ չնայած անգլերենով ու ռուսերենով նրան արված զգուշացումներին։ Թուրքական կողմն այդ ժամանակ բավարարվեց միայն Անդրեյ Կառլովին Թուրքիայի ԱԳՆ հրավիրելով և համապատասխան զգուշացում անելով։

Ընդհանուր առմամբ, թուրքական կողմը հուսով էր, որ Ռուսաստանն ինքնաթիռի միջադեպի համար չի գնա հարաբերությունների սրացման և վատթարացման՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը։ Սակայն արդյունքում տեղի ունեցավ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացում, քանի որ հարված էր հասցվել անձամբ Պուտինի իմիջին, ով էլ դիմեց բավականին կոշտ քայլերի և հարաբերությունների կարգավորման համար Թուրքիային ներկայացրեց 3 նախապայման՝ ներողություն, փոխհատուցման վճարում և մեղավորների պատժում։ Այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց կատարել դրանք, Ռուսաստանը սկսեց պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Հայկ Գաբրիելյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ
Շարունակությունը՝ հաջորդիվ

«Անվտանգության  քաղաքականությունների  քննարկումների  բարելավումը  Հայաստանում»  ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս