Վճարովի ավտոկայանատեղիներից Երևանի բյուջե գանձվող գումարները կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով
Երևանի քաղաքապետի կողմից ձևավորված աշխատանքային խումբն ավարտել է «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲ ընկերությունների հետ` նրանց գործառույթները համայնքային կառույցներին անցնելու շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բանակցությունների ընթացքում «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն ներկայացրել էր, որ ծանրաբեռնված է ինչպես ներդրված ակտիվներով, այնպես էլ ակտիվների ձեռքբերման համար ստանձնած փոխառու միջոցներով և պարտավորություններով:
«Երևանի քաղաքապետարանը համաձայնել է որպես նվիրատվություն ձեռք բերել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, պայմանով, որ ձեռքբերման պահին ընկերության ակտիվները կլինեն ակտիվ կամ հավասար ընկերության պարտավորություններին և այդ փաստը պետք է հստակ արձանագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից: Միաժամանակ, հաշվի առնելով ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձը, բանակցությունների ընթացքում քաղաքապետարանը նախատեսել է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բ աժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին: Արդյունքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երևանի ենթակայությանն անցած կազմակերպությունը քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ կազմակերպության փոխառու միջոցների մարման գործընթացը»,- նշեց փոխքաղաքապետը:
Վահե Նիկոյանի ներկայացմամբ, հաջորդ քայլով Երևանի քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ կլուծի «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ կնքված վճարովի ավտոկայանտեղիների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը, որը ենթադրում էր վճարման հայտնի 70/30 հարաբերակցությունը: Այնուհետև քաղաքապետարանը ՀՀ կառավարության համաձայնությամբ ուղղակի եղանակով կկնքի երկու պայմանագիր մինչև 10 տարի ժամկետով: Առաջինը Երևանի ենթակայության «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման համար հաշվառված և ֆիքսված գումարի չափով, որտեղ կսահմանվեն նաև ծառայությունների մատուցման չափորոշիչները: Երկրորդը «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ բաժնետոմսերի կառավարման ծառայությունների ձեռքբերման համար: Այստեղ նույնպես հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովվի «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն և այդ արդյունքները չպետք է լինեն պակաս նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված առավելագույն արդյունքներից: Վերջինս ապահովելու համար, որպես վարձատրություն կսահմանվի հստակ ֆիքսված գումար, նաև կսահմանվեն այդ արդյունքներից ավելի հավաքագրման դեպքում դրա տասը տոկոսի չափով վարձատրություն, իսկ այդ արդյունքից քիչ հավաքագրելու դեպքում թերհավաքագրված գումարի տասը տոկոսի չափով տուգանք:
«Վճարովի ավտոկայանատեղիներից Երևան քաղաքի բյուջե գանձվող գումարները, հանած բոլոր ծախսերը, առաջիկա տարիներին մինչև պարտավորությունների մարման ավարտը կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ պարտավորությունների մարումից հետո՝ տարեկան 400 մլն դրամով: Գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 15-ից և հաշվի առնելով աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար պահանջվող ժամկետը, ինչպես նաև ՀՀ կառավարության և Երևանի ավագանու համապատասխան որոշումների ընդունման անհրաժեշտությունը գործընթացի ամբողջական ավարտի համար կնախատեսվի շուրջ երկու ամիս ժամկետ»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: