
«ՀՀ կառավարության կողմից ևս պետք է լինի վերահսկողություն ոլորտի նկատմամբ». Ռիչարդ Միլս

«Կենսունակ հանքարդյունաբերություն ՀՀ-ում հնարավոր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դեսպանի կարծիքով, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրական հնարավորություններ կան, սակայն այդ հնարավորությունները պետք է իրացվեն բնության պահպանության և աշխատողների անվտանգության ապահովմամբ: Նրա խոսքով՝ կենսունակ հանքարդյունաբերությունը, այսինքն՝ հանքարդյունաբերությունը, որի շրջանակում հարգանք է ապահովվում բնապահպանական հարցերի նկատմամբ, ՀՀ-ում հնարավոր է: «Դրա վառ օրինակներից մեկն Ամուլսարի նոր ծրագիրն է»,- նկատեց դեսպանը:
Ռիչարդ Միլսը նաև ասաց, որ այս հնարավորությունների զարգացմանը զուգընթաց պետք է նաև Կառավարության կողմից լինի վերահսկողություն այս ոլորտի նկատմամբ: Նա հիշեցրեց, որ բնապահպանական խմբերը, քաղաքացիական հասարակությունն ակտիվ հետևում են այս ոլորտի զարգացումներին՝ ամեն ինչ անելով բնության պահպանության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:
«Կան այսօր իրական հնարավորություններ, որոնք իրենց մասնաբաժինը կարող են ավելացնել ՀՀ ՀՆԱ-ում և նպաստել աշխատատեղերի ձևավորմանը»,- ասաց դեսպան Միլսը: