« Տպավորություն ունեմ, որ Պուտինի հետ պայմանավորվածություն կա. Հայաստանի ընտրություններից հետո Ադրբեջանը գործողություններ կսկսի». Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ արցախյան խնդրի շուրջ զարգացումներն այսօր սառեցված են:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց՝ ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը խիստ մտահոգվեց, որ այդ կոնֆլիկտը նորից չտաքանա, ու կարողացան մի քանի հանդիպումների ընթացքում այն բնականոն հունի մեջ գցել, սակայն, ըստ նրա՝ հետագայում այդ բանակցություններն էլ սառեցվեցին, ու հիմա կոնֆլիկտն այն իրավիճակի մեջ է, ինչպիսին մեկ տարի առաջ էր. «Ես նոր զարգացումներ չեմ տեսնում, առնվազն, մինչև ընտրությունները»:

168.am-ի հարցին՝ Ալիևի հայտարարություններն արդյոք չե՞ն նշանակում, որ առաջիկայում հնարավոր են նոր զարգացումներ, քանի որ նա նշել է՝ եթե հայկական կողմը չի ցանկանում ապրիլյան պատերազմի սցենարի կրկնություն, պետք է գնա զիջումների, նա այսպես պատասխանեց.

«Ալիևը մեծ սպասումներ ուներ, որ ապրիլյան պատերազմը կկարողանա կապիտալիզացնել և զիջումներ կորզել հայկական կողմից: Երբ հանդիպում եղավ Սանկտ Պետերբուրգում, Ալիևը չէր թաքցնում, որ Պուտինի հետ համաձայնություն ունեն՝ հայկական կողմը պետք է գնա զիջումների: Հայաստանի դիվանագիտական կորպուսի հետ շփումները նույնպես այդպիսի միտում էին ցույց տալիս: Սակայն դրանք մնացին խոսակցությունների մակարդակում՝ ՊՊԾ գնդի հայտնի պատմությունից հետո: Հայաստանյան իշխանությունները զգացին, որ ՊՊԾ գնդի պատմությունից հետո խիստ վտանգավոր կլինի հանրության կրքերը գրգռել, զգուշացան, վախեցան, ու այդ խոսակցությունը մարեց»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն էլ այս պահին ղարաբաղյան խնդրով զբաղվելու ժամանակ չունի.

«Ջոն Քերիի հայտնի հայտարարությունից հետո, թե կոնֆլիկտը գրեթե սառեցված է, որովհետև կողմերը չունեն քաղաքական կամք՝ գնալու փոխզիջումների, բնականաբար, խիստ դժգոհություն է առաջացել Ալիևի մոտ, ու այսօր նա փորձելու է նորից տաքացնել իրավիճակը, որպեսզի տարածաշրջանը հայտնվի ուշադրության կենտրոնում: Ես այդպիսի միտում տեսնում եմ, բայց դա կարող է լինել ընտրություններից հետո, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ խոսում են, որ իրենք հավատում են Պուտինին, և այնպիսի տպավորություն կա, որ ինչ-որ պայմանավորվածություն կա Պուտինի հետ: Չեմ ուզում դա պնդել, բայց ըստ էության՝ նրանք ունեն որոշակի դեդլայն, որից հետո իրենք կսկսեն գործողություններ: Իմ տպավորությամբ՝ այդ դեդլայնը Հայաստանում ընտրություններից հետո է լինելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս