«Ապագա խորհրդարանն իր կառուցվածքով և կազմով լինելու է ամենախայտառակը Հայաստանի պատմության մեջ». Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, թեև խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս, սակայն քաղաքական դաշտը դեռ չի բյուրեղացել.

«Այդ հանգամանքը բոլորին անորոշության մեջ է դնում, որովհետև հասկանալի է, որ իշխանությունը հանդես է գալու իշխող կուսակցության միջոցով, որը, հավանաբար, կլինի դաշինքի ճանապարհով, սակայն, ինչպիսին կլինի ընդդիմադիր դաշտը, դեռ անորոշ է: Պրոցեսը ցույց չի տալիս՝ ինչպիսի բևեռներ են ձևավորվելու: Սա մտահոգիչ է, որովհետև հանրությունը կարող է կանգնել այլընտրանքի բացակայության խնդրի առաջ»:

Հարցին՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից (ՀՅԴ) բացի՝ ո՞ւմ է տեսնում իշխող կուսակցության դաշինքում, նա այսպես պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ ՀՅԴ-ն կլինի՞ այդ դաշինքում, թե՞ ոչ, բայց անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունն ամաչելու է հանդես գալ ՀՀԿ բրենդով, և փորձելու են դաշինքով հանդես գալ, ինչը ցույց տվեց նաև Բալասանյան դաշինքը Գյումրիում: Այսինքն ՝ անունն այլ կլինի, ու ՀՀԿ-ն կլինի այդ դաշինքի առանցքը: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, որոնք պետք է այլընտրանք ներկայացնեն, մինչ այսօր դեռ պարզ չէ՝ որ ուժերը կարող են այդ դերակատարումն ունենալ: Ես չեմ բացառում, որ լինեն մի քանի բևեռներ, կամ ինչ-որ պահի լինի միասնական բևեռ, բայց մինչ այսօր դա դեռ չի նշմարվում»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում քաղաքական գործիչների վարկանիշը կտրուկ անկում է ապրել:

«Ընդդիմություն կոչվածը, փաստորեն, վարկաբեկվել է. նրանք պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ, մամուլում անընդհատ դրա մասին են խոսում, ընդդիմադիր գործիչները հաճախ իրենց տեսակետները փոխում են, ճղճղան ելույթներ են ունենում ԱԺ-ում, բայց կուլիսներում այլ բաներ են պայմանավորվում: Այդ ամենը մարդիկ տեսնում են, ու հասարակության մեջ կա խորը հիասթափություն քաղաքական գործիչների նկատմամբ: Դրա պատճառով էլ Հայաստանում այսօր չկա այն ձողը, որի շուրջ կարող է կոնսոլիդացվել քաղաքական այն բևեռը, որը կարող է հայտ ներկայացնել՝ որպես այլընտրանք իշխանությանը»,- ասաց Ե. Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքով՝ առաջին անգամ է Հայաստանն այսպիսի իրավիճակում, որովհետև նախորդ բոլոր ընտրություններում, ըստ նրա՝ իշխանությունը քիչ թե շատ ունեցել է այլընտրանք:

«Բացի դրանից՝ այսօրվա «Ընտրական օրենսգիրքն» այնպիսի բովանդակություն ունի, որ մեծ տեղ է տալիս թաղային հեղինակություններին: Այսինքն՝ ռեյտինգային համակարգը զգալի դեր է տալու այն մարդկանց, որոնք իրենց թաղերում, իրենց մարզերում ունեն մեծ հեղինակություն, բայց քաղաքական արժեք չունեն: Նրանք ունեն ռեսուրսներ, փող, որն օգտագործելով՝ գնելու են մարդկանց ձայները, ինչպես գնում էին բոլոր ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Դասական քաղաքական գործիչներն անելիք չունեն ապագա պառլամենտում: Ապագա խորհրդարանն իր կառուցվածքով և կազմով լինելու է ամենախայտառակը Հ Հայաստանի պատմության մեջ, որն իր լուրջ հետևանքներն է ունենալու Հայաստանի զարգացման վրա»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս