Բաժիններ՝

«Պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ ապրում են շվայտ, ցոփ կյանքով, իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն ու ՏՏ ոլորտում էլ հայտնագործություն չեն արել». Նաիրա Զոհրաբյան

«Վստահ եմ՝ չկա ՀՀ որևէ քաղաքացի, որը դեմ կլինի զինվորին և բանակին օգնելուն: Հարցի արժեքը վստահությունն է, վստահո՞ւմ ենք այն կառույցներին, որոնց միջոցով մեր 1000 դրամը պետք է փոխանցվի զինվորներին. Ո՛չ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

«Երեկ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը կրկին հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ, եթե չգիտեն, ապա ինքը պատրաստ է ներկայացնել բանակը թալանած, կաշառակեր գեներալների, բանակի տարբեր ստորաբաժանումներում աշխատող տարբեր պաշտոնյաների անուններ։ Նա զարմանում է՝ ինչո՞ւ Արցախի և Հայաստանի իշխանությունները համառորեն չեն փորձում ճշտել Բադասյանից։

Մարդն ասում է՝ եթե ես հանիրավի զրպարտում եմ, եթե կպարզվի, որ զրպարտում եմ՝ ինձ զրպարտության համար ենթարկեք պատախանատվության։ Հիմա հարց՝ չե՞ք կարծում, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն բանակին թալանողները, որպեսզի քաղաքացին տեսնի, որ մեր երկրում գործում է պատասխանատվության ինչ-որ մակարդակ, որից հետո գուցե և կարելի կլինի խոսել վստահության վերականգնման մասին»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ ասաց, որ այս նախաձեռնության շրջանակներում վստահության գործոնն ամենակարևոր գործոններից մեկն է, և իրենք պետք է նպաստեն, որ իսկապես վստահություն ձևավորվի այն համակարգի շուրջ, որը ձևավորվելու է այս նախաձեռնության արդյունքում։

«Դուք բարձրացնում եք խնդիրներ, որոնք կապված են նաև պաշտպանության բնագավառում բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման հետ, և կուզենայի, որ նույնպիսի հետևողականություն ցուցաբերվի բյուջետային միջոցների տարեկան հաշվետվության ժամանակ, և եթե Դուք իսկապես տեսել եք, որ կան խնդիրներ, որ կապված են բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսումների հետ, ապա կարող եք նմանատիպ հարցադրումներ հնչեցնել։

Այո, պատասխանատվությունը շատ կարևոր է, բայց եկեք խոսենք կոնկրետ փաստերով և դեպքերով։ Եթե Դուք անձամբ ունեք որևէ փաստ կամ կոնկրետ դեպք գիտեք, կարող եք ներկայացնել համապատասխան ապացույցներ պաշտպանության համակարգում որևէ պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ, ապա խնդրում եմ, հանդես եկեք համապատասխան հայտարարությամբ և ներկայացրեք կոնկրետ փաստեր»,- հայտարարեց Կ. Նահապետյանը։

Անդրադառնալով Վահան Բադասյանի արած հայտարարություններին՝ Կ. Նահապետյանն ասաց, որ, եթե Վ. Բադասյանն իր տրամադրության տակ ունի կոնկրետ փաստեր, որ բանակում, զինված ուժերում տեղի են ունեցել չարաշահումներ, թույլ է տրվել իշխանության գերազանցում, որի հետևանքով առաջացել է վնաս պետությանը, ապա այդ փաստերը պետք է ներկայացնի իրավասու մարմիններին:

«Մյուս կողմից՝ նաև իրավապահ մարմիններն այդ հայտարարության հիման վրա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն, հրավիրեն պարոն Բադասյանին, որպեսզի նախ՝ բացատրություն ներկայացնի, եթե քրեական գործ կհարուցվի, պարզ կդառնա՝ հանցագործության դեպք առկա՞ է, թե՞ ոչ։

Մենք չենք կարող այսպես ապրիորի խոսել պատասխանատվության մասին։ Քաղաքական առումով հաճելի է նման հայտարարություններ անել՝ առանձին դեպքերով չունենալով բավարար փաստեր, բայց կարծում եմ՝ մենք բոլորս ուզում ենք, որ այդ բոլոր գործընթացները տեղի ունենան օրենքի շրջանակներում»,- ասաց Նահապետյանը։

Ն. Զոհրաբյանը կրկին հարց բարձրացրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ պաշտոնանկ արվեցին պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնատար անձինք.

«Լավ աշխատելո՞ւ համար, ինչպե՞ս է, որ պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ ապրում են շվայտ, ցոփ կյանքով, իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն ու ՏՏ ոլորտում էլ հայտնագործություն չեն արել, որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքները»:

Ի պատասխան՝ Կ. Նահապետյանն ասաց, որ պաշտոնատար անձինք պաշտոնանկ արվեցին ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար:

«Բայց եկեք մենք հստակ պատկերացնենք՝ պատասխանատվության ինչ տեսակներ կան։ Անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար մենք պետք է ունենանք բավարար հիմքեր։ Եթե չկան նման ապացույցներ, ապա ընդհանուր առմամբ նման հայտարարություններ հնչեցնելը, կարծում եմ՝ ճիշտ չէ։

Ինչ վերաբերում է ունեցվածքներին՝ սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձինք իրականացրել են նաև եկամուտների և գույքի հայտարարագրում։ Ես հիմքեր չունեմ կասկածելու որևէ պաշտոնատար անձի եկամուտների և գույքի հայտարարագիրը, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։

Եթե Դուք կարծում եք, որ տեղի է ունեցել ապօրինի հարստացում, ապա այս կապակցությամբ նույնպես պետք է բավարար հիմքեր ունենալ նման բան ասելու համար։ Եթե Դուք իսկապես ունեք նման հիմքեր, կոչ կանեմ ձեզ՝ դիմել համապատասխան իրավապահ մարմիններին»,- հակադարձեց Կ. Նահապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս