«Մենք ուզո՞ւմ ենք՝ Բաքու մտնենք, ես, օրինակ, ուզում եմ, ով չի ուզում, նրա քոքը կտրվի». Վովա Վարդանով
«Խնդիրը նրա մեջ չէ, որ զինադադարը խախտվում է, այլ նրա մեջ է, որ սրանից մի քանի տարի առաջ ֆուտբոլային դիվանագիտության մեջ հռչակված թեզը, որ «մենք արդեն մեր գործն արել ենք, գնդակն արդեն հակառակորդի դաշտում է, թող ինքը մտածի», դա դարձել է դոկտրին մեր բոլոր գործիչների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է նախահարձակ լինի և ոչ թե կանխատեսումներ անի՝ երբ է ադրբեջանական կողմը հարձակում գործելու. «Հուսանք, որ պաշտպանության նոր նախարարն այդ սուբորդինացիոն բաներով այդքան տարված չէ, որ վերադասն ասել է՝ հակառակը ոչ մի դեպքում չարվի, ու ինչ-որ ձևով նաև մենք կդառնանք նախաձեռնող կողմ մեր թուրք-ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Անընդհատ թողնել իրենց, որ որոշեն՝ երբ է լինելու, լինելու է Թալիշի կողմե՞րը, թե՞ Հորադիզի, մի օր էլ կխփեն նաև Կիրովական քաղաքին կամ Երևանին: Սա մեծ բացթողում է թե մեր ռազմաքաղաքական մտքի, թե քաղաքականության»:
Վ.Վարդանովի կարծիքով՝ եթե նախահարձակ չես լինում, չես էլ սովորում նախահարձակ լինել. «Երբ դու ես հարձակվում, հաղթելու շանսերն ավելի մեծ են: Գոնե մեկ-մեկ էլ մենք պետք է բզբզանք, որ ինքն էլ լարվածության մեջ լինի: Վերջապես մենք ուզո՞ւմ ենք Բաքու մտնենք, ես, օրինակ, ուզում եմ, ով չի ուզում, նրա քոքը կտրվի, որովհետև պատերազմը չի վերջանա, մինչև մի մայրաքաղաք չհանձնվի: Նա, ով չի ուզում Բաքու մտնի, իր ենթագիտակցության մեջ ուզում է Երևանի կործանումը»: