«Սա ընդհանուր առմամբ ազգ-բանակ հայեցակարգի մի բաղադրիչն է». Արծրուն Հովհաննիսյան՝ պարտադիր ամսական 1000-ական դրամ փոխանցելու մասին. «ՀԺ»

Զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ապահովագրական գումար վճարելու մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից երեկ Կառավարություն ներկայացված նախագիծը բուռն քննարկումների առիթ է տվել:

Մարդկանց մտահոգում է նախագծի հատկապես այն դրույթը, ըստ որի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ իր աշխատավարձից պետք է պարտադիր ամսական 1000-ական դրամ փոխանցի զինծառայողների ընտանիքներին օգնելու համար բացված հիմնադրամին: Խնդրի շուրջ «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի  հետ.

– Նախարարությունում քննարկվո՞ւմ է հասարակության բացասական վերաբերմունքով պայմանավորված այդ դրույթից հրաժարումը:

– Անկեղծ ասած, ես մինչեւ այսօր այդ մտքի վերաբերյալ լսել եմ գերազանցապես դրական գնահատականներ, կարծում եմ, որ գերազանցապես դրական գնահատականներ եմ լսելու մինչեւ վերջ: Կլինե՞ն բացասական խոսացողներ, իհարկե կլինեն: Ցանկացած նախագծի վերաբերյալ կարող են լինել բացասական վերաբերմունք արտահայտող մեկնաբանություններ: Բայց ի՞նչ է դա նշանակում: Ինձ համար ճիշտ չէ գնահատական տալ, քանի դեռ նախագիծը վերջնական չէ:

– Իսկ նախարարը վստա՞հ է, որ առաջարկող տարբերակը խնդրի լուծում է:

– Ես, ու ընդհանրապես, մենք այս ամենը համարում ենք շատ կարեւոր, առանցքային լուծում տվյալ պրոբլեմի, որ մեր հաշմանդամները, զոհվածները, վիրավորները հետայսու ունենան արժանապատիվ փոխհատուցման մեխանիզմներ, որոնք ընդունված են աշխարհի առաջատար պետություններում: Եվ իհարկե, դրանով կարեւորում ենք նաեւ հայ քաղաքացու մասնակցությունը այս գործին: Ես կարծում եմ, որ դա ըստ էության օրինաչափ է աշխարհի բոլոր պետություններում, որոնք անվտանգության նման խնդիր ունեն, նման երեւույթներ կան եւ սա ընդհանուր առմամբ ազգ-բանակ հայեցակարգի մի բաղադրիչն է:

– Մարդիկ դեմ չեն, որ այդ երեւույթը կայանա. քննարկումներից հասկացվում է, որ դեմ են միայն նրան, որ առանց այն էլ ցածր աշխատավարձից պարտադիր պահում լինի: Մանավանդ որ քաղաքացիները այսպես թե այնպես հարկ են վճարում, որ բանակը պահվի:

– Նախեւառաջ, ինչ վերաբերում է ցածր աշխատավարձին: Օրինագիծը, նորից եմ կրկնում, դեռ կյանք ունի ապրելու: Ես դեռ չեմ կարող ասել. կարող է լինել այնպես, որ որոշակի աշխատավարձերի պարագայում դա չլինի, դա կարող է չվերաբերել ինչ-ինչ կատեգորիայի, ես չեմ կարող ասել: Դեռ պետք է քննարկվի:

Երկրորդ՝ հարկերի վերաբերյալ: Հարկեր վճարում ենք, հարկերով մենք ապահովում ենք երկրի անվտանգությունը, բայց սա անվտանգությանը չի վերաբերում, սա հետագա գործընթացին է վերաբերում: Այսինքն այն մարդիկ, որոնք անցնելու են այս ճանապարհով, չեն շարունակելու չէ՞ ծառայել, դառնալու են ՀՀ քաղաքացի, որին մենք վճարելու ենք: Իրենց տեղը գալու է մարդ, որը մեր տված հարկերով շարունակելու է ծառայություն իրականացնել: Դրանք տարբեր բաներ են, մենք չպիտի խառնենք իրար հետ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս