Հայաստանի պետական կառավարման համակարգը ժանգոտած է. Բանալին և պատասխանատվությունն իշխանության ձեռքին է
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ «Տնտեսական բաղադրիչն արտաքին քաղաքականության մեջ» թեմայով։ Թե ի՞նչ է հարկավոր մեր երկրում տարիներ շարունակ սահուն կերպով նվազող արտաքին ներդրումների ներգրավման հետ կապված իրավիճակը փոխելու համար, զրուցել ենք Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանի հետ։
– Պարոն Ֆարմանյան, կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է հատկապես արտաքին ներդրումների ներգրավման հարցը։ Ըստ Ձեզ` ի՞նչ է հարկավոր դրական արդյունքի համար։
– Նախ` ես կցանկանայի արձանագրել մի պարզ իրողություն, որի շուրջ մեր քաղաքական ու հասարակական ընտրանու գիտակցության մեջ պարզություն չկա։ Երբեմն մեզ մոտ տպավորություն է ստեղծում, որ Հայաստանում մեծ ներդրումների համար բավարար է մեր աշխատասիրությունը, նպատակադրումը։ Դա ենթագիտակցորեն մի կողմ է դնում շատ օբյեկտիվ իրողություն` մեր փոքր շուկան և աշխարհագրական շատ անհարմար դիրքը։ Տարածաշրջանային մյուս երկրների հետ համեմատության եզրեր չկան։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք դատապարտված ենք չունենալ օտարերկրյա ներդրումներ, կամ չլինել մրցունակ` որպես փոքր շուկա։ Մասամբ դա այդպես է, ցավոք սրտի, և դա պետք է հաշվի առնել, որպես ախտորոշում։
– ԵՏՄ-ի գործոնն այլևս չի՞ աշխատում, որ Հայաստանը պետք է պատուհան դառնար Արևմուտքի համար։ Միությանն անդամակցելիս հանրապետականները նաև դա էին ներկայացնում` որպես առավելություն։
– Կանդրադառնամ նաև ԵՏՄ-ին։ Նախ` ինչո՞վ կարող է Հայաստանը ներդրողների համար գրավիչ լինել։ Մի առանձնահատկություն կա, որի հիմքում դրվում է ձեռնարկատիրական շահը, բայց հաճախ Հայաստանում ներդրում են կատարում մեր հայրենակիցները և, որքան տնտեսական շահի ակնկալիքն է, դրանից ավելի հայրենասիրական մղումն է։ Այսինքն` գործ ունենք ոչ մաքուր տնտեսական փիլիսոփայության հետ։ Այս ստեղծված օբյեկտիվ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել` մեր փոքր շուկան գրավիչ դարձնելու համար։ Մեզ մոտ ներդրումային միջավայրը պետք է լինի կրկնակի ավելի, քան հարևան երկրներում։
Այս ուղղությամբ գաղափարներ շատ կան, սակայն դրանք ակադեմիական մակարդակով են։ Ամենակարևորն իրականում այն է, որ տնտեսությունը պետք է մրցակցային լինի, այսինքն` որևէ տեսակի հովանավորչության, մոնոպոլիաների բացառում, սեփականության անձեռմխելիության երաշխավորում, տնտեսական մրցակցության ապահովում, բիզնեսի և իշխանության տարանջատում, և այլն։ Սա պարզ իրողություն է, հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա։ Այդուհանդերձ, ինձ կարևոր է թվում մեկ այլ ուղղություն, որ 25 տարվա անկախության ընթացքում մեր հանրության, տնտեսական ու քաղաքական ընտրանու մտքում չեն ուրվագծվել տնտեսության առաջնահերթ այն ուղղությունները, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանին կարող են տանել տնտեսական զարգացման։
Շատ է ցիտվում Սինգապուրը, չմոռանանք ճապոնական հրաշքի, Գերմանիայի, Չիլիի օրինակների մասին, որտեղ կա մեկ ընդհանուր կարմիր թել` այդ ժողովուրդներն իրենց աշխարհագրական դիրքերից, տնտեսական զարգացման աստիճանից, բնական ռեսուրսներից ելնելով` արձանագրում են տնտեսական զարգացման այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են երկարաժամկետ կտրվածքով բերել արդյունքի։ Դուք աշխարհում չեք գտնի հաջող տնտեսական զարգացման փորձ ունեցող մի երկիր, որտեղ իրար հաջորդող կառավարությունները մերթընդմերթ փոխած լինեն երկրի տնտեսական զարգացման կուրսը։ Որովհետև այդ զարգացումն ակումուլյացիայի արդյունք է։ Շարունակականությունը շատ կարևոր է, որովհետև եթե կտրվում է պետության կողմից գործադրվող ջանքերի կապը, ապա նույնիսկ ամենահանճարեղ գաղափարը լավ տեղ տանել չի կարող։
ԵՏՄ-ի հետ կապված պետք է հաշվի առնել մի քանի շատ կարևոր հանգամանք, որպեսզի հիասթափության առաջ չկանգնենք։ Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ ԵՏՄ-ն տնտեսական բովանդակություն ունեցող, բայց քաղաքական նախաձեռնություն է։ Իսկ ցանկացած քաղաքական նախաձեռնություն ենթակա է քաղաքական գործոնների փոփոխությամբ պայմանավորված որոշակի զարգացումների, կանգառների և այլն։ Այս գլոբալ առանձնահատկությունը պետք է հաշվի առնել։
Երկրորդ` չմոռանանք, որ լինելով ԵՏՄ-ի անդամ պետություն, մաս ենք կազմում մի քանի 100 միլիոնանոց մեծ շուկայի և մեր տնտեսության որոշ ոլորտներ` գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն և այլն, կարող են հաջողություն ունենալ այդ մեծ շուկայում։ Բայց մենք ընդհանուր սահման չունենք ԵՏՄ մաս կազմող ամենամեծ` ռուսական շուկայի հետ։ Լոգիստիկ խնդիրն ինքնին մեծ բաղադրիչ է կազմում ինքնարժեքի մեջ։
Ինչպե՞ս վերացնել այս բաղադրիչը, հայտնի չէ և տեսանելի չէ այս քաղաքական միջավայրում։ Մենք չունենք ԵՏՄ-ին կապող երկաթուղի, օդային փոխադրումներն անհամեմատ ծախսատար են։ Երրորդ` Ռուսաստանը, լինելով մեծ շուկա, ունի իր առանձնահատկությունները` տնտեսական կապիտալի անձեռնմխելիության, տնտեսական ազատությունների, քաղաքականության և բիզնեսի հարաբերությունների տեսանկյունից։ Բայց սա խոչընդոտ չէ մեր տնտեսության զարգացման համար, որովհետև հոգեկերտվածքի առումով մենք ավելի մոտ ենք, ավանդույթ ունենք ճանաչելու, շփվելու և «հարցեր լուծելու»։
Իմ կարծիքով` եթե մենք խոսում ենք մեր տնտեսության հեռանկարների մասին, նոր բանալի գտնելու անհրաժեշտություն կա, մեզ պետք են գաղափարներ, որ կուղղորդեն մեր տնտեսական կյանքը` անկախ կառավարությունների փոփոխություններից։
– Խոսում եք զարգացման գերակա ուղղությունների մասին, բայց դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի ուղղություն առանձնացրեց` որպես գերակա, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաները, որի արդյունքի արտահանման համար լոգիստիկ խնդիրներ գոյություն չունեն։ Ընդ որում` նույն Տիգրան Սարգսյանին իր իսկ հրավերով ՀՀ այցելած Սինգապուրի հրաշքի հեղինակ Լի Կուան Յուն խորհուրդ էր տվել` «նախ՝ ինքդ մի վերցրու», ասաց` ուզո՞ւմ եք փոխել, սկսեք ձեզանից։ Այսինքն` լուծումները վաղուց հայտնի են, տասնյակ տարիներ քննարկվում են, իշխանության ղեկին վաղուց Հանրապետական կուսակցությունն է, բայց խնդիրներն այդպես էլ չեն լուծում։ Ինչո՞ւ։
– Գիտե՞ք, հանուն ճշմարտության` պետք է ասել, որ ՀՀ-ում ունենալ դինամիկ զարգացող տնտեսություն` ֆիքսելով կենսամակարդակի եվրոպական չափանիշները, այնքան էլ հեշտ թիրախ չէ իրագործելու համար։ Տնտեսությանը վերաբերող հարցերում բոլոր կառավարությունները պետք է լինեն ազնիվ` ճիշտ սպասումներ ձևավորելու համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) գծով ունենք փառահեղ դպրոց, ավանդույթներ, նորարարական լուծումներ գտնելը հեշտությամբ է տրվում, և կադրերը մրցունակ են։
Օրինակ` վերջերս Հարավային Կորեայում էինք և «Սամսունգ» ընկերությունում հանդիպեցինք 50 հայ երիտասարդների, որոնք բոլորը Երևանի և Գյումրիի բուհերի շրջանավարտներ էին ու բավականին բարձր դիրք էին զբաղեցնում աշխարհի առաջատար ընկերություններից մեկում։ Բայց չպետք է մոռանալ, որ աշխարհում միայն հայերը չեն, որ օժտված են ՏՏ ոլորտում։ Արագ տեմպերով մեզանից առաջ են անցնում հնդկական և այլ շուկաներ, որոնք աշխատանքի ավելի ցածր ինքնարժեք են ապահովում։ Տիգրան Սարգսյանի և մյուս կառավարություններից յուրաքանչյուրն իր տնտեսական գաղափարն է առաջ բերել, բայց որպես պատմաբան` մի բան հստակ կարող եմ ասել` որևէ երկիր, որն ապավինում է, որ իր հարստության աղբյուրը պետք է լինի ոչ թե` արտադրությունը և արտահանումը, այլ` ներկրումն ու ծառայությունները, երկարաժամկետ զարգացում և տնտեսական ներուժ չի կարող ապահովել։
– Արտադրություն ունենալու և արտահանում իրականացնելու համար պետք են ներդրումներ, սակայն արտաքին ներդրողներին խրտնեցնող լուրջ գործոն է Հայաստանի դատական համակարգը, արդարադատության բացակայությունը։ Այս առումով բանալին նույն իշխանության ձեռքին չէ՞։
– Այո, բանալին և պատասխանատվությունն իշխանության ձեռքին է։ Դա քաղաքականության օրենքն է։ Պետական արդյունավետ կառավարումը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի տնտեսական կյանքում հաջողություն ապահովվի։ Դատական իշխանության անկախությունը, ներդրումների կամ սեփականության պաշտպանությունն այդ ամբողջ համակարգի մի մաս է։
Ես պատիվ եմ ունեցել ներկա գտնվել Սինգապուրի նախկին վարչապետի հետ մի հանդիպման, և Լի Կուան Յուին տրվեց հարց, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի զարգացումը։ Նա նշեց 2 ուղի, առաջին` քարտեզագրել պետության մեծ ու փոքր խնդիրները, դասակարգել` ըստ առաջնահերթությունների և, դրսևորելով ուժեղ քաղաքական կամք` լուծել դրանք։
Երկրորդ` աշխարհի լավագույն համալսարաններ նպատակային կրթության համար գործուղել ուսանողներ, առաջին տարում` 10, երկրորդում` 25, երրորդում` 50 հոգի, և այլն, ապա, վերադառնալուց հետո, առանց երկար մտածելու, նրանց նշանակել երկրի բարձրագույն պաշտոններում, և մեկ տասնամյակ հետո կլինի այն արդյունքը, ինչին ձգտում ենք։ Այսինքն` քանի դեռ պետական կառավարումն արդյունավետ չէ, չի կարող օգնել տնտեսական զարգացմանը, այլ` հակառակը։
Եթե պետական կառավարման համակարգն ընդունենք` որպես խողովակաշար, ապա այն պետք է լինի ճիշտ կառուցված, չլինի ժանգոտ, որ անկախ կառավարիչների որակից ու փոփոխությունից` ճիշտ գաղափարն այս խողովակաշարում բաց թողնելիս հանգեցնի դրական արդյունքի։ Մեր պետական կառավարման համակարգն այսօր դեռ ժանգոտած է։ Եվ ցանկացած դրական գաղափար, միտք, բաց թողնելով ջրի տեսքով խողովակաշարի մի կողմից` հակառակ ծայրից ստանալու ենք անհամ ու ժանգոտած մի հեղուկ։