
«Էդ ի՞նքն էր գնահատում այդ արժեքավորը, ինքը դեռ փոքր է, որ շենքերի արժեքավորությունը գնահատի». Ֆերդինանդ Առաքելյանը՝ Արմեն Ամիրյանի մասին

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում տպարանի շենքի սեփականատիրոջ այն խոսքերը, թե հոկտեմբերի 1-ին Ճարտարապետների միությունում քննարկում է եղել. «Ոչ, նման բան չի եղել, այդ քննարկումը նախատեսված է նոյեմբերի 1-ին: Բայց այդ շենքը վերացնելուց հետո, ես չգիտեմ՝ ի՞նչ պետք է քննարկենք»:
Անդրադառնալով շենքի պատմությանը՝ նա նշեց, որ տպարանի շենքը 1929թ. հանձնվել է շահագործման, այն նախագծվել է Թամանյանի արվեստանոցում. «Պետք է ոչ թե հատ-հատ շենքեր ունենայինք հուշարձանների ցանկի մեջ, այլ ամբողջական թաղամասեր, որից հետո մենք կկարողանայինք պահպանել մեր շրջապատը: Շենքը սեփականաշնորհվել է, ու շատ վատ սեփականաշնորհում է կատարվել: Նրանք, ովքեր շատ չնչին գումարներով վերցնում են այդ շենքերը, թողնում են, մինչև հասնում է այս վիճակին, ու հիմա այս նոր տերը, որը կառուցապատողն է, շենքը ձեռք է բերել «մաշված» վիճակում: Այդ պրոցեսը շարունակական ու հաստատուն պրոցես է: Թողնում են շենքը մաշվի, որ էլ հնարավոր չլինի այն վերականգնել: Այս դեպքում քանդելու ձևն էր շատ վտանգավոր»:
Նա նաև տեղեկացրեց, որ շենքի հիմնական մասը՝ Ալավերդյան փողոցի կողմից ճակատն ու մյուս հատվածը, մնալու են և հետագայում ներառվելու նոր նախագծի շրջանակներում:
Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, սակայն, նկատեց՝ մի բան չեմ հասկանում՝ այդ 80 տարիների ընթացքում այս շենքը չմաշվեց-չմաշվեց, հենց էս վերջին 20 տարվա մեջ այնքան մաշվեց, որ անպիտա՞ն դարձավ: Դա շատ ամուր շենք էր, ես որպես քաղաքացի եմ խոսում: Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է պետք անել, որ այս արհավիրքը կասեցվի: Ո՞նց պատահեց, որ քանդվեց այդ ճանապարհով: Գողի նման են անում արդեն: Այս ամենի միակ պատճառն այն է, որ այս քաղաքը չեն սիրում: Ո՞վ է հաշվի առնում իմ՝ քաղաքացուս, հիշողությունը: Լավ, հասկացանք, այսօր երևանցին չի տիրում իր քաղաքին: Այս այլանդակությունն անհարգանք է դեպի տանտերը: Ո՞վ ես դու, որ ինքնուրույն որոշես, թե ոնց վարվել իմ քաղաքի հետ, շանորդի եք, շանորդիություն է այս ամենը: Սա լկտիության վերջին ձևն է»:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի դիտարկմամբ՝ ամենասարսափելին արհամարհանքն է ժողովրդի, պետության, պետականության, առավել ևս՝ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Արձագանքելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությանը, թե՝ տպարանի շենքը «մի երևելի բան չէ», քանդակագործը վրդովվեց. «Էդ ի՞նքն էր գնահատում այդ արժեքավորը, ինքը դեռ փոքր է, որ շենքերի արժեքավորությունը գնահատի: Ա՛յ քեզ բան: Ինքն էլ նոր նախարար է, թող իր չափը չանցնի, մենք գիտենք չափը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: