Քանի՞ արագաչափ սարք կա, և որքա՞ն գումար է մուտքագրվել
Հայաստանում այս պահի դրությամբ տեղադրված են թվով 179 լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնցից 91-ը Երևանում են և վերահսկում են թվով 123 խաչմերուկներ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ, հաջորդ տարի ևս 12 սարք կտեղադրվի»,- ասաց նա:
Ըստ փոխոստիկանապետի` ներդրվել են վարորդի սթափության զննության միջոցներ` ալկոմետրեր, և հաջորդ տարի ևս դրանք կավելացվեն: Վ. Եղիազարյանի խոսքով` 2017-ին նախատեսվում է ներդնել նաև շրջիկ տեսանկարահանող սարքերի ծրագիրը, որի պիլոտային փուլն արդեն իրականացվել է:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք արագաչափերը հետ գնե՞լ են իրենց, և հիմա ո՞ր փուլում ենք:
Վ. Եղիազարյանը նշեց, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ պայմանագիրը գործում է մինչև 2036թ.: Ըստ նրա` յուրաքանչյուր արագաչափի վրա ընկնող գումարը միանշանակ նվազում է, ամսական որոշումների թիվը նույնպես պակասում է, և այս տարի եղել է 254, այս տարվա առաջին 9 ամսում տուգանքները կազմել են 382 մլն դրամ, որը ևս նվազում է:
«Արագաչափերի քանակական աճը բերեց նրան, որ մենք ունեցանք բավականին լուրջ առաջընթաց՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի առումով»,- ասաց նա:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե որքա՞ն գումար է մուտք եղել արագաչափերի շնորհիվ, և որքա՞ն է ավտոտեսուչների միջին աշխատավարձը, արդյոք ամենատուժած և չպաշտպանված խա՞վն է, հնչեց պատասխան, որ 2015 թվականին մուտքագրվել է 8 մլրդ 788 մլն դրամ, որն այս տարի 1 մլրդ-ով պակաս կլինի, իսկ ՃՈ աշխատակիցների միջին աշխատավարձը 401 հազար դրամ է:
«Ուրեմն էնքան էլ վատ չի»,- նկատեց Խ. Քոքոբելյանը:
Հարցին, թե որքա՞ն արժե մեկ արագաչափը, Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկը պատասխանեց` 10-11 հազար եվրոյի սահմաններում: