Աշխարհում 300 մլն երեխաներ խիստ աղտոտված օդ են շնչում. ՅՈՒՆԻՍԵՖ
Մոտավորապես 300 մլն երեխաներ, այսինքն՝ աշխարհի գրեթե յուրաքանչյուր յոթերորդ երեխան, ապրում է օդի աղտոտման խիստ բարձր մակարդակ ունեցող տարածաշրջաններում: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հաղորդվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական կայքում:
«Այսօր ամբողջ աշխարհում 300 մլն երեխաներ ապրում են օդի թունավոր աղտոտման չափազանց բարձր մակարդակ ունեցող գոտիներում,- կազմակերպության կայքում մեջբերված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի խոսքերը: – Մոտավորապես 2 մլրդ երեխաներ ապրում են այնպիսի մարզերում, որտեղ օդի աղտոտման մակարդակը չի համապատասխանում օդի որակի նվազագույն չափորոշիչներին, որոնք սահմանված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»: Ընդ որում՝ նա նշել է, որ այդ տվյալները հաշվի չեն առնում միլիոնավոր երեխաների, որոնք աղտոտված օդ են շնչում իրենց տներում:
«Օդի աղտոտումը զգալի ուղեկցող գործոն է, որն ամեն տարի մահվան է հասցնում 5-ից ցածր տարիքի 600 հազար երեխաների. այն նաեւ ամեն տարի սպառնում է միլիոնավոր երեխաների կյանքին ու ապագային»,-ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը:
Նրա «Մաքրենք օդը երեխաների համար» հետազոտությունը օգտագործում է արբանյակներից արված լուսանկարները, որպեսզի առաջին անգամ ցույց տա այդ հիմնախնդրի մասշտաբները եւ ցուցադրի այն գոտիները, որտեղ այն առավել սրությամբ է դրված: Կազմակերպության տվյալներով՝ օդի աղտոտումից առավել մեծ թվով երեխաներ են տառապում Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: