
«Եթե ինքը պնդում է, որ բոլոր ցուցանիշները սուտ են՝ դա իր խնդիրն է». Ստեփան Մնացականյանի պատասխանը Հրանտ Բագրատյանին

«Եթե ինքը պնդում է, որ բոլոր ցուցանիշները սուտ են՝ դա իր խնդիրն է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը` հակադարձելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեղադրանքներին, որ ԱՎԾ-ն ուռճացնում է ցուցանիշները, և Մնացականյանին է պատկանում այդ «ստի մոնոպոլիան»:
ԱՎԾ պետը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ և հիշեցրեց «Եվրանեսթի» նիստից հետո Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, որ Եվրոպական կողմի ընդարձակ զեկույցում առկա թվերը 6 անգամ տարբերվում են հայկական թվերից:
Ըստ Ս. Մնացականյանի` Բագրատյանի ներկայացրածին չի համապատասխանում ՀՆԱ-ում ՓՄՁ մասնակցությունը և այլն: Նիստը վարող Գագիկ Մինասյանը նկատեց, որ դա այսօրվա քննարկման թեմա չէ:
«Ես կարո՞ղ եմ պատասխանել»,- Գ. Մինասյանին հարցրեց Հրանտ Բագրատյանը և, ստանալով բացասական պատասխան, շարունակեց,- «Ախր նենց բաներ ա ասում, նենց բաներ ա ասում, պիտի խնդրել դուրս գալ էս դահլիճից»: Ս.Մնացականյանը, առանց լսելու Բագրատյանին՝ դեմքի դժգոհ արտահայտությամբ դուրս եկավ նիստերի դահլիճից և շտապ հեռացավ: