Աշխարհի 10 ամենահարուստ դինաստիաները
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենահարուստ մարդկանց 1 տոկոսն ունի ունեցվածք, որն իր արժեքով գերազանցում է աշխարհի մյուս բոլոր բնակիչների կարողությունը միասին վերցրած։ Elle.ru կայքը գրում է, որ դժվար է սրան հավատալ, քանի դեռ ծանոթ չեք աշխարհի 10 ամենահարուստ ընտանիքներին։ Ընդհանուր վերցված այս 10 ընտանիքների կարողությունը կազմում է 2 տրիլիոն դոլար։
1. Սաուդների ընտանիք՝ 1.4 տրիլիոն դոլար։ Աշխարհի ամենահարուստ դինաստիան ողջ Մերձավոր Արևելքի նավթի սեփականատերն է։ Սակայն արքայազն ալ-Վալիդ իբն Տալալ իբն Աբդել Ազիզը չի մոռանում բարեգործության մասին։ 2015թ. նա 32 միլիարդ դոլար է փոխանցել բարեգործական ֆոնդերի հաշվին։
2. Ուոլթոններ՝ 152 մլրդ դոլար։ Ուոլթոնները բիզնես միջավայր մտել են վերջերս՝ մոտավորապես կես դար առաջ։ Սակայն խանութը ցանցի վերածելու միտքը, որտեղ կարելի է գնել ամեն ինչ, ընտանիքին մեծ եկամուտներ ապահովեց։ Ուոլթոնները Wal-Mart-ի սեփանակատերերն են։ «Ես ծնողներիս միշտ ասել եմ, որ պատրաստվում եմ ամուսնանալ այնպիսի տղամարդու հետ, ով էներգիա և ուժ ունի։ Ինձ համար կարևոր էր, որ նա ցանկանար հաջողության հասնել։ Ես գտա նրան, ում փնտրում էի։ Ճիշտ է՝ ես երբեմն ծիծաղում եմ, որ մի փոքր շատ ջանք եմ գործադրել»,- մի առիթով ասել է դինաստիայի հիմնադիր Սեմ Ուոլթոնի կինը՝ Հելենը։
3. Կոխ՝ 80 մլրդ դոլար։ Չարլզ և Դեյվիդ եղբայրները գործող իշխանության գլխավոր սկանդալիստներն ու ընդդիմախոսներն են։ Նրանց գումարները ներդրված են ամենատարբեր ոլորտներում՝ խողովակների արտադրությունից մինչև զուգարանի թղթի արտադրություն, արժեթղթեր Mars-ում։ Նախագահական ընտրությունների ընթացքում նրանք սատարում էին Բարաք Օբամայի հակառակորդներին։ Նրանք աջակցում են ԼՋԲԹ համայնքի ներկայացուցիչներին։
4. Մարս՝ 60 մլրդ դոլար։ Քաղցրավենիքի համեստ բիզնեսը համեղ թագավորության վերածելը սկսվել է 20-րդ դարի 20-ական թթ.՝ այն բանից հետո, երբ Մարս ընտանիքը ստացավ նուգա կոնֆետների բաղադրության արտոնագիրը։ Հենց դա ընկած էր Milky Way, Mars, Snickers բատոնների հիմքում։ Ընտանեկան բիզնեսի ևս մեկ հաջողված տարբերակ են M&M’s դրաժեները։ Ընտանիքին պատկանող ընկերությունն արտադրում է նաև Pedigree և Whiskas կերերը՝ նախատեսված շների և կատուների համար։
5. Կարգիլ և Մակմիլան՝ 43 մլրդ դոլար։ Կարգիլները զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Մակմիլանները նրանց մի ճյուղն են, որը սկսվել է ընտանիքի գլխի՝ Ուիլյամ Կարգիլի փեսայից։ Նրա դստեր ամուսինն այնքան լավ դրսևորեց իրեն, որ վերջինս թույլ տվեց նրա ազգանունն ավելացնել ընտանեկան բիզնեսին։
6. Ջոնսոններ՝ 39 մլրդ դոլար։ Կես դար առաջ Ջոնսոնները սկսեցին մանրահատակ արտադրել, ապա անցան դրա համար նախատեսված խնամքի միջոցների արտադրությանը։ Մաքրող միջոցներն արդյունքում դարձան Ջոնսոնների ընտանեկան բիզնեսը և մինչ այսօր նրանց գումարով են ապահովում։ Ընտանիքն արժեթղթեր ունի նաև Ziploc ընկերությունում, որը պայուսակների արտադրությամբ է զբաղվում։
7. Հերստ՝ 35 մլրդ դոլար։ Ոչ միայն դոլարներով, այլև տաղանդներով հարուստ այս ընտանիքի պատմությունը սկսվել է Ուիլյամ Ռենդոլֆ Հերստից։ Նա տաբլոիդների ժանրի հայրն է։ Մեդիամագնատի թերթերում աշխատել են Մարկ Տվենն ու Ջեկ Լոնդոնը, նա եղել է Հիտլերի ընկերը։ Նրա որդին դարձավ լուրջ լրագրող, իսկ թոռնուհի Պատրիցիան՝ առևանգման հայտնի պատմության հերսուհին։
1974-ին նրան առևանգեցին ձախ ռադիկալները. նրանք գումար էին պահանջում, իսկ աղջկան պահում էին արկղի մեջ, բռնության ենթարկում։ Արդյունքում՝ Պատրիցիան կանգնեց նրանց կողքին և մասնակցեց մի շարք բանկեր թալանելուն։ Նա հինգ տարի անցկացրեց բանտում. այժմ նա ազատ է արձակվել և հանգիստ ապրում է ամուսնու, երեխաների ու թոռների հետ։
8. Կոքս՝ 32 մլրդ դոլար։ Ամեն ինչ սկսվեց 19-րդ դարի վերջում, երբ ընտանիքի հայրը գնեց Dayton Evening News թերթը։ Տարիների ընթացքում ընտանիքը ձեռք բերեց բազմաթիվ մեդիա ակտիվներ։ Նրանց պատկանում են տպագիր բազմաթիվ միջոցներ, ինչպես նաև՝ ռադիոալիքներ։
9. Թաիլանդի թագավորական ընտանիք՝ 30 մլրդ դոլար։ Թաիլանդի թագավոր Ռամա 9-րդը ղեկավարում է ոչ միայն երկիրը, այլև սեփական կլանը։ Ընտանիքի ունեցվածքը կազմում է 30 մլրդ դոլար։ Նա տնօրինում է ֆինանսական բոլոր միջոցները։ Միևնույն ժամանակ՝ Ռաման օրիգինալ և ստեղծագործող անհատ է՝ գրում է սիմֆոնիաներ, որոնք կատարում է թագավորական նվագախումբը երկրի լավագույն դահլիճներում, գրում է ջազ երգեր, հիանալի սաքսոֆոն նվագում։ Նա նաև շնորհալի նկարիչ է։ Նա բավական մեծ գումարներ է ծախսում Թաիլանդում գյուղատնտեսության զարգացման համար, ինչպես նաև ներդրումներ է կատարում նոր տեխնոլոգիաների ստեղծման համար։
10. Պրինցկերներ՝ 29 մլրդ դոլար։ Այսօր ընտանիքը մեկ ակտիվ ունի՝ Hyatt հյուրանոցների ցանց։ 3 տարի առաջ ընտանիքի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ ընտանիքի ներկայացուցիչներից մեկը՝ 62-ամյա Ջեյմսը, ով պրոֆեսիոնալ զինվորական է, հայտարարեց սեռը փոխելու մտադրության մասին։ Նա փոխեց անունը՝ Ջենիֆեր։ «Այս փոփոխություններն արտահայտում են, թե ինչպես է Ջենիֆերը զգում իր անհատականությունը։ Այժմ նա իրեն բիզնեսում, անձնական հարցերում նույնացնում է՝ որպես կին»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։ Խոսքերին հաջորդեցին գործողությունները, և Ջենիֆերն արտաքին տեսքով ևս դադարեց Ջեյմս լինել։ Մնացած ամեն ինչ մնաց նույնը. նա զբաղվում է հյուրանոցային ցանցով, ակտիվորեն աջակցում է տրանսգենդեր զինվորականներին։ Forbes-ի՝ 400 ամենահարուստ անձանց ցանկում նա նշվում է կանանց շարքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը